Անկախության սաղմը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » «Ապառաժ»-ի խմբագրական » Անկախության սաղմը

Անկախության սաղմը

1988 թ. փետրվարի 13-ից ԼՂԻՄ-ի շրջկենտրոններում և Ստեփանակերտ քաղաքում սկսվեցին զանգվածային ցույցեր և հանրահավաքներ՝ պահանջելով Արցախի միացումը մայր հայրենիքին: Ժողովրդի պոռթկմանը իրավական լուծում տրվեց փետրվարի 20-ին: 1988 թ. փետրվարի 20-ին, ադրբեջանական ճնշումներին հակառակ, ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների 20-րդ գումարման խորհրդի արտահերթ նստաշրջանը գումարվեց, որի արդյունքում որոշում ընդունվեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին խնդրանքով՝ «խորապես ըմբռնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ձգտումները և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցը, միաժամանակ միջնորդել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առջև ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցին դրական լուծում տալու համար»:

 Այս որոշման կայացումը համարվում  է Արցախի ազատագրական պայքարի մեկնարկ, և փետրվարի 20-ը այդ առիթով հիշատակվում է որպես «Արցախի վերածննդի օր»: Առաջին հայացքից Ադրբեջանին և Հայաստանին պարզապես խնդրանքով դիմելու որոշումը թվում է անմեղ քայլ: Սակայն պետք է նկատի ունենալ, որ այդ ժամանակահատվածում Խորհրդային միության համակարգում մինչև իսկ գյուղական խորհուրդների որոշումները թելադրվում էին վերին մարմնի կողմից և վերջին հաշվով հավանության արժանանում «կենտրոնում»՝ Մոսկվայում: Իհարկե, 1990 թվականից, երբ Միխայիլ Գորբաչովը դարձավ ԽՍՀՄ նախագահ, հայտարարեց «վերակառուցման և հրապարակայնության» քաղաքականության մասին, սակայն Խորհրդային միության համակարգից ելնելով՝ կենտրոնական իշխանության պատկերացմամբ հնարավոր էր կառավարել հրապարակայնացումն ու վերակառուցումը ևս:

ԼՂԻՄ Գերագույն խորհրդի փետրվարի 20-ին որոշումը Խորհրդային միության համակարգում դարձավ առաջին պոռթկումը, որը չենթարկվեց «կենտրոնի» հակակշռին: Հենց այդ առանձնահատկությունից ելնելով է, որ Արցախյան փետրվարյան իրադարձությունները համարվում են անկյունադարձային ոչ միայն հայ իրականության մեջ, այլև Խորհրդային միության փլուզման հոլովույթում:

Ահա թե որտեղ է թաքնված ինքնուրույն որոշում կայացնելու հզորությունն իր մեջ պարունակող հսկայական ներուժը, որի շուրջ և որի ձգողական ուժի շնորհիվ կարելի է առաջացնել համաշխարհային նշանակություն ունեցող իրադարձություններ: Ինքնուրույն որոշում կայացնելու կամքն ու վճռականությունը վարակիչ դարձան նախևառաջ հայ ժողովրդի և ապա Խորհրդային համակարգին ենթակա բոլոր ժողովուրդների մոտ: Հայաստանի անկախության սաղմը, անկախանալու մտայնությունն ու ձգտումը բխում են հենց ինքնուրույն որոշում կայացնելու կարողությունից և դրա արդյունքները վայելելու կամքի առկայությունից:

Այսօր, երբ սասանվել են հայկական պետականության հիմքերը, իրականության մեջ ապիկար իշխանությունների պատճառով ինքնուրույն որոշում կայացնելու հնարավորությունն է խաթարվել: Ինքնուրույն որոշում կայացնելն ու անկախ պետականության լինելիությունն ուղղակի կապված են միմյանց, և մեկի գոյությունը երաշխավորվում է մյուսի առկայությամբ:

Փետրվարի 20-ի խորհուրդը փաստում է, որ յուրաքանչյուր հավաքական ուժ կարող է իր ինքնուրույն որոշմամբ ստիպել շատ ավելի ուժեղներին հաշվի նստել իր որոշման հետ և հանուն իրավունքի վերականգման իրականացնել հաճախ անիրականանալի թվացող տեսլականներն ու իղձերը:

«Ապառաժ»-ի խմբագրական,

17 փետրվար, 2022թ.

1