ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության ՄՆ Ռոբերտ Ավետիսյանը մասնակցել է Հայոց ցեղասպանությանը նվիրված մի շարք միջոցառումների
Գլխավոր » Լրահոս » ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության ՄՆ Ռոբերտ Ավետիսյանը մասնակցել է Հայոց ցեղասպանությանը նվիրված մի շարք միջոցառումների

ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության ՄՆ Ռոբերտ Ավետիսյանը մասնակցել է Հայոց ցեղասպանությանը նվիրված մի շարք միջոցառումների

ԱՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, համաձայն որի՝ ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության ՄՆ Ռոբերտ Ավետիսյանը մասնակցել է Հայոց ցեղասպանությանը նվիրված մի շարք միջոցառումների.


 Ապրիլի 19-24-ը ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը մասնակցել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված մի շարք միջոցառումների ԱՄՆ Կոնգրեսում,  Մասաչուսեթսի նահանգային խորհրդարանում, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը, Նյու Յորքի Թայմս Սքվեր հրապարակում։

Մշտական ներկայացուցիչն իր ելույթներում երախտագիտություն է հայտնել Միացյալ  Նահանգներին և բոլոր այն երկրներին, որոնք հայ ժողովրդի համար այդ ծանր տարիներին դիվանագիտության և հումանիտար ծրագրերի միջոցով բազմաթիվ կյանքեր են փրկել։

ԱՄՆ-ում ԱՀ ՄՆ-ն նշել է, որ ցեղասպանության չարիքն առկա է նաև 21-րդ դարում, ինչի վառ դրսևորումն է 2020 թվականին Թուրքիայի և Մերձավոր Արևելքի  ահաբեկչական կազմակերպությունների աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի նորաստեղծ ժողովրդավարության դեմ  սանձազերծված լայնամասշտաբ պատերազմը, որն ուղեկցվում էր միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով և ռազմական հանցագործություններով։

Ռոբերտ Ավետիսյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության դեմ վարվող ահաբեկչական քաղաքականությանը, մասնավորապես՝ Արցախի՝ շուրջ հինգ ամիս շարունակվող շրջափակմանը, Հայաստանից Արցախ մատակարարվող գազի և էլեկտրականության խափանումներին և այլն։

«Արցախի շրջափակումը հստակ ցեղասպանական նպատակ ունի․ կազմակերպիչները ցանկանում են, որ Արցախի բնիկ հայերը կանգնեն երկընտրանքի առաջ՝ կամ լքել իրենց պատմական հայրենիքը, կամ մնալ ու մեռնել սովից, ցրտից ու հիվանդություններից»,-նշել է Ռոբերտ Ավետիսյանը։

Այս համատեքստում Ռոբերտ Ավետիսյանը կարևորել է միջազգային հանրության համարժեք գործողությունները՝ ուղղված նոր ցեղասպանությունների կանխարգելմանը։

«Հայոց ցեղասպանությունը սկսվել է 1915 թվականին, սակայն, ցավոք, այն չի ավարտվել։ Մենք պետք է միասին պայքարենք դրա դեմ: Աշխարհաքաղաքական կամ մերկանտիլ շահերը տեղ չունեն, երբ խոսքը վերաբերում է մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանը ցեղասպանություններից, ֆաշիզմից կամ ագրեսիվ ծավալապաշտությունից»,-հայտարարել է մշտական ներկայացուցիչը։
Միջոցառումների տեսանյութերի հղումները․ 
Կոնգրես՝ https://www.youtube.com/watch?v=6ondcrzmDa4
Մասաչուեթս՝  https://malegislature.gov/Events/SpecialEvents/Detail/407
Նյու Յորք՝ https://www.youtube.com/watch?v=396EpvZlgNg
Դեսպանություն՝ https://www.youtube.com/watch?v=WT3bPL9Sfy8

1