Անպայման նորից երգելու ենք Շուշիի բեմից. Մանան Ավետիսյան
Գլխավոր » Լրահոս » Անպայման նորից երգելու ենք Շուշիի բեմից. Մանան Ավետիսյան

Անպայման նորից երգելու ենք Շուշիի բեմից. Մանան Ավետիսյան

«Վարանդա» երգչախմբի 30-ամյակը նշվում է Ստեփանակերտում, բեմում են երգչախմբի հին ու նոր անդամները: «Երգող Արցախ» խորագրով համերգը երկրորդ տարին է ընթանում: Փոխվել է առաքելության ձևաչափը, վայրը. երգչախմբին միացել են Հադրութից, Ստեփանակերտից, այլ վայրերից երեխաներ:

«Ապառաժ»-ը զրուցել է «Վարանդա» երգչախմբի նախկին սան Մանան Ավետիսյանի հետ.

1997-ից հաճախում եմ «Վարանդա» երգչախումբ: 1996թ., երբ տեղափոխվեցի Շուշի, առաջին տպավորությունս այն էր, որ ինչ-որ երեխաներ ոմն պարոն Զաքարի էին ճանապարհում, ու ինձ համար հետաքրքիր էր արդեն՝ պարոն Զաքարն ով է. այդ ժամանակ 6 տարեկան էի: Ես էլ իրենց հետ սպասեցի և հաջորդ տարվանից մասնակցեցի պարապմունքներին, ու ոչ միայն ես, մեր ընտանիքի 4 երեխաները: Երգչախումբը հոգևոր սնունդ, միասնականություն է տվել: «Վարանդա» երգչախումբը մի մեծ ընտանիք է, որտեղ ամեն տարի սրտի թրթիռով սպասում էինք, թե երբ պիտի գա ամառը, որ պարոն Զաքարը վերադառնա:

25 տարի շարունակ երգել եմ երգչախմբում, հիմա տեղափոխվել ենք Ստեփանակերտ: Այսօրվա դրությամբ մի աղջիկս երգում է երգչախմբում, մյուսն էլ մասնակցում է պարապմունքներին, բայց դեռ բեմում չէ: Շատ հուզված եմ, որ այսօր աղջիկս է բեմում, ու սրտի թրթիռով սպասում եմ, որ մի օր անպայման Շուշի ենք վերադառնալու ու անպայման երգելու ենք Շուշիի բեմից, որովհետև Շուշին մերն է, մերն է մնալու: Հենց դա է սովորեցնում պարոն Զաքարը իր երգերի, իր նվիրվածության շնորհիվ՝ թե՛ Լիբանանից գալով, թե՛ Սփյուռքը, հայերի միասնականությունը ցույց տալով: «Երգող Արցախ»-ը խորհրդանշում է, որ այսքան վատ դեպքերից, այս պատերազմից հետո ունենք այն գաղափարը, որ մեզ ոչ ոք ծնկի չի բերի, ու մենք երգելու ենք՝ աշխարհի որ ծայրում էլ լինենք:

«Վարանդա» երգչախմբի նախկին ու ներկա սաներն իրենց ուսուցչի համերգին անակնկալ բեմ են բարձրացել

1