Անկարան կաթիլային գործողություններ է ձեռնարկում
Գլխավոր » Լրահոս » Անկարան կաթիլային գործողություններ է ձեռնարկում

Անկարան կաթիլային գործողություններ է ձեռնարկում

Թուրքիան վերացրել է Հայաստանի հետ ուղիղ ավիափոխադրումների խոչընդոտները։ Այս քայլը  Անկարայի կողմից նախանշո՞ւմ է գործընթացի նոր մեկնարկ։

Նոյյան Տապանի հարցին պատասխանում է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանը։ Չեմ կարծում, որ գործընթացի նոր մեկնարկային նշանակություն ունի այս քայլը։

Դա նախատեսված էր եւ այս մասին հայտարարվել էր արդեն․ ընդամենը կաթիլային գործընթաց է գնում։ Անկարան ամեն ինչ փոխկապակցում է Երևան-Բաքու հարաբերությունների հետ։ Հիմա նոր երանգներ են տեսանելի դառնում։  Դիվանագիտական լեզվով ամբողջ գործընթացը բանաձևել է Երևանի հետ հարաբերությունների հետ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Քլըչը․ նա, ընդգծելով հանդերձ երկու գործընթացների փոխկապակցվածությունը, այդուհանդերձ հաստատել է, որ Երևան-Անկարա գործընթացը բացառապես երկկողմանի ձևաչափով է ընթանում։ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչն ասել է, որ առաջադրանքը երկու սահմանային անցակետ ունենալն է՝ մեկը երկաթուղային, մյուսը մեքենաների։ Ապաշրջափակման մասին խոսելով՝ Քլըչը ուղերձ է հղել միջազգային ընտանիքին, որ բացվող ճանապարհը Ռուսաստանի համար մեծ նշանակություն է ունենալու մանավանդ տնտեսական պատժամիջոցների մեկուսացման քաղաքականության պայմաններում։ Ուղերձն ուղղված է միջազգային ընտանիքին, նաև Մոսկվային։

Չմոռանանք սակայն, որ մեկ կողմից ապաշրջափակման տարածաշրջանային տարողության մասին խոսելով, մյուս կողմից Արցախի շրջափակումը արդարացնելով՝ Անկարան ընդամենը կաթիլային քայլ է առնում Երևանի ուղղությամբ՝ տարածաշրջանում գլխավոր խաղացողի դերի պահպանման առաջադրանքով։

nt.am

1