Անսասան է արցախցու՝ իր պատմական հայրենիքում ապրելու, արարելու կամքը․ Արթուր Թովմասյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Անսասան է արցախցու՝ իր պատմական հայրենիքում ապրելու, արարելու կամքը․ Արթուր Թովմասյան

Անսասան է արցախցու՝ իր պատմական հայրենիքում ապրելու, արարելու կամքը․ Արթուր Թովմասյան

Արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ Արցախյան շարժման 35-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ ու տոնական միջոցառում է տեղի ունեցել Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում:

Միջոցառմանը ելույթ է ունեցել ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, որը ներկայացնում ենք ստորև․

«ԱՀ մեծարգո նախագահ Արայիկ Հարությունյան, ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյան, ԱՀ երրորդ նախագահ Բակո Սահակյան, ՀԱՍԵ Արցախի թեմի առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան, Արցախյան շարժման հարգարժան նվիրյալներ, տիկնայք և պարոնայք։

Նախ և առաջ ողջունում ու շնորհավորում եմ բոլորիս՝ արցախյան ազգային — ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 35-ամյա հոբելյանի առթիվ:

Համայն հայության ճակատագրորեն երկատված այս հատվածի համար շարժումը, հիրավի, ունեցավ դարակազմիկ նշանակություն՝ իր ապագայի տեսլականը քարտեզագրելու, կանխորոշելու, տասնամյակների հպատակությունից ազատ ու անկախ ապրելակերպի հայտ ներկայացնելու տեսանկյունից:

Մեր հիշողությունների ժապավենը հետ պտտելով դեպի 1988թ. իրադարձություններ՝ մեկ անգամ ևս ոգևորվում ու հպարտանում ենք խորհրդային ժամանակների արցախյան սերնդի նախաձեռնած համազգային զարթոնքով: Ըստ արժանվույն գնահատում ենք խորհրդային կայսրապետության տոտալիտար ռեժիմին պատանդված և ազգային փոքրամասնություններից առաջինը գլուխ բարձրացրած արցախահայերի ըմբոստությունը։ Դա ոչ այլ ինչ էր, քան Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հայության ունեցած ճակատագրից խուսափում, իր պատմական հայրենիքում գոյապահպանական բացահայտ մարտականչ։

1988թ․ փետրվարյան օրերը նշանավորվեցին ԼՂԻՄ գրեթե բոլոր շրջաններում տեղի ունեցած ցույցերով ու միտինգներով, իսկ արդեն փետրվարի 13-ին Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում տեղի ունեցավ առաջին հանրահավաքը։

Ներկա պահին դահլիճում են Արցախյան շարժման ակտիվիստներ, ցույցերի և միտինգների կազմակերպիչներ։ Շնորհակալություն ձեզ ազգանվեր գործունեության համար։

Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ Արցախյան շարժումը՝ որպես արցախահայության ազգային-ազատագրական պայքար, ընդհատակյա կերպով առկա էր մինչև 1988թ․ զանգվածային ցույցերն ու միտինգները։ Դրդապատճառները տարբեր էին․ Խորհրդային Ադրբեջանի կազմում ԼՂԻՄ-ում պաշտոնական Բաքուն հետևողականորեն իրականացրել է հայատյաց քաղաքականություն, ինչը դրսևորվել է սպանություններով, առևանգումներով ու խոշտանգումներով, , բռնադատումներով ու բռնաճնշումներով։ Ադրբեջանը չի բավարարվել ֆիզիկական հետապնդումներով։ 70 տարիների ընթացքում ոչնչացրել է դարերի պատմություն ունեցող, հարուստ մշակութային ու հոգևոր ժառանգությունը՝ նպատակ ունենալով արցախահայությանը հեռացնել իր կրոնից ու հավատից։

Անշուշտ, արցախահայությունը չէր կարող համակերպվել այդ ամենին։ Իր ազգային նկարագիրը պահպանելու և հետագա էթնիկ ուծացումից խուսափելու միակ ելքն ու երաշխիքը Մայր հայրենիքին վերամիավորվելն էր:

Ի հիշեցումն նշեմ, որ ԼՂ հիմնախնդիրը՝ որպես միջազգային վեճ, առաջին անգամ ծագել է 1918թ․ Ռուսաստանի կայսրության փլուզումից հետո՝ անկախ դարձած Հայաստանի ու Ռուսաստանի միջև տարածքային սահմանազատման անհրաժեշտության կապակցությամբ։ Նույնիսկ Ազգերի լիգան Ղարաբաղը վիճելի կարգավիճակ ընդունեց, իսկ կարմիր բանակի կողմից հայկական երկրամասի բռնազավթումից հետո Ղարաբաղը մասնատվեց ու հանձնվեց Ադրբեջանին։ Դրանով իսկ Ղարաբաղյան հիմնախնդիրը հանվեց Փարիզի խաղաղ խորհրդաժողովի օրակարգից, որտեղ նախատեսված էր ԼՂ քաղաքական կարգավիճակի վերջնական հանգուցալուծումը։

Փաստորեն, Լեռնային Ղարաբաղը՝ պատմականորեն հայկական Արցախը, որն արդեն ճանաչված ու հռչակված էր, որպես Խորհրդային Հայաստանի անքակտելի մաս Խորհրդային Ադրբեջանին բռնակցվել է Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կովկասյան բյուրոյի 1921թ․ հունիսի 5-ի որոշմամբ։ Իրականում այդ որոշումը իրավական տեսակետից հիմնազուրկ էր, քանզի այն անգամ չի քննարկվել ու քվեարկության չի դրվել 3-րդ երկրի կուսակցական այդ մարմնում, որն ամենևին էլ օժտված չէր տարածքային հարցեր որոշելու իրավունքով։

Կովբյուրոյի որոշումը դարձյալ ձևականորեն հավասարեցվել է բազմակողմանի միջազգային պայմանագրի՝ համաձայն որի ԼՂ-ին պետք է տրամադրվեր լայն ինքնավարություն, սակայն խախտելով Կովբյուրոյի առանց այն էլ իրավական ուժ չունեցող որոշումը՝ Բաքուն 1923թ․ հունիսի 23-ի ընդունած դեկրետով մարզը կազմավորել է ԼՂ-ի մեկ հատվածի սահմաններում և երկրամասի բավականին մեծ շրջաններ՝ Քարվաճառ, Կովսական, Շահումյան և այլն թողնելով նրա սահմաններից դուրս։

Անցյալ դարի 60-ական թվականներին արցախահայ մի շարք մտավորականների՝ ԼՂԻՄ-ը մայր հայրենիքին վերամիավորելու փորձերն ու միջնորդությունները կասեցվեցին ազերիական պետանվտանգության աշխատակիցների կողմից, իսկ ԽՍՀՄ ղեկավարությունը թողեց դա անպատասխան։ Տարբեր տեսակի ճնշումների ու հետապնդումների հետեւանքով նրանց մի մասը հարկադրաբար լքեց հայրենի երկրամասը։

Այսպիսով՝ ԼՂԻՄ-ը 1923թ․ Ադրբեջանին բռնակցելուց հետո էլ բոլոր ժամանակներում արցախահայությունը առաջնորդված էր մայր Հայաստանին վերամիավորելու գաղափարական մղումներով։ Փառք ու պատիվ մտավորականության այդ սերնդի երախտավորներին։

Հարգելի՛ հյուրեր, Արցախյան շարժման իրավաքաղաքական գագաթնակետը 35 տարի առաջ այս օրն էր: Արտահայտելով հայկական ինքնավար երկրամասի բնակչության բացարձակ մեծամասնության կամքն ու ցանկությունը՝ ԼՂԻՄ-ի բարձրագույն ներկայացուցչական մարմնի մարզխորհրդի պատգամավորները, 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանում ԼՂԻՄ-ը Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմից դուրս գալու և Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը վերամիավորելու մասին պատմական որոշում կայացրին: Այդ որոշմամբ՝ արցախյան ազգային-ազատագրական շարժումը մտավ իրավական հարթություն:

Ի պատասխան՝ Բաքվի իշխանությունների կողմից մոլեգնեց հայատյացությունն ու արցախահայության հանդեպ վրեժխնդրությունը։ Մերժելով ԼՂԻՄ մարզխորհրդի միջնորդագիրը՝ ԽՍՀՄ իշխանությունների թողտվությամբ առավել տիպիկ արտահայտված հանցավոր անգործության ու անփութության պայմաններում Ադրբեջանը իրագործեց Սումգայիթի կոտորածը, որին հետևեցին Կիրովաբադի, Շամխորի, Շամախու, Բաքվի և Ադրբեջանի մյուս բնակավայրերի հայ բնակչության կոտորածները։ Շուրջ կես միլիոն հայ դարձավ փախստական։

Արցախահայությունը համառ էր։ Էթնիկ տիպական կենսակերպին հարիր իր կողահաստությամբ շարունակեց պայքարը՝ ընտրելով նոր մարտավարություն։ Այնուհետև, երբ Ադրբեջանը հայտարարեց իր անկախության մասին, 1991թ․ սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցած պատգամավորների մարզային ու Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանում որոշում կայացվեց ԼՂՀ հռչակագրի մասին միջազգային իրավունքի հիմնարար նորմերին ու սկզբունքներին համապատասխան։ Անկախ պետականության հռչակագրի ընդունումը ամրագրվեց 1991թ․ դեկտեմբերի 10-ի համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով, որի ընթացքում բնակչության ճնշող մեծամասնությունը արտահայտվել է Ադրբեջանից ԼՂԻՄ անկախացման օգտին։

Մեր ժողովրդի ինքնորոշման սահմանադրական իրավունքի խաղաղ իրացմանը հակառակ՝ Ադրբեջանը առաջնորդվել է հիմնախնդիրը հանգուցալուծելու ուժի կիրառման տարբերակով: Ղարաբաղին պարտադրվեց լայնածավալ պատերազմ։ 1992-1994թթ․ ադրբեջանաղարաբաղյան 1-ին պատերազմն ավարտվեց մեր նորանկախ պետությունը շրջափակած ադրբեջանական ռազմական հենակետերի ոչնչացմամբ ու տարածքների ազատագրմամբ, որոնք փաստորեն շեշտակի նվազեցրին մեր բնակավայրերի վրա հակառակորդի թիրախավորման ու խոցելիության ռազմական հնարավորությունները, ապահովվեց անվտանգության գոտի։

1994թ․ մայիսի 12-ի բիշքեկյան եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո Ադրբեջանն այնուամենայնիվ չհրաժարվեց Արցախյան հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մտքից։ Ադրբեջանի իշխանությունների սանձազերծած 2016թ․ ապրիլյան և Թուրքիայի ու միջազգային ահաբեկչական ուժերի ներգրավմամբ 2020թ․ աշնանային պատերազմները վերահաստատեցին ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության անթաքույց ու հեռագնա նենգ մտադրությունները:

Գլուխ ենք խոնարհում Արցախյան բոլոր պատերազմներում նահատակված մեր քաջարի զինվորների առջև։

2020թ․ աշնանային նախադեպն ու ծավալները չունեցած պատերազմը մեզ կանգնեցրել է լուրջ մարտահրավերների առջև։ Մենք կանգնած ենք անցյալից դասեր առնելու, լավագույնը ընդօրինակելու, կատարվածը հանրագումարի բերելու հրամայականի առջև։

Ներկա դրությամբ առաջնահերթ խնդիրը երկրի հուսալի անվտանգության ապահովում է, որն իրականացնում են ՌԴ խաղաղապահ ուժերն ու ԱՀ ՊԲ զորակազմը։ Պատեհ առիթ է այս ամբիոնից շնորհակալություն հայտնել ՌԴ-ին՝ խաղաղապահ առաքելության համար։ Պետք է նաև խոստովանել, որ խաղաղապահ ուժերին չի հաջողվում լիարժեք իրականացնել 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով ստանձնած պարտավորությունները։

Արցախի Հանրապետության առջև ծառացած հիմնախնդիրները հետպատերազմական ժամանակաընթացքում ավելի խորացան: Իշխանությունների կողմից արվում է հնարավորը՝ բռնազավթված տարածքներից տեղահանված տասնյակ հազարավոր քաղաքացիների բնակարաններով ապահովելու, նրանց զբաղվածության ու սոցիալական պայմանների բարելավաման ուղղությամբ։

Առաջնահերթությունների շարքում է կաթվածահար տնտեսության, ենթակառուցվածքների վերականգնումը: Սակայն 2022 թվականի դեկտեմբերի 12-ից, երբ Ադրբեջանը պաշարման մեջ առավ Արցախը, խափանվեց այդ ծրագրերի իրականացումը: Ադրբեջանը, օգտվելով ռուս-ուկրաինական հակամարտության ձգձգվող իրավիճակից, փորձում է օգտվել պահից և հնարավորինս հասնել առավելագույնին։ Նպատակ ունենալով էթնիկ զտում իրականացնել Արցախում՝ Ադրբեջանը հումանիտար աննախադեպ աղետ է առաջացրել՝ հույս ունենալով հայաթափել Արցախը: Վստահ եմ, որ այս արհեստածին դժվարությունները ևս կհաղթահարենք:

Մեր ազգային հպարտությունն աներեր է: Այն ոչ ոք չի կարող խաթարել: Մենք վճռական ենք մեր պայքարում: Անսասան է իր պատմական հայրենիքում ապրելու, արարելու արցախցու կամքը։

Ելույթի ավարտից առաջ ևս մեկ կարևոր նկատառում․ իրավիճակի թելադրանքով Արցախյան շարժման հերթական հոբելյանը տոնում ենք համեստ ձևաչափով, բայց և այնպես հավատացած եղեք, որ մեր պատմական-առանցքային նշանակության բոլոր հոբելյաններն ապագայում կդիմավորենք տոնական տրամադրությամբ։

Աստված պահապան հայկական երկու հանրապետություններին»:

1