Անհարկի շահարկումների տեղիք չտալու համար

Հուլիսի 9-ին Արցախի Հանրապետության Դատախազության շենքի առջև տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ԱՀ ԱԱԾ մեկուսարանում գտնվող մեղադրյալ Ա. Ի.-ին տեսակցելու պահանջով։ Մեղադրյալի պաշտպան փաստաբան Ռոման Երիցյանի խոսքով՝ խախտվել է փաստաբանի մասնագիտական իրավունքը. չեն թույլատրել տեսակցել իրենց պաշտպանյալին։ Հարցի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել ԱՀ դատախազությունը՝ պարզաբանելով պաշտպանյալի հետ տեսակցության սահմանափակումը ոչ աշխատանքային օրերին՝ համաձայն օրենքի. «Երկարատև տեսակցությունը տրամադրվում, իսկ կարճատև տեսակցությունը տրամադրվում և անցկացվում է աշխատանքային օրերին` ժամը 10.00-17.00-ն ընկած ժամանակահատվածում: Ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին թույլատրվում է կալանավորված անձին տեսակցությունն իր պաշտպանի հետ: Այսինքն՝ ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին թույլատրվում է կալանավորված անձի տեսակցությունն իր պաշտպանությունը ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի հետ»:
Դատախազության շենքի առջև տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ընդհարում է տեղի ունեցել հավաքվածների ու ոստիկանների միջև։ Ակցիային ներկա ՍիվիլՆեթի լրագրող Հայկ Ղազարյանը որոշ ժամանակ անց ուղիղ եթերով տեղեկացրել է, որ ԱՀ դատախազության շենքի դիմաց իրականացվող ակցիայի ժամանակ ԱՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողն իրենից խլել է բջջային հեռախոսը՝ խոչընդոտելով լրագրողի մասնագիտական գործունեությանը և մինչ բողոք ներկայացնելու պահը հեռախոսը իրեն չեն վերադարձրել: Լրագրողը դիմել է ԱՀ ՄԻՊ։ «Պաշտպանի աշխատակազմի կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում հեռախոսը վերադարձվել է Հայկ Ղազարյանին, որը, ստուգելով հեռախոսի պարունակությունը, հայտնել է, որ Ոստիկանության ծառայողը հեռախոսից ջնջել է հավաքի վերաբերյալ կատարված տեսաձայնագրությունները, որոնցում արձանագրված էին նաև նույն օրը ԱՀ դատախազության շենքի դիմացից փաստաբաններին բերման ենթարկելու ժամանակ ոստիկանության ծառայողների գործողությունները: Հարկ է նշել, որ ոստիկանության համապատասխան ծառայողը Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչին հայտնել է, որ ինքը չի իմացել, որ Հայկ Ղազարյանը լրագրող է, չի տեսել նրա տարբերակիչ նշանը, իսկ այդ մասին իմանալուն պես անմիջապես ցուցում է տվել իր ծառայողներին հեռախոսը վերադարձնել տիրոջը»,- ասվում է ԱՀ ՄԻՊ հայտարարության մեջ։
Հաջորդ օրը ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել՝ հուլիսի 11-ին, Հայկ Ղազարյանի վրա քաղաքացիական հագուստով մի խումբ անձանց հարձակման, քաշքշելու, հարվածներ հասնելու մասին։ Հաղորդվում էր, որ հարցի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ։ «Ապառաժ»-ի հետ զրույցում Հայկ Ղազարյանը նշել է, որ ճանաչել է իր վրա հարձակվողներից ոմանց, նրանք, ըստ նրա, ԱՀ ՆԳՆ աշխատակիցներ են։ Հայկ Ղազարյանը տեղեկացրել է, որ հանցագործության մասին դիմում է ներկայացրել ԱՀ դատախազություն:
Հարցի վերաբերյալ մեկնաբանության համար դիմել ենք ԱՀ ՆԳ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետին, ով հրաժարվել է մեկնաբանություն տալ՝ պատճառաբանելով «Ապառաժ»-ի լրագրողի ֆեյսբուքյան հետևյալ գրառումը․ «Օձերի տեղաշարժը տեղը տեղին լուսաբանող կառույցը չի՞ ուզում պարզաբանում տալ»։ Ամենևին նպատակ չունենալով արժեզրկել ՆԳ նախարարության կատարած աշխատանքը՝ նշենք, որ ՆԳՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջում հատկապես աչքի են զարնվում օձեր հայտնաբերելու և անվտանգ վայր տեղափոխելու մասին հաղորդագրությունները։ Մայիսից մինչ այժմ հաղորդվել է 13 այդպիսի դեպքի մասին:
Հուլիսի 9-ի դեպքի մասին մեկնաբանություն չի տվել նաև ԱՀ ԱԱ ծառայությունը՝ կոչ անելով հետևել իրենց պաշտոնական էջի հաղորդագրություններին, որտեղ վերջին դեպքերի մասին հրապարակում չտեսանք։
Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան էջով մի քանի անգամ անդրադարձել է իր արձանագրած իրավախախտումներին։ «Ապառաժ»-ի հետ զրույցում ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը նշել է, որ ՄԻՊ աշխատակազմը ինչպես համացանցում տարածված տեսանյութից, այնպես էլ փաստաբանների կողմից ահազանգի միջոցով տեղեկացել է փաստաբանական գրասենյակի վրա կատարված հարձակման մասին: «Փաստաբանները հաղորդում են, որ ահազանգել են ոստիկանություն, իսկ ոստիկանության կողմից պատասխան գործողություններ չեն կատարվել, մեր կողմից այժմ ուսումնասիրվում է դեպքը և պետական մարմինների ցուցաբերած վարքագիծը»,- նշել է ԱՀ ՄիՊ-ը: Նրա խոսքով՝ Քննչական կոմիտե հաղորդում ներկայացվելուց հետո կոմիտեի կողմից քննչական գործողություններ են իրականացվել փաստաբանական գրասենյակում: Գ. Ստեփանյանն անընդունելի է համարել մարդու իրավունքների պաշտպանության կարևորագույն գործառույթ իրականացնող փաստաբանական համայնքի նկատմամբ նման գործողությունների ձեռնարկումը:
Հավելենք, որ հատկապես շրջափակման հետևանքով հանրության շրջանում առաջացած հոգեբանական լարվածության պայմաններում պետական մարմիններից ակնկալվում է հանրամատչելի, հստակ ու պարզ լրատվությամբ փարատել առաջացած խնդիրները՝ խուճապային տրամադրությունների, ասեկոսեների և անհարկի շահարկումների տեղիք չտալու համար: