Անհնազանդության ակցիա Նախագահական նստավայրի դիմաց
Գլխավոր » Լրահոս » Անհնազանդության ակցիա Նախագահական նստավայրի դիմաց

Անհնազանդության ակցիա Նախագահական նստավայրի դիմաց

Այսօր՝ մայիսի 25-ին՝ առավոտյան ժամը 8-ից «Դիմադրություն» շարժման ակցիայի մասնակիցները ՀՀ կապիտուլյացիոն իշխանությունների հեռացման պահանջով փակել էին ՀՀ նախագահականի և Անվտանգության խորհրդի քարտուղարության շենքերը:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը շրջափակված նախագահականի դիմաց հայտարարեց, որ այսօր 155 աշխատակից չի կարողացել մտնել շենք:

Անտերության մատնված երկրի նախագահ Վահագն Խաչատուրյանը, որի նախագահական կյանքի միակ ուշագրավ իրադարձությունը Լիտվայի նախագահի առջև դաշնամուր նվագելն էր, և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, որն ամեն կերպ ցանկանում է Արցախը ճանաչել որպես Ադրբեջանի մաս, կարող են հանգիստ չգնալ «աշխատանքի»: 

Այդ շենքերում մնացել են միայն հավաքարարները, որոնք պետությանն ավելի մեծ օգուտ են տալիս, քան պետական այս երկու ինստիտուտները` նախագահականն ու ԱԽՔ-ն: Երկուսի ղեկավարների բացակայությունն աշխատանքից ոչ մի կերպ չի վնասի Հայաստանին կամ Արցախին, քանզի երկուսն էլ անգործության են մատնված:

Ավելին՝ գործի չներկայանալու պարագայում նրանք հնարավորություն կունենան չմասնակցելու փաշինյանական վարչակազմի կողմից Արցախի հանձնման, Հայաստանի անվտանգությանն ուղղված սպառնալիքի աճի և օրեցօր շարունակվող ազգային խայտառակությանը, դավադիր գործողություններին, քանզի «աշխատանքի» գալիս նրանք զբաղվում են թուրքական շահի պաշտպանությամբ: Հետևաբար՝ Հայաստանի և Արցախի ազգային ու պետական շահը պահանջում է, որ փաշինյանական դավաճանությանը մասնակից այս երկու ինստիտուտներն այլևս չգործեն` ի շահ պետականության:

Փաստացի, Հայաստանի ճակատագիրն այսօր որոշվում է փողոցում, հրապարակներում. երկրում չկա ազգային-պետական իշխանություն, կա փողոցում գտնվող ժողովրդի իշխանություն, որը փորձում է կասեցնել ազգային պետականության անկման ընթացքը, և այս ամենի դեմ (գուցե հարկադրված) պայքարող ու կապիտուլյացիոն վարչակարգից հրահանգներ ստացող ոստիկանություն:

yerkir.am

1