Անկախության հռչակագիրն ու ՀՀ ներկա իշխանության վախերը
Գլխավոր » «Ապառաժ»-ի խմբագրական » Անկախության հռչակագիրն ու ՀՀ ներկա իշխանության վախերը

Անկախության հռչակագիրն ու ՀՀ ներկա իշխանության վախերը

2018-ից ի վեր Հայաստանն առաջընթացի անվան տակ՝ հետընթաց է արձանագրում բոլոր ասպարեզներում, հատկապես ազգային օրակարգերի հետապնդման իմաստով։ Հայաստանի շուրջն այսօր ստեղծված անվտանգային համակարգն ուղղակիորեն Ադրբեջանի եւ Թուրքիայի ազդեցության տիրույթում է։ 

ՀՀ ներկա իշխանությունները հրաժարվելով Արցախից՝ շարունակում են հրաժարվել ազգային առաջնահերթություններից։ Անկախության հռչակագրի վախերը թերեւս դրա վառ ապացույցն են։ Ադրբեջանի կողմից պատերազմի սպառնալիքի եւ ճնշման տակ՝ Հայասատանը շարունակում է ոչ միայն զիջել տարածքներ, այլեւ իր՝ որպես իրավական  պետություն, իրավունքը։

Անկախության հռչակագրում հստակ արձանագրված է ազգային եւ պետական առաջնահերթություններն ու պարտավորությունները. «11. Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:

Արդյո՞ք ՀՀ ներկա իշխանական վարչակարգի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացը կասկածի տակ դնելը՝ հրաժարումն է ազգային պահանջատիրությունից եւ առաջնահերթությունից եւ արդյո՞ք Արցախի կորուստը հանդուրժելուց հետո՝ սա էլ կհանդուրժվի։  

Անզոր, տկար եւ սեփական օրակարգը չթելադրող, ազգային շահերը ոտնահարող, պատմական արդարությունն ու սեփական իրավունքը զիջող վարչակարգը չի կարող կասկածի տակ դնել հայոց բազմադարյա հերոսական պատմությունն ու պահանջատիրությունը։

Հայաստանի ժողովուրդը 1990-ին պատմական որոշում կայացրեց` անկախությունն ընտրելով որպես միակ հնարավոր ելք և երկրի զարգացման առաջնահերթություն: Հայաստանի անկախության հռչակագիրը Հայաստանի ժողովրդի միասնական կամքն էր, որով իմաստավորվեց հայկական երկու պետականությունների կերտումը եւ արցախյան առաջին պատերազմում հաղթանակը։ Հռչակագրով սահմանվել է Հայոց պետականության վերաստեղծման նպատակն ու ուղին, որից հրաժարվելով, ընդհանրապես հարցականի տակ է դրվում պետականության գոյափիլիսոփայությունը։

Այսօր կասկածի տակ դնել պետության հիմնադրման առանցքային փաստաթուղթը, որի հիմքում ազգային պահանջատիրությունն ու այդ ճանապարհին արձանագրած հաղթանակներն են՝ նշանակում է հրաժարվել արդարության իրավունքի հետապնդման օրակարգից եւ նվիրական պայքարից։

Ազգային իրավունքի համար պայքարը  պետության կենսունակության շարժիչ ուժն ու հարատևման բանալին է։ Եթե վճռակամ ենք հայ ժողովրդի լինելիության հաստատմանը, բացի պայքարի ուղղուց՝ այլ ելք չունենք։

Հ․Շինդյան

«Ապառաժ»  խմբագրական

Նոյեմբեր, 2024թ

1