«Ապառաժ»-ը՝ վերադարձի հավատքով, շարունակում  է իր գործունեությունը  
Գլխավոր » Լրահոս » «Ապառաժ»-ը՝ վերադարձի հավատքով, շարունակում  է իր գործունեությունը  

«Ապառաժ»-ը՝ վերադարձի հավատքով, շարունակում  է իր գործունեությունը  

2023 թ-ի արցախյան ողբերգությունից հետո արցախյան մամուլը դադարեց գործել, դադարեցվել  էր նաեւ «Ապառաժ» երկշաբաթաթերթի  տպագրությունը, սակայն շարունակել է գործել «Ապառաժ» (www.aparaj.am)  կայքէջը, որը, անկախ ստեղծված իրավիճակից եւ դժվարություններից, չի դադարել իր գործունեությունը:

«Ապառաժ»-ն Արցախում հասանելի էր յուրաքանչյուրին, այժմ եւս նախատեսվում է օնլայն տարբերակով հասանելի դարձնել այն իր ընթերցողներին:

«Ապառաժ» (www.aparaj.am) կայքը վերաթարմացված շարունակելու է իր ուսումնասիրությունները Արցախի հասարակական, սոցիալական, քաղաքական հիմնախնդիրների շուրջ, լուսաբանելու է աշխարհում եւ համահայկական տիրույթում առկա իրադարձությունները, շարունակելու է բարձրաձայնել արցախահայության իրավունքների վերականգման եւ այդ համատեքստում միջազգային արդարադատությանը հասնելու Հայ դատի պայքարը,  խոսելու տարագիր Արցախի ժողովրդի ճակատագրի, առկա խնդիրների եւ դրանց ուղղված քայլերի ու լուծումների մասին։

«Ապառաժ»-ը (www.aparaj.am) պատրաստ է շարունակելու իր համագործակցությունը Արցախի մտավորականության, լրագրողական համայնքի հետ եւ լուսաբանելու Արցախի մշակութային, կրթական, համայնքային հաստատությունների աշխատանքները, որոնք շարունակում են իրենց  գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում։

«Ապառաժ»-ն Արցախում՝ որպես քաղաքական, հասարակական եւ գրական  թերթ, առաջին անգամ  հրատարակվել է 1917 թ-ին՝ Շուշի քաղաքում, երկար ընդմիջումից հետո այն հրատարկվել է 1991 թ-ին, լուսաբանել Արցախի ազատագրական պայքարի ընթացքը,  հայ ժողովրդի պայքարի ուղին՝ մինչեւ մեր օրեր, սերմանել գաղափարական եւ ազգային արժեքներ։  2020 թ-ի  44 օրյա պատերազմի ժամանակ եւս երկշաբաթաթերթի հրատարակությունն առժամանակ դադարեցվել եւ վերահրատարկվել էր 2021 թ-ի գարնանը, սակայն aparaj.am  կայքէջը, 2010թ-ից, բոլոր իրավիճակներում, շարունակել է իր գործունեությունը։

«Ապառաժ»-ը՝ վերադարձի հավատքով, շարունակում է իր գործունեությունը Հայաստանում, հավատարիմ մնալով իր ընթերցողներին:  

ԱՊԱՌԱԺ

1