Անկախ, ազատ եւ միացյալ Հայրենիքի կերտումը դժվարին եւ երկարատեւ գործընթաց է, այն պահանջում է իրարահաջորդ սերունդների հետեւողական եւ ստեղծարար աշխատանք
Գլխավոր » Լրահոս » Անկախ, ազատ եւ միացյալ Հայրենիքի կերտումը դժվարին եւ երկարատեւ գործընթաց է, այն պահանջում է իրարահաջորդ սերունդների հետեւողական եւ ստեղծարար աշխատանք

Անկախ, ազատ եւ միացյալ Հայրենիքի կերտումը դժվարին եւ երկարատեւ գործընթաց է, այն պահանջում է իրարահաջորդ սերունդների հետեւողական եւ ստեղծարար աշխատանք

Yerkir.am-ի նախկին խմբագիր Գայանե Մանուկյան-ը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«2015թ. Ապրիլի 24-ի նախաշեմին տեղի ունեցավ պետականակերտ հիմնարար ձեռքբերումներն ինչ — որ իմաստով հանրագումարի բերող իրադարձություն` ընդունվեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը:

Այն իր բովանդակությամբ, ընդունման ձեւով եւ սկզբունքներով կոչված էր պատմական նշանակություն ունենալ հայ ժողովրդի համար: Համընդգրկուն եւ հավասարակշռված նման փաստաթղթի ընդունումն ուներ ներազգային ու արտաքին քաղաքական մեծ ազդեցություն եւ եւս մեկ վկայությունն էր կայացած համահայկական միասնականության:

ա. աշխարհընկալման առումով Հայ ժողովուրդը հանդես է գալիս իբրեւ պետականությունը վերստեղծած, հաղթող ժողովուրդների ընտանիքում, երկու աշխարհամարտերում հանուն քաղաքակրթության մեծագույն զոհեր տված եւ այնուհանդերձ սեփական գոյությունը զենքով պաշտպանած միավոր: Պայքարը շարունակելու նրա վճռականությունը հենված է միջազգային իրավունքի եւ համայն մարդկության դեմ կատարված հանցագործության պատժի անժամանցելիության հաստատման վրա:

բ. Քաղաքական նպատակների առումով Հռչակագիրը հստակ կերպով ներկայացնում է Ցեղասպանության միջազգային ճանաչման համար մղվող պայքարի անքակտելի միասնությունը Պահանջատիրության հետ: Հայրենազրկումը՝ իբրեւ Ցեղասպանության մեծագույն հետեւանքի ներկայացումն ու հատուցման համապարփակ թղթածրարի ձեւավորման գործընթացի ազդարարում, ինքնին կարեւորագույն ուղի է մատնանշում: Խիստ հատկանշական է, որ շեշտադրումը կատարվում է միջազգային կառույցներում, ժողովուրդների եւ պետությունների առաջ պատմական արդարությունը վերականգնելու իրավունքի հարցի արծարծման վրա: Սեւրի պայմանագրի եւ Վ.Վիլսոնի անժամանցելի իրավարար վճռի հիշատակումն ունի մեծ քաղաքական նշանակություն: Այդպիսով՝ ՀՀ-ն ստանում է անանց կիրառելի արժեք ունեցող իրավական լուծման հետապնդման հնարավորությունը:

գ. Ներհայկական միասնականության առումով Հռչակագրում հայ ժողովրդի վերածննդի, ազգային-հոգեւոր կյանքի վերընձյուղման, հայկական Սփյուռքի գոյացման, հայրենադարձության եւ պայքարով պետականությունը վերստեղծելու, Սարդարապատի եւ Արցախյան ազատամարտի հիշատակումները կոչ են համայն հայությանը հպարտությամբ եւ վստահությամբ նայելու ապագային: Սա սեփական ուժերին ապավինելու եւ միասնականությունն իբրեւ զարգացման կռվան դիտելու սկզբունքի հռչակումն է ըստ էության: Հռչակագիրն ավարտվում է մեր ժողովրդի առջեւ ծառացած հիմնական նպատակների թվարկմամբ, ուր առկա են և՛ ընթացիկ ռազմավարական նշանակության խնդիրները, և՛ մեր համազգային տեսլականին քայլ առ քայլ հասնելու վճռականությունը:

Անկախ, Ազատ եւ Միացյալ Հայրենիքի կերտումը դժվարին եւ երկարատեւ գործընթաց է, այն պահանջում է իրարահաջորդ սերունդների հետեւողական եւ ստեղծարար աշխատանք, եթե գործընթացը չընդհատվի դավաճան, սրբապիղծ ձեռքով»:

1