Ամփոփվել են «Հայկական գորգարվեստ» հանրապետական հինգերորդ մրցույթի արդյունքները

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի ճեմասրահում ցուցադրվեց «Հայկական գորգարվեստ» հանրապետական հինգերորդ մրցույթին ներկայացված թվով 36 ձեռագործ աշխատանք:

Մրցույթի մասին հայտարարվել էր դեռևս օգոստոսին: Աշխատանքները պետք է ներկայացվեին մինչև սեպտեմբերի 15-ը: Ամենամյա դարձած մրցույթի նպատակը ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումն է, ինչպես նաև արցախյան գորգագործական ու ասեղնակարի մշակութային ավանդույթների վերականգնումը, հանրայնացումը, ժամանակակից գեղարվեստական ճաշակին ու պատկերացումներին բնորոշ տարրերով լրացումը:

Մրցույթն անց է կացվել երկու տարիքային խմբում՝ 10-17 տարեկանների և 17-ից բարձր: Հանձնախումբը տեղում ծանոթացել է ներկայացված աշխատանքներին և քննարկումից հետո հայտարարել մրցույթի արդյունքները:

10-17 տարեկանների տարիքային խմբում « Ասեղնագործություն » անվանակարգում լավագույնն են ճանաչվել՝
I տեղ – Անգինե Պողոսյան,
I I տեղ – Մարգարիտա Դադայան,
I I I տեղ – Մարիա Հարությունյան:
Մեծերի տարիքային խմբում հանձնախմբի հավանությանն են արժանացել հետևյալ մասնակիցների աշխատանքները.
«Գորգ» անվանակարգում՝
I տեղ – Իրինա Ղահրամանյան,
I I տեղ – Նազիկ Աբաղյան :
«Կարպետ» անվանակարգում՝
I տեղ – Իրենա Թևանյան,
I I տեղ – Գայանե Բեգլարյան,
I I I տեղ – Ռեգինա Չիթչյան:
«Ասեղնագործություն» անվանակարգում՝
I տեղ – Նադեժդա Սարգսյան,
I I տեղ – Լիլիթ Մկրտչյան,
I I I տեղ – Նազիկ Հայրիյան:
Արցախի ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը մասնակիցներին ներկայացրեց հանձնախմբի դիտողությունները՝ մասնավորապես նշելով. «Արցախը միշտ եղել է գորգագործական արվեստի կենտրոն: Շատ կարևոր է պահպանել գորգագործական արվեստի ավանդույթները, քանզի դրանք հանդիսանում են մեր ոչ նյութական մշակութային ժառանգության կարևորագույն բաղադրիչներից: Գրեթե բոլոր մասնակիցների մոտ նկատելի էր նույն թերությունը՝ գույների ոչ ճիշտ համադրություն, իսկ գորգերի պարագայում նաև ոչ բնական գույների ու թելերի օգտագործում: Մենք մտադիր ենք հաջորդ տարի մրցույթի կանոնակարգում փոփոխություն մտցնել և բնական գույների օգտագործումը պարտադիր դարձնել, մասնավորապես՝ «Գորգ» անվանակարգի համար: Հաջորդ անգամների համար նաև պետք է ուշադրություն դարձնել ներկայացվող աշխատանքի վաղեմությանը: Այն պարտադիր պետք է արված լինի վերջին մեկ տարում: Հակառակ դեպքում հանձնախումբը չի գնահատի այդ գործը»:
Գորգագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, հանձնախմբի նախագահ Աշխունջ Պողոսյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին և մաղթեց. «Շարունակեք պահպանել մեր գորգարվեսի գեղեցիկ անվանդույթները և հարստացրեք դրանք ձեր նոր մտահղացումներով, պատկերացումներով: Հատկապես ուշադրություն դարձրեք գույների ընտրությանը և դրանց ներդաշնակ ներկայացմանը»:



Մրցանակային տեղեր գրաված մասնակիցները ստացել են դրամական պարգևներ և պատվոգրեր: «Հայկական գորգարվեստ» հանրապետական մրցույթի լավագույն աշխատանքները կպահվեն ԿԳՄՍ նախարարության ֆոնդում:

