Անտառահատումներ. էկոլոգիական վնասը, մասնագետների խնդիրը եւ ուշացող անտառաշինությունը
«Ապառաժ»-ը բնապահպանական նյութերի նախագիծ-շարք է սկսել՝ պարզելու համար, թե որքանով է Արցախում պահպանվում բնություն-մարդ, էկոլոգիա-տնտեսություն հավասարակշռվածությունը:
Նախագիծ—շարքի երրորդ թեման Արցախում գրանցվող անտառահատումներն են: Ի՞նչ ազդեցություն ունեն ծառերը բնության վրա, ինչպե՞ս են կազմակերպվում անտառների վերահսկողությունը, ինչպե՞ս են կառավարվում Արցախի անտառները եւ ի՞նչ աշխատանքներ են տարվում անտառաշինության ուղղությամբ: Այս ամենի մասին՝ ստորեւ.
Ի՞նչ ազդեցություն ունեն անտառները բնության վրա
Անտառները զգալիորեն ազդում են մթնոլորտում, երկրամերձ շերտում եւ որոշակի խորություններում տեղի ունեցող պրոցեսներին: Անտառները կապ են ստեղծում բոլոր ոլորտների միջեւ, մասնակցում են նյութի եւ էներգիայի շրջապտույտին: Շրջակա միջավայրի ոլորտներից անտառներն ազդում են՝
Ջրոլորտի վրա
Անտառը մասնակցում է բնության մեջ ջրի շրջապտույտին եւ այդպիսով կարգավորում ջրային հաշվեկշիռը: Անտառն ունակ է կուտակել ձյուն, պահում է հալոցքաջրերն ու անձրեւաջրերը՝ բարելավելով ջրավազանների ջրաբանական ռեժիմը, այդ թվում՝ նաեւ ստորերկրյա ջրերը: Դանդաղեցնելով գարնանը ձյան հալվելը, անտառները թուլացնում են գետերի վարարումը, օգնում ջրաքանակի հավասարակշտության պահպանմանը:
Հողերի վրա
Ազոտով եւ այլ տարրերով հարուստ անտառային թափվածքն արդյունքում դառնում է անտառային փռոցաշերտ եւ հումուս: Ծառերի արմատները թույլատրում են, որպեսզի ջուրը ներթափանցի առավել խորը շերտերը, որը նպաստում է աերացիայի երեւույթին, փոխում է խոնավության մակարդակը եւ ջրաթափանցելիությունը, հողերը պաշտպանում է աղակալումից: Հողերը ողողումից պաշտպանելու համար հատկապես կարեւոր են այն անտառները, որոնք գտնվում են մեծ թեքություններում: Անտառները կարողանում են սորուն ավազներն ամրացնել: Հողերի արգավանդ շերտերը հողմահարումից պաշտպանելու համար անգնահատելի դեր ունեն անտառները:
Եղանակի եւ կլիմայի վրա
Անտառները մեղմացնում են ջերմաստիճանի սեզոնային տատանումները, նվազեցնում քամու արագությունն ու ուժը: Տրանսպիրացիան եւ համեմատաբար մեղմ քամիները անտառների օդի խոնավությունը կարող են բարձրացնել 5-10 %-ով: Մեծ տարածքներ ընդգրկող անտառների ոչնչացումը կլիման դարձնում է առավել չոր, մեծանում է երաշտների հավանականությունը:
Ինչպե՞ս է կազմակերպվում անտառների վերահսկողությունն Արցախում
Արցախի 10,1 հազ. քառ.կմ հողային տարածքից «Արցախանտառ» ՊՈԱԿ-ի տարածքը կազմում է 2,51 հազ. քառ.կմ, որից 229641 հա-ն կազմում է անտառածածկ տարածքը:
Պետական անտառների վերահսկողությունը կազմակերպվում է պետական անտառային ծառայության միջոցով: Պետական անտառների բնապահպանական տեսանկյունից վերահսկողությունն իրականացնում է ԱՀ բնապահպանության եւ բնական ռեսուրսների աշխատակազմի բնապահպանական եւ ընդերքի պետական տեսչությունը:
Ինչպե՞ս են տրամադրում ծառահատման թույլտվությունները
ԱՀ բնապահպանության նախարարի տեղակալ Գարի Գրիգորյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է, որ տվյալ տարվա հաստատված բնափայտի մթերման հաշվարկային հատատեղի ֆոնդից ֆիզիկական անձանց բնափայտի հատկացումը վառելափայտի տեսքով տրամադրվում է անտառտնտեսությունների տրամադրած հատատեղերից բնափայտի բացթողման անդորրագրորի ձևակերպումից հետո: Գործափայտը բնակչությանը հատկացվում է՝ ըստ պետական լիազոր մարմին ներկայացված դիմումների և կից հայտի:
Գործափայտի դեպքում մասնակի կամ լրիվությամբ հայտը բավարարելու դեպքում «Արցախանտառ» ՊՈԱԿ ուղարկվում է գրություն համապատասխան ծավալի (քանակի) մթերման համար բնափայտ հատկացնելու՝ դուրս գրված անտառահատման տոմսի եւ անտառանյութի բացթողման անդորրագրի համաձայն:
Իրավաբանական անձանց բնափայտի (գործափայտի, վառելափայտի) ծավալի տրամադրումն իրականացվում է գրության եւ պետական լիազոր մարմնի կողմից հայտի քննարկումից հետո եւ «Արցախանտառ» ՊՈԱԿ միջոցով կնքված պայմանագրի, անտառահատման տոմսի եւ անտառանյութի բացթողման անդորրագրի ձեւակերպումից հետո:
Անտառահատումների վիճակագրությունը վերջին 6 տարիների կտրվածքով
2014-2019 թթ. հաստատված հաշվարկային հատատեղի բնափայտի հատման նախատեսված եւ փաստացի իրացված ծավալների վիճակագրությունը հետեւյալն է.
2019 թվականի վառելափայտի 99595 խ.մ վառելափայտի ծավալում հաշվառված է 10414 խ.մ վառելափայտի ծավալ 2018 թվականի հատատեղերի մնացորդներից:
Հատկանշական է նշել, որ ըստ «Հետք» ինտերնետային թերթի հրատարակման 2014-2018 թթ. Հայաստանում անտառահատումների ծավալը կազմել է 175.3 հազար խորանարդ մետր (մ³), Արցախում՝ 404.8 հազար մ³: Ստացվում է, որ Արցախում 2014-2018 թթ. 2,3 անգամ ավելի շատ է անտառ հատվել, քան Հայաստանում:
Ինչպե՞ս են կառավարվում Արցախի անտառները
Արցախի անտառների կառավարումը, ըստ գործող անտառային օրենսգրքի համապատասխան հոդվածների դրույթների, իրականացվում է ԱՀ կառավարության, պետական լիազորված մարմնի (ներկայումս ԱՀ բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարարության կողմից համակարգի բնական ռեսուրսների գործակալության եւ «Արցախանտառ» ՊՈԱԿ-ի միջոցով), պետական կառավարման տարածքային եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով` վերապահված իրավասությունների սահմաններում:
ԱՀ բնապահպանության նախարարի տեղակալ Գարի Գրիգորյանն ասում է, որ միայն օրենսգրքի ընդունումը, ինչպես նաեւ ոլորտին առնչվող ենթաօրենսդրական ակտերի հաստատումը բավական չէ կառավարումն ապահովելու համար:
«Հարկ է նշել, որ սովորաբար անտառների լիարժեք կառավարմանը բնորոշ են դրանց լիարժեք պահպանությունը, անհրաժեշտ պաշտպանությունը, բնական եւ արհեստական եղանակներով վերականգնումը եւ արդյունավետ օգտագործումը: Անտառների կայուն կառավարման համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան քանակության հաստիքներ եւ այդ հաստիքները զբաղեցնող մասնագետներ, մանավանդ անտառային պետական ծառայությունում, որը ըստ օրենքի իրականացնում է անտառների պահպանությունը եւ պաշտպանությունը:Անհնար է լիարժեք ապահովել անտառների կայուն կառավարման եւ վերահսկողության ոլորտը առանց մասնագետների, կամ այն իրականացնել «ոլորտին առնչվող այլ քաղծառայող մասնագետների միջոցով»,- ասում է Գարի Գրգորյանը:
Ի՞նչ աշխատանքներ են տարվում անտառաշինության ուղղությամբ
Որպես կանոն՝ անտառաշինությունը պետք է կատարվի 10 տարին մեկ: Սակայն Արցախի Հանրապետության պետական անտառային ֆոնդում, այդ թվում ազատագրված տարածքների անտառներում վերջին անգամ լիարժեք անտառաշինություն կատարվել է 1984 թվականին:
«Անհասկանալի անտառաշինություն կատարվել է 2001 թվականին Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համակարգում գործող գործակալության կողմից «Արցախնատառ» ՓԲԸ-ի միայն Տառնավազի անտառտնտեսության տարածքում, սակայն կատարված անտառաշինության նյութերից, որպես հիմք, անտառտնտեսության միջոցառումների պլանավորման համար «Արցախանտառ» ՊՓԲԸ-ն չի օգտվել: Անտառաշինության աշխատանքների դիմաց պետբյուջեից հատկացվել է մոտ 9 մլն դրամ: Լիարժեք անտառաշինության իրականացման համար պետական բյուջեից անհրաժեշտ է հատկացնել բավական լուրջ գումարներ»,- ասում է ԱՀ բնապահպանության նախարարի տեղակալ Գրիգորյանը:
Տարիներ շարունակ, անտառային օրենսգրքի համաձայն, տարեկան բնափայտի մթերման հաշվարկային հատատեղի ծավալը ԱՀ կառավարության կողմից անտառաշինական նախագծի բացակայության պատճառով հաստատվում է պետական լիազորված մարմնի կողմից ստեղծված մասնագիտական հանձնաժողովների փաստացի ուսումնասիրությունների եւ եզրակացությունների հիման վրա:
Արդյո՞ք քայլեր են ձեռնարկվում անտառվերականգնման եւ անտառապատման նպատակով
Անտառվերականգնման միջոցառումներ իրականացվում են պետական անտառային ֆոնդում անտառարդյունաբերական նշանակություն ունեցող ծառատեսակներով՝ առաջնությունը տալով սերմային վերարտադրությանը:
2019 թվականին «Արցախանտառ» ՊՈԱԿ-ի կողմից կատարվել է անտառի բնական վերականգնման օժանդակում 200 հա տարածության վրա, որոնք ուղղված են՝ նպաստելու անտառի սերմային բնական վերականգնմանը, ստեղծելու նորմալ պայմաններ սերմերի ծլման եւ աճի համար: Իրականացվել է ծառատունկ 25հա տարածքի վրա:
2020 թվականի ծրագրով նախատեսված է կատարել անտառի բնական օժանդակում եւս 200 հա տարածքի վրա, իրականացնել ծառատունկ 10 հա տարածքի վրա եւ նոր հիմնված անտառների տարածքներում կատարել խնամքի միջոցառումներ:
Էկոլոգիան՝ կշեռքին
2006 թվականի սեպտեմբերին ընդունված՝ Արցախի Հանրապետության անտառային օրենսգիրքը անտառղեկավարման կատարյալ ուղեցույց է, որն ուղենշում է անտառների օգտագործումը, տնօրինումը եւ անտառային տնտեսության վարումը՝ վնաս չհասցնելով շրջակա միջավայրին: Խնդիրը միայն այդ կատարյալ ուղեցույցով առաջնորդվելու մեջ է: Առաջնորդվու՞մ ենք…Այս հարցի պատասխանից է կախված՝ տարիներ անց սերունդները եւս հնարավորություն կունենա՞ն վայելելու եւ օգտագործելու երկրի բնական պաշարները, թե՞ ոչ:
Լուսինե Թեւոսյան