Անհրաժեշտ է, որ ՄԱԿ-ը ուղղի Ադրբեջանում իր ներկայացուցչի թույլ տված սխալը. Շահան Գանտահարյան
Գլխավոր » Լրահոս » Անհրաժեշտ է, որ ՄԱԿ-ը ուղղի Ադրբեջանում իր ներկայացուցչի թույլ տված սխալը. Շահան Գանտահարյան

Անհրաժեշտ է, որ ՄԱԿ-ը ուղղի Ադրբեջանում իր ներկայացուցչի թույլ տված սխալը. Շահան Գանտահարյան

«Նոյյան Տապան»-ի զրուցակիցն է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր,  միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։ 

-Պարոն Գանտահարյան, Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգողի պաշտոնակատարին խիստ բողոքի հայտագիր է ներկայացրել Շուշիում Ադրբեջանի ՄԱԿ-ին անդամակցության միջոցառմանը մասնակցելու համար։ Ձեր գնահատականը։  

-Կարծում եմ, որ Երեւանի բողոքը օրինաչափ է․ այնպայման պիտի  նկատել նաեւ Արցախի Հանրապետության արտգործ նախարարության բողոքը, որ նման գործողությամբ Բաքուն փորձում է օրինականացնել իր բռնագրավումները։ Ադրբեջանում ՄԱԿ-ի ներկայացուցչի կատարած քայլերը միջազգային հանրության ընդհանուր շրջագծում ինքնահակասական բաղադրատարրեր են ներառնում։  

Միջազգային ընտանիքը լիազորել է ԵԱՀԿ-ի ՄԽ-ի համանախագահական ձեւաչափը հարցի կարգավորման համար։ Երբ ՄԱԿ-ի անվտանգության մնայուն խորհրդի անդամ երկրներ, որոնք համանախագահում են միջնորդական առաքելությանը հայտարարում են, որ կարգավիճակի խնդիրը չի լուծվել, դա  ենթադրում է, որ Շուշիի կարգավորումը եւս  ճշտելի է։ Նման քայլով ՄԱԿ-Ի ներկայացուցիչը հակասում է այս դիրքորոշմանը։ 

 Պատահական չէր, որ համանախագահող երկրների Ադրբեջանում հավատարմագրված դեսպանները նախապես մերժեցին գնալ Շուշի, անտեսելով Բաքվի հրավերը։ Սա պարզ փաստ է հակամարտության կարգավորման առկախ լինելու կամ կարգավիճակի հարցի չլուծված լինելու մասին։  

Ադրբեջանում ՄԱԿ-ի ներկայացուցիչը սխալ է թույլ տվել, հակասելով միջազգային ընտանիքի լիազորած միջնորդական առաքելության որդեգրած սկզբունքներին եւ հրապարակած հայտարարություններին։ Անհրաժեշտ է, որ ՄԱԿ-ը ուղղի իր ներկայացուցչի թույլ տված սխալը։ 

1