Անդրանիկ Լալայանը մինչև վերջ հավատում էր հաղթանակին
Գլխավոր » Լրահոս » Անդրանիկ Լալայանը մինչև վերջ հավատում էր հաղթանակին

Անդրանիկ Լալայանը մինչև վերջ հավատում էր հաղթանակին

2020 թվականի սեպտեմբերի 18-ին մայոր Անդրանիկ Լալայանը վերջին անգամ եղավ հայրական տանը։ Մարտունու շրջանի Թաղավարդում էր նա անցկացրել մանկությունն ու պատանեկությունը, այնտեղից էր մեկնել զինվորական ծառայության։ Ու սեպտեմբերյան այդ օրը բակում նստած սուրճ էր խմում, գլուխը թեքել էր ու առանց աչքը թարթելու նայում էր հայրական տան շեմին, ինչ-որ բան էր զգում։ Սա 44-օրյա պատերազմի սկզբից 9 օր առաջ էր: Ցավոք, Անդրանիկի կանխազգացումը չխաբեց  իրեն:

Հիմա էլ տիկին Վալիդան, երբ ինչ–որ գործ է նախաձեռնում, մտքում անպայման խորհուրդ է հարցնում որդուց։ Որդեկորույս մայրը շատերի պես ցավում է, որ երիտասարդ սերունդ ենք կորցրել 2020 թվականի աշնանային պատերազմի ժամանակ։ Անդրանիկի ընտանիքը Թաղավարդում էր, երբ սկսվեց պատերազմը։ Ցավոք, հանգամանքների բերումով թաղավարդցիները ստիպված լքեցին հազարամյակաների պատմություն ունեցող գյուղը և փոքր–ինչ ավելի ապահով վայր տեղափոխվեցին։  2020 թվականի պատերազմի ավարտին՝ գյուղի վերին հատվածը, որտեղ նաև Անդրանիկի հայրական տունն էր, մնաց թշնամու վերահսկողության տակ։

Տիկին Վալիդան հիշում է, որդու հետ վերջին հեռախոսազրույցը շատ կարճ էր տևել. «երեխաներին լավ նայեք»,-պատգամել է Անդրանիկը։ Նրա այրին` Անին, ասում է` ինքն ու սկեսուրը ամեն ինչ անում են, որ վերջին այդ պատգամը կատարեն։ Հուզվում է, չնայած իրենց համատեղ կյանքը շատ կարճ է տևել, սակայն Անդրանիկը կարողացել է երջանկացնել իրեն և երկու հրաշք պարգևել։

Ծանր է համակերպվել այս իրականությանը, երբ երեխաները՝ Մարին ու Գոռը, ամեն պահ սպասում են հայրիկի վերադարձին։ Անդրանիկ Լալայանը երազում էր իր փոքրիկների համար կերտել խաղաղ մանկություն։

Երիտասարդ կինը ամուսնու հետ կապված շատ հիշողություններ ունի։ Այսօր սկեսուրի հետ ապրում են Աբովյանում, ու հաճախ հիշում Անդրանիկին ու նրա հետ կապված պատմությունները։

Ավագ քույրը՝ Հերմինեն, հպարտությամբ է խոսում եղբոր մասին։

Կրտսեր քույրը՝ Նարան, պատմում է, որ մի անգամ իր տարեդարձին Անդրանիկը նվեր էր առել, սակայն մոռացել էր գյուղ տանել: Չէին նախատեսել, որ գյուղում պետք է նշեն։ Երբ քույրը շատ է   հարցրել, թե ինչ անակնկալ է պատրաստել, Անդրանիկը իրեն յուրահատուկ թեթև ժպիտով պատասխանել է՝ թութակ։

2020-ի պատերազմին Անդրանիկն իր դիվիզիոնով պաշտպանում էր Ակնայի (Աղդամ) Գուլիջ կոչվող տեղամասը։ Հոկտեմբերի 13-ին, որպես լավագույն ստորաբաժանում, Թալիշ-Մատաղիս-Մարտակերտ ուղղությունում աջակցելու համար, տեղափոխվում է Գետակ-Բրուն կոչվող բարձունք։ 

Մարտնչել է վեհորեն: Ընկերները նրա սխրանքների մասին պատմում են հարազատներին: Գրիգոր Կիրակոսյանը Անդրանիկին բնութագրում է, որպես լավագույն ու վստահելի ընկերոջ։ Հանգիստ էր բնավորությամբ, բոլորին օգնող, զինվորներին ավագ եղբոր պես էր վերաբերվում:

Անդրանիկը հավատում էր, որ կհաղթեն, որ արյամբ սրբագրված երկիրը կմնա ազատագրված։ Հակառակորդին հասցնելով հրետանային միջոցների և զրահատեխնիկայի կորուստի, մինչև վերջին րոպեն՝ իր սրտում տանելով հաղթական ու խաղաղ երկրի երազանքը, հայրենիքի նվիրյալ պաշտպանն անմահացավ 2020 թվականի հոկտեմբերի 17-ին։ Երեսուներեքամյա հրետանավորին հայրենի գյուղում հուղարկավորեցին հենց Հրետանավորի օրը։

Սակայն կյանքն ավելի դաժան ու անողոք էր։ Թաղավարդը մնաց թշնամու վերահսկողության տակ և ամիսներ անց միայն հնարավոր եղավ աճյունը տեղափոխել Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոց։ Իսկ  այսօր նաև Անդրանիկի գերեզմանին այցելելն է երազանք դարձել հարազատների համար։

Անդրանիկը ծառայության 13 տարիների ընթացքում արժանացել է բազմաթիվ պարգևների, հուշանվերների, «Վազգեն Սարգսյան», «ՀՀ ԶՈՒ 20 տարի» հոբելյանական, «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին», «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ աստիճանի մեդալների, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի:  Անդրանիկին հետմահու շնորհվել է փոխգնդապետի կոչում։

Վեհանուշ  Հովսեփյան

1