Անընդհատ օգնություններ բաժանելով եւ շինարարության ոլորտը ֆինանսավորելով՝ երկիրը տնտեսապես չի զարգանա
Արցախի պետական համալսարանում դասախոսական գործունեություն է սկսել ծավալել ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը, ում հետ «Ապառաժ»-ը զրուցել է հետպատերազմյան Արցախում ստեղծված տնտեսական իրավիճակի և Արցախի տնտեսության վրա համաշխարհային տնտեսական ու քաղաքական զարգացումների հնարավոր ազդեցությունների մասին:
-Պարոն Պարսյան, ԱրՊՀ-ում դասախոսական աշխատանքներ սկսելը պայմանավորվա՞ծ էր ոլորտում առկա կադրային պահանջի հետ:
-Մինչ 44-օրյա պատերազմը և պատերազմից հետո մեծ ցանկություն կար աշխատել Արցախում։ Վստահ եմ՝ միայն տնտեսապես զարգացնելով և սոցիալական արդարություն ապահովելով կարող ենք ունենալ հզոր Արցախ։ Իսկ Արցախի զարգացման և անվտանգության ապահովման հիմնական հենասյուներից է դինամիկ և ներառական տնտեսությունը։ Մեր հարստությունը հայ մարդն է, ով պետք է լինի գրագետ, մրցունակ և իր հողին կառչած։ Արցախում միայն որակյալ կադրեր պատրաստելը բավարար չէ նպատակին հասնելու համար. մենք նաև սեփական օրինակով նրանց պետք է ցույց տանք, որ հնարավոր է բարեկեցիկ և ապահով ապրել նաև մեր հողի վրա։ Միավորելով ստեղծագործ միտքը և հայրենատեր լինելով՝ կարող ենք կառուցել մեր երազած հայրենիքը։
-Ինչո՞վ կտարբերեք Արցախում սովորող ուսանողներին ՀՀ բուհերոմ սովորող ուսանողներից:
Ես նաև դասավանդում եմ Երևանում, և, իրոք, ինձ համար հետաքրքիր էր համեմատել Հայաստանի և Արցախի ուսանողների կարողությունները, առավելությունները։ Ինձ համար հաճելի բացահայտում էր արցախցի ուսանողների մաթեմատիկական գիտելիքների բարձր մակարդակը, որը, անշուշտ, պայմանավորված է հանրակրթությամբ։ Սա լավ հիմք է Արցախում բարձր արտադրողականություն և մրցունակություն ունեցող կադրեր պատրաստելու համար։ Սակայն այդ ամենից հնարավոր չէ ամբողջությամբ օգտվել, եթե չկա ռիսկի գնալու ցանկություն, բիզնեսով զբաղվելու նպատակ։ Ես հաճախ ուսանողների շրջանում հարցում եմ անում՝ պարզելու, թե ով է ցանկանում սեփական գործ հիմնել։ Հայաստանում սովորող ուսանողների մոտ 40 տոկոսը նման ցանկություն է հայտնել, իսկ արցախցի ուսանողների` մոտ 10 տոկոսը։ Անշուշտ, միայն ցանկություն ունենալը բավարար չէ բիզնես սկսելու համար, դրա համար նաև հարկավոր են համապատասխան կարողություններ։ Բայց ակնհայտ է, որ Արցախի երեխաների մոտ որպես լավ աշխատանք դիտարկվում է պետական պաշտոնյայի, բժշկի կամ ուսուցչի աշխատանքը։ Սեփական գործ սկսելու ցանկության վրա ազդել է նաև երկրի անվտանգության սպառնալիքներն ու անորոշությունը, ինչպես նաև մեծ թվով պետական հատվածի աշխատատեղերի առկայության գործոնը։
-Ինչպիսի՞ն էր առաջին տպավորությունը ԱրՊՀ-ից:
Արցախի համալսարանի ղեկավարությունը և ուսանողությունը ինձ շատ լավ են ընդունել, օժանդակել դասապրոցեսի կազմակերպման հարցերում։ Կազմակերպական հարցերը շատ արագ են լուծվել, ինչը թույլ է տվել ինձ կենտրոնանալ բուն կրթական գործընթացի վրա։ Հուսամ՝ դեռ հնարավորություն կունենամ նաև ծանոթանալու պրոֆեսորադասախոսական կազմի հետ, և համատեղ հետազոտական ծրագրեր կիրականացնենք։ ԱրՊՀ-ն ունի բավականին հարուստ գրադարան, սակայն այն նեղ մասնագիտական գրականության համալրման կարիք ունի։ Ինքս այդ ուղղությամբ որոշ քայլեր արել եմ։ Ինքս էլ նոր հմտություններ եմ ձեռք բերում ԱրՊՀ-ում։ Մասնավորապես՝ ԱրՊՀ-ում արդյունավետ գործում է Classroom էլեկտրոնային հարթակը, որը թույլ է տալիս ուսանողների հետ հեռավար աշխատել, նյութերով փոխանակվել, առաջադրանքներ տալ և այլն:
-Արցախի տարածքի 75 տոկոսի կորուստը ի՞նչպես է ազդելու ՀՆԱ-ի վրա: Կարո՞ղ եք արդյոք ապագայում ապահովել ՀՆԱ աճ, կամ գոնե առկա մակարդակ:
-Հաշվի առնելով 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի տնտեսության և տնտեսական կարողությունների զգալի կորուստները՝ 2021 թվականի ԱՀ պետական բյուջեով նախատեսված էր, որ 2021 թվականին 2020-ի համեմատ տնտեսական անկումը կազմելու է 15 տոկոս, սակայն ԱՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Արցախի տնտեսության անկումը կազմել է 26,4 տոկոս։ Այսինքն՝ Արցախի կառավարությունը ի վիճակի չի եղել ապահովել պլանային ցուցանիշները։ Խոսքը մեկ-երկու տոկոս շեղման մասին չէ, այլ մոտ կրկնակի ավելի անկում է գրանցվել, հետևաբար խիստ անհրաժեշտ է ամբողջությամբ վերանայել Արցախի տնտեսական, հարկաբյուջետային քաղաքականությունը։ Անընդհատ օգնություններ բաժանելով և շինարարության ոլորտը ֆինանսավորվելով՝ երկիրը տնտեսապես չի զարգանա, և այդ զարգացումից հասարակության մեծ մասը չի օգտվի։
-Պատերազմից առաջ հացահատիկի հիմնական պաշարները ստացվում էր Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներից, որի մի մասն արտահանվում էր նաև ՀՀ: Այսօր այլ պատկեր ունենք, և փաստորեն ստիպված ենք ներմուծել արդեն արտասահմանյան երկրներից, մասնավորապես՝ ՌԴ-ից: ՌԴ-ն, գտնվելով պատերազմական իրավիճակում, նաև համաշխարհային շուկայում նկատվող ցորենի գնաճը, կարո՞ղ է արդյոք պարենային ճգնաժամ առաջ բերել մեր երկրում:
-Մինչև պատերազմը տարբեր հաշվարկներով Արցախն ապահովում էր հացահատիկի ինքնաբավությունը, ինչպես նաև 60-70000 տոննա ցորեն էր արտահանում Հայաստան։ Համեմատության համար նշեմ, որ 2021 թվականին Հայաստանում արտադրվել է ընդամենը 97200 տոննա ցորեն, այսինքն՝ ցորենի ինքնաբավությունը կազմում է մոտ 18 տոկոս։ 2021 թվականի Հայաստան ներկրվել է շուրջ 270 հազար տոննա ցորեն, որի 99 տոկոսը Ռուսաստանից։ Հետևաբար, Հայաստանի բնակչության հացի ապահովումն ուղղակի կախված է ռուսական ցորենի ներկրումից։ Մինչև ռուս-ուկրաինական հակամարտությունը կանխատեսվում էր համաշխարհային շուկայում պարենի գների աճ, իսկ հիմա էլ ավելի մեծ գնաճ պետք է սպասել՝ նկատի ունենալով տնտեսական սանկցիաներով ուղեկցվող պատերազմը։ Օրերս Ռուսաստանը հայտարարեց, որ արգելում է ռուսական ցորենի արտահանումը: ԵԱՏՄ անդամ երկրների, մասնավորապես Հայաստանի դեպքում ցորեն կարտահանվի ներքին սպառման չափով: Այս սահմանափակման նպատակը կայանում է նրանում, որ Հայաստանի միջոցով ռուսական ցորենը չվերարտահանվի Եվրոպական երկրներ։ Կարելի է կանխատեսել, որ Հայաստանի և Արցախի բնակչությունը ցորենի դեֆիցիտ չեն ունենա, սակայն պարտադրված են լինելու ավելի շատ վճարել դրա համար։ Ցավոք, Արցախի ցորենի արտադրության պոտենցիալը չենք կարողանում ամբողջությամբ օգտագործել ադրբեջանցիների սադրանքների պատճառով։
-Ճանապարհների ապաշրջափակման պարագայում որո՞նք են Արցախին սպառնացող վտանգները:
-Ճանապարհների ապաշրջափակումն ավելի շատ քաղաքական բաղադրիչ ունի, քան տնտեսական։ Կողմերը տարբեր կերպ են դա հասկանում։ Օրինակ՝ թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է Բերձորով անցնող միջանցքի նման միջանցք ունենալ Սյունիքում, ինչը կտրուկ կթուլացնի Հայաստանի անվտանգությունը և սուվերենությունը։ Զուտ ճանապարհների ապաշրջափակմանը հայկական կողմը չի կարող դեմ լինել. օրինակ՝ ինչպես հիմա վրացական ավտոմեքենաներն են Հայաստանի ճանապարհներից օգտվում, այնպես էլ ադրբեջանական ավտոմեքենաները կարող են օգտվել անվտանգային և մաքսային հսկողության պայմաններում։ Հայկական բեռները ադրբեջանական երկաթգծով տեղափոխելը կարող է դառնալ այլընտրանքային տարբերակ, սակայն եթե նոյեմբերի 9-ի համաձայնագրի համաձայն՝ ադրբեջանական ավտոմեքենաների անվտանգության երաշխավորը ռուսական կողմն է, ապա հայկական բեռների, ուղևորների դեպքում որևէ լրացուցիչ երաշխիք չկա։
-Հնարավո՞ր է Արցախում զարգացնել գյուղատնտեսությունը՝ հիմնական մշակվող հողերի կորստի պարագայում:
-Արցախը կորցրել է իր վարելահողերի 80-90 տոկոսը, ինչը, անշուշտ, մեծ կորուստ է, սակայն մնացած վարելահողերի ինտենսիվ մշակման դեպքում լավ հնարավորություն ունենք ապահովելու պարենի ինքնաբավության բարձր մակարդակ։ Դրա համար առաջնահերթ պետք է լուծել անվտանգության հարցը՝ միաժամանակ ֆինանսավորելով գյուղատնտեսական ծրագրերը։
-Համաշխարհային ճգնաժամը ինչպիսի՞ ազդեցություն է ունենալու Արցախի տնտեսության վրա:
-Ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի դեպքում Ռուսաստանը հանդիսանում է արտագնա աշխատանքի մեկնելու հիմնական երկրներից մեկը։ Ռուբլու արժեզրկումն ուղղակի ազդել է Արցախում ապրող ընտանիքների կենսամակարդակի վրա։ Օրինակ, եթե արցախցի ընտանիքը, Ռուսաստանից ստանալով 1000 ռուբլի, կարողանում էր 7000 դրամի առևտուր անել, ապա ներկայումս 3-4000 դրամի սահմաններում կարող է գնում կատարել։ Բացի այդ, Արցախում ծառայություն իրականացնող ռուս խաղապահների աշխատավարձը վճարվում է ռուբլով, ինչը նշանակում է, որ ներկայումս նրանք իրենց աշխատավարձերով ավելի քիչ գնումներ կկարողանան անել Արցախի տարածքում։ Այսինքն՝ ռուբլու արժեզրկման հետևանքով էապես կտուժի Արցախի առևտրի և ծառայությունների ոլորտը։ Ռուսաստանը հանդիսացել է նաև Արցախի արտահանման կարևոր ուղղություններից մեկը, իսկ ռուբլու արժեզրկումը, ցավոք, կվնասի նաև արտահանման ծավալներին։
-Որո՞նք են այն հիմնական քայլերը, որոնք անհրաժեշտ են Արցախի տնտեսության վերականգման համար: Արդյո՞ք ԱՀ իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը շինարարության ոլորտում նպաստելու է տնտեսության վերականգմանը:
-Արցախի թիվ մեկ խնդիրը արցախցուն Արցախում պահելն է, և բնակարանաշինության այս ծրագիրը չի կարող այդ խնդիրը արագ լուծել։ Այդքան գումար ծախսելով տան և ճանապարհների վրա՝ պետք է հասկանալ՝ արդյո՞ք դրանց անվտանգությունը երաշխավորված է։ Միգուցե այդ ահռելի գումարները ճիշտ է ծախսել բանակաշինությա՞ն վրա, ինչը թույլ կտա մոտ ապագայում հետ բերել Արցախյան մի շարք շրջաններ և լուծել այդ հարցը։ Այս հարցերի պատասխանը հստակ չկա։ Միաժամանակ անընդունելի է, երբ այսքան տեղահանվածների պայմաններում Արցախում կան բնակարաններ, որոնք դատարակ են առ այսօր։ Օրինակ՝ Ֆրանսիայում, Իսպանիայում օտարերկրյա ներգաղթյալներն առանց սեփականատիրոջ համաձայնության մուտք են գործում չբնակեցված բնակարաններ, իսկ պետությունը ուժով չի հեռացնում նրանց՝ հաշվի առնելով մարդասիրական իրավունքը։
-Նախքան պատերազմը ԱՀ-ն էլեկտրաէներգիա արտահանող երկիր էր: Այժմ գտնվելով շրջափակման մեջ, նաև էներգետիկ անվտանգության և անկախության ապահովման խնդրի առջև է կանգնած Արցախը: Այս ոլորտում ինչպիսի՞ հեռանկարներ կան:
-Մինչև պատերազմը ՀԷԿ-երի միջոցով էլեկտրաէներգիայի արտադրությունն ապահովում էր Արցախի տնտեսության դինամիկա աճ, բայց այդ աճից, օգուտից օգտվում էր բնակչության շատ փոքր մասը։ Արցախում գործող 36 ՀԷԿ-երն արտադրում էին էլեկտրաէներգիա ոչ միայն ներքին սպառման համար, այլ տարեկան մոտ 330 մլն կՎտժ հոսանք էին արտահանում Հայաստան, որը կազմում էր Հայաստանի սպառման մոտ 5 տոկոսը։ Ցավոք, ներկայումս Արցախի էներգետիկ համակարգը մեծ կախվածություն ունի Հայաստանից մատակարարվող հոսանքից, որը պարբերաբար խափանվում է ադրբեջանցիների ահաբեկչական գործողությունների հետևանքով։ Գազամատակարարման դեպքում նմանատիպ խնդիր կա, ինչի հետևանքով Արցախի էներգետիկ անվտանգությունն էապես տուժում է։ Իրավիճակը շտկելու համար պետք է դիտարկել նոր ՀԷԿ-երի կառուցումը, որը կնվազեցնի Հայաստանից էլեկտրաէներգիայի մատակարարումից կախվածությունը։ Իսկ գազատարի մասով ռուսական կողմը Արցախի իշխանությունների հետ պետք է գտնի երկարաժամկետ լուծում, որպեսզի Արցախի բնակչությունը պարբերաբար չհայտնվի հումանիտար խնդիրների առաջ։
Հարցազրույցը՝ Վահագն Խաչատրյանի