Ամենուրեք թափ հաղորդել հակաթուրք եւ հակաադրբեջանական պայքարին
Գլխավոր » Լրահոս » Ամենուրեք թափ հաղորդել հակաթուրք եւ հակաադրբեջանական պայքարին

Ամենուրեք թափ հաղորդել հակաթուրք եւ հակաադրբեջանական պայքարին

Հաշվի առնելով հայկական պետության կործանման վտանգը ու Արցախի եւ Սյունիքի կորուստը կասեցնելու հրամայականը՝ ՀՅԴ Երիտասարդականի համաշխարհային ընտանիքը դիմում է համազգային դիմադրության, որը հետեւողական պայքարի շնորհիվ առաջացնելու է երկար սպասված արժեհամակարգային հեղափոխությունը։

Նկատի ունենալով

• թուրք-ադրբեջանական պանթուրանական քաղաքականությունը, որը միտում ունի մեկընդմիշտ տարածաշրջանի քարտեզից ջնջելու Արցախի ու Հայաստանի Հանրապետությունները,
• ՀՀ ապազգային, դավադիր իշխանությունների ընթացքը, որն առաջնորդվում է միակողմանի զիջումներով՝ կարծեցյալ խաղաղության հասնելու քաղաքականությամբ,
• Հայաստանի Հանրապետության ներքաղաքական փակուղին եւ այն իրականությունը, որ ՀՀ Ազգային ժողովում ընդդիմության ծավալած գործունեության կողքին անհրաժեշտ է դիմել բազմաճակատ պայքարի՝

ՀՅԴ Երիտասարդությունը որոշել է չհարմարվել այս իրականությանը, այլ՝ մեկնարկել համազգային երիտասարդական դիմադրության շարժում՝ պայքարի հինգ հիմնական ճակատներով․

1. Ամենուրեք թափ հաղորդել հակաթուրք եւ հակաադրբեջանական պայքարին,
2. Գերտերություններին հասցնել այն պատգամը, որ իրենց ծրագրերը չեն կարող իրականացնել Հայաստանի եւ հայության ազգային-պետական շահերի հաշվին,
3. Կտրուկ քայլերով մերժել ՀՀ իշխանությունների պառակտող ու պետականակործան քաղաքականությունը,
4. Պայքարել Արցախը հայաթափելու, այն ՀՀ-ից ու Սփյուռքից անջատելու ադրբեջանա-թուրքական փորձերի եւ Սյունիքից արտագաղթի հոսանքի դեմ․ ՀՅԴ Երիտասարդականի կազմակերպած «Արցախի վերականգման ու զարգացման» եւ «Դեպի Սյունիք» ծրագրերը այս աշխատանքի լավագույն ապացույցներն են,
5. Ներազգային ճակատում համախմբել, կազմակերպել հայ երիտասարդությանը՝ ստեղծելով դիմադրության ցանցային կորիզներ։

Սիրելի՛ երիտասարդներ,

Կոչ ենք ուղղում բոլորիդ միանալ այս շարժմանը այս ճակատագրական օրերին, բոլորս իրավունք չունենք մատնվելու հանցավոր անգործության։ Զարթոնքի եւ ազգային անկումը վերելքի վերածելու պահը հիմա՛ է:

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակ
20.10.2021

(Արեւմտահայերեն տարբերակը՝ ստորեւ)

Հ․Յ․Դ․ Երիտասարդականը կը մեկնարկէ Համահայկական երիտասարդական դիմադրութիւն

Հաշուի առնելով, հայկական պետութեան կործանման վտանգը ու Արցախի եւ Սիւնիքի կորուստը կասեցնելու հրամայականը՝ ՀՅԴ Երիտասարդականի համաշխարհային ընտանիքը կը դիմէ համազգային դիմադրութեան, որը հետեւողական պայքարի շնորհիւ պիտի յառաջացնէ երկար սպասուած արժէհամակարգային յեղափոխութիւնը։

Նկատի ունենալով,

• Թուրք-ազրպէյճանական փանթուրանական քաղաքականութիւնը, որ կը միտի միանգամընդմիշտ տարածաշրջանի քարտէսէն ջնջել Արցախի ու Հայաստանի հանրապետութիւնները.
• ՀՀ իշխանութիւններու ապազգային եւ դաւադիր ընթացքը, որ կ՚առաջնորդուի միակողմանի զիջումներով՝ կարծեցեալ խաղաղութեան հասնելու քաղաքականութեամբ.
• Հայաստանի Հանրապետութեան ներքաղաքական փակուղին եւ այն իրականութիւնը, որ ՀՀ Ազգային ժողովէն ներս ընդիմութեան ծաւալած գործունէութեան կողքին անհրաժեշտ է դիմել բազմաճակատ պայքարի.

ՀՅԴ Երիտասարդութիւնը որոշած է չյարմարիլ այս իրականութեան այլ՝ մեկնարկելով համազգային երիտասարդական դիմադրութեան շարժում՝ պայքարի հինգ հիմնական ճակատներով.-

1. Ամէնուրէք թափ տալ հակաթուրք եւ հակաազրպէյճանական պայքարին.
2. Գերտերութիւններու հասցնել այն պատգամը թէ իրենց ծրագիրները չեն կրնար իրականացնել Հայաստանի եւ հայութեան ազգային-պետական շահերու հաշուոյն.
3. Կտրուկ քայլերով մերժել ՀՀ իշխանութիւններու պառակտող ու պետականակործան քաղականութիւնը.
4. Պայքարիլ Արցախը հայաթափելու, զայն ՀՀ-էն ու Սփիւռքէն անջատելու ազրպէյճանաթուրքական փորձերուն եւ Սիւնիքէն արտագաղթի հոսանքին դէմ: ՀՅԴ Երիտասարդականի կողմէ կազմակերպուած «Արցախի վերականգման ու զարգացման» եւ «Դէպի Սիւնիք» ծրագիրները լաւագոյն ապացոյցերն են այս աշխատանքին.
5. Ներազգային ճակատի վրայ համախմբել, կազմակերպել հայ երիտասարդութիւնը ստեղծելով դիմադրութեան ցանցային կորիզներ։

Սիրելի՛ երիտասարդներ,

Կոչ կ՚ուղղենք բոլորիդ միանալու այս շարժումին, այս ճակատագրական օրերուն, բոլորս՝ իրաւունք չունինք մատնուելու յանցաւոր անգործութեան։ Զարթօնքի եւ ազգային անկումը վերելքի վերածելու պահը հիմա՛ է:

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական գրասենեակ
20.10.2021

1