Անկարան լավատեսության իմիտացիա է ստեղծում. Շահան Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։
— Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հրաժարվել է հանդիպել Թուրքիայի նախագահի հետ։ Սա ի՞նչ հետևանք կարող է ունենալ Սիրիա-Թուրքիա հարաբերությունների վրա, և ի՞նչ ազդեցություն՝ տարածաշրջանի վրա։
— Դամասկոս-Անկարա հարաբերությունների սառեցումը, ապասառեցման միտումների տեսանելիությունը և հռետորաբանության ներկա տոնայնությունը անպայման պետք է դիտարկել Անկարա-Մոսկվա հարաբերությունների վայրիվերումների հետ պայմանավորվածությամբ։ Հիշենք Մոսկվայում կայացած քառակողմ հանդիպումը և այնտեղ Դամասկոսի ներկայացուցչի հնչեցրած խիստ պայմանները Անկարային։ Դամասկոսն այժմ ասում է, որ առաջնային օրակարգը Անկարայի հետ պիտի լինի թուրքական զորքերի հեռացումը սիրիական տարածքներից։ Առաստաղի՝ նման բարձրացում չէր լինի առանց Մոսկվայի հետ համաձայնեցնելու։ Իսկ դա արդեն Մոսկվա-Անկարա ռազմաքաղաքական առևտրի կարևորագույն թեմաներից է։
— «Հացահատիկային գործարքի» վերսկսման հավանականություն տեսնու՞մ եք, և ի՞նչ է ակնկալում Ռուսաստանը, որ վերսկսի գործարքը։
— Ըստ էության, սա ևս մարդասիրական, համաշխարհային սննդի բնույթ ունի, սակայն քաղաքական մեծ առևտրի համար օգտագործելի խաղաթուղթ է։ Ամեն ինչ կախված է հրադադարի տեւական համաձայնությունից, Արևմուտքի կողմից Ուկրաինային շարունակվող տարաբնույթ օժանդակությունների ծավալից և, մեծ հաշվով, հավաքական Արևմուտք-Ռուսաստան տարանաձգություններից և, ենթահաշվով, Մոսկվա-Անկարա «բազարից»։ Այս բոլոր հանգամանքները նկատի ունենալով՝ չեմ կարծում, որ արագ կվերսկսի գործարքը։
— Էրդողանն, անդրադառնալով Հարավային կովկասում տիրող իրավիճակին, նշել է, որ այս պահին «Հարավային Կովկասում մնայուն խաղաղության կարևոր հնարավորություն է ստեղծվել»: Ինչպե՞ս եք մեկնաբանում այս հայտարարությունը․ մեսիջն ու՞մ է ուղղված։
— Առաջին անգամը չէ, որ պաշտոնական Անկարան նման «լավատեսություն է» հաղորդում։ Կարծում եմ՝ իմիտացիա է, և ավելի շուտ՝ թուրք-ադրբեջանական շտապողականությանը նպաստող հայտարարություն։ Միաժամանակ, հայկական կողմն վրա պատասխանատվություն բարդելու քայլ։ Իբր, գործընթացը գնում էր նորմալ հունով, սակայն հայկական կողմը իրենից ակնկալված քայլերը չի իրականացնում։
— Ադրբեջանական կողմը, խոսելով Արցախում ստեղծված իրավիճակի մասին, ասել է, որ հարցն արհեստական քաղաքականացվում է։ Նրանք ասում են՝ երբ սոված եք, չպետք է պայմաններ թելադրեք ու տարբերություն դնեք, թե որ ճանապարհով է հասնելու սպասված սննդամթերքը։ Ադրբեջանի այս հայտարարությունները Հայաստանի համար ավելի չե՞ն բարդացնում իրավիճակը, քանզի այս ձևակերպումները տեղավորվում են հումանիտար խնդիրների համատեքստում։
— Սա արդեն հակասում է էրդողանական «լավատեսությանը» և խնդիրների պատասխանատվությունը դնում հայկական կողմի վրա։ Պարզ է մանիպուլյացիայի նպատակը։ Աղդամի կամ Ֆիզուլիի մարդասիրական ճանապարհի ծրագիրը պարզապես Ադրբեջանի առաջ քաշած ինտեգրացիայի օրակարգն է։ Ըստ էության, խոսում են մարդասիրականից, սակայն փորձում իրականացնել զուտ քաղաքական օրակարգ։
Հայկ Մագոյան