Ամուսինս  ինձ վերևից ուժ է տալիս. ավագ-լեյտենանտ Բաբկեն Ադամյանն անմահացել  է 2023 թ-ին
Գլխավոր » Հատուկ նախագծեր » Արցախի հերոսներ » Ամուսինս  ինձ վերևից ուժ է տալիս. ավագ-լեյտենանտ Բաբկեն Ադամյանն անմահացել  է 2023 թ-ին

Ամուսինս  ինձ վերևից ուժ է տալիս. ավագ-լեյտենանտ Բաբկեն Ադամյանն անմահացել  է 2023 թ-ին

Երեխաներին ասել եմ, որ իրենց հայրը աստղ է դարձել երկնքում եւ ամեն օր լուսավորում է վերևից։ ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ, ավագ լեյտենանտ Բաբկեն Ադամյանի կինը՝ Արմինեն, երկու աղջիկները՝ Վեներան և Լիլիթը, 2023 թվականից պատուհանից երկնքին են նայում և անգամ մեկ լուսատու տեսնելով՝ աչքը չեն կտրում նրանից։ «Պապայի հետ ենք զրուցում»,- արձագանքում են երեխաները մոր կանչին։

Երբ մայրը սկսում է լացել, երեխաները վրդովված հորդորում են չլացել, որ հայրիկը շուտ վերադառնա։ Արմինեն 2020 թվականի պատերազմից հետո առողջական խնդիրներ ունի։ Ամուսնուն կորցնելուց հետո հիվանդությունն ավելի է խորացել։ Դժվարությամբ է քայլում․ պատճառը՝  ըստ  բժիշկների, նյարդային է:

Ամիսը մեկ Վանաձորից գալիս է Երեւան։ 

«Այսօր Բաբկենն ինձ ուժ է տալիս վերեւից», -ասում է երիտասարդ կինը:

Արմինեն՝  Բաբկեն Ադամյանի հետ ընտանիք էր կազմել 10 տարի առաջ։ Ապրում էին ԱՀ Մարտունի քաղաքում։ Բաբկենի դիրքերից իջնելու օրը տանը միշտ տոնախմբություն էր։ Երեխաները այդ օրվան շատ էին սպասում։ Արմինեն ասում է, որ համատեղ շատ երազանքներ ունեին, իսկ Բաբկենն ամենաշատը տղա երեխայի մասին էր երազում։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ը խմբագրեց Արմինեի ճակատագիրը, երազանքներն ու բնակության հասցեն։ Դուստրերի հետ այսօր ապրում է Վանաձորում։ Հոգով ու սրտով Արցախում է։ Նրա միակ ցանկությունը ամուսնու գերեզմանին այցելելն է։ Բաբկենին հուղարկավորել են հայրենի Ճարտարում․ զոհվել է 2023 թվականի  սեպտեմբերի 19-ին, Մարտունու մատույցներում՝ «Կոհակ» կոչվող բարձունքում։

Զինակից ընկերը՝ Սասուն Զաքարյանը վերհիշում է  միասին անցկացրած օրերը։ Խոսում Բաբկենի մարդկային  արժեքների  մասին:

Մանկության ընկերուհին՝ Գայանեն, Բաբկենի մասին խոսելիս մեղմ ժպտում է՝ կարծես մտովի տեղափոխվելով մանկության անհոգ տարիներ։ Բաբկենի հետ միասին մանկապարտեզ են հաճախել, այնուհետև դպրոց, ու սովորական կյանքում էլ մնացել լավ ընկերներ։

Ամենադժվարը Բաբկենի մոր՝ տիկին Վեներայի համար է։ Որդեկորույս մայրը չի ցանկանում հաշտվել այն մտքի հետ, որ որդին այլևս ֆիզիկապես իրենց հետ չէ։ Այսօր էլ նա ամեն րոպե սպասում է, որ տան դուռը կբացի, և Բաբկենը կրկին «մամա» կկանչի։

Բաբկենը մոր պաշտպանն էր, խորհրդատուն, թիկունքը։ Այսօր՝ ինչպես մայրն է ասում, դատարկվել է կյանքը, դարձել անիմաստ ու անհետաքրքիր։ Ամենուր նա փնտրում է որդուն։ Գիշերները երազում այցելում է որդու շիրիմին, ինչն այսօր, ցավոք, իրականում անհնար է։

Վեհանուշ ՀՈՎՍԵՓՅԱՆ

1