ANCA-ն կոչ է արել ԱՄՆ կոնգրեսականներին պարզաբանել Ադրբեջանում ամերիկյան Bell-412 ուղղաթիռների հայտնվելը
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել ԱՄՆ Սենատին ու Ներկայացուցիչների պալատին ուսումնասիրել ամերիկյան զենքի արտահանման օրենքների հնարավոր խախտումները՝ հունիսի 26-ին Ադրբեջանում ամերիկյան արտադրության Bell-412 ուղղաթիռների սպասվող ցուցադրության առնչությամբ, տեղեկացնում է Asbarez-ը:
Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի նախագահին և մի շարք կոնգրեսականների ուղղված նամակում ANCA-ի գլխավոր տնօրեն Արամ Համբարյանը մասնավորապես նշել է. «Ադրբեջանում ամերիկյան զենքի մասին լուրը լուրջ հասարակական ուշադրություն և Կոնգրեսի կողմից ուժեղ վերահսկողություն է պահանջում: Ակնհայտ է, որ ԱՄՆ կառավարությունը պետք է Ադրբեջանի կատաղի հակահայկական ալիևյան ռեժիմից հեռու պահի ամերիկյան զենքերը»:
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ադրբեջանը հունիսի 26-ին ռազմական շքերթի ժամանակ կցուցադրի ամերիկյան արտադրության Bell-412 ուղղաթիռներ: