Ամեն ինչի մեջ պետք է տեսնենք ոգի․ Վլադիկ Հակոբյան
Գլխավոր » Լրահոս » Ամեն ինչի մեջ պետք է տեսնենք ոգի․ Վլադիկ Հակոբյան

Ամեն ինչի մեջ պետք է տեսնենք ոգի․ Վլադիկ Հակոբյան

ԼՂՀ Առաջին գումարման Գերագույն Խորհրդի պատգամավոր ու քարտուղար, պատմական գիտությունների թեկնածու Վլադիկ Հակոբյանը հունիսի 18-ին կդառնար 75 տարեկան:

Վլադիկ Հակոբյանն այն մտավորականներից էր, որը հայրենիքի շահերը պաշտպանելուց բացի, ուրիշ այլ նպատակ չուներ: Նա գիտնական էր եւ  քաղաքական գործիչ: Ընկերների հիշողության մեջ Վլադիկ Հակոբյանը մնացել որպես սրամիտ հումորով եւ սուր քննադատության տեր անհատ:

Վլադիկ Հակոբյանն  իր կարճ կյանքով բավականին ընդգծված հետք է  թողել Արցախում պատմագիտական դպրոցի ձեւավորման մեջ: 1990-ականներին Վ. Հակոբյանը Հայաստանի ԳԱ ակադեմիայի հետ ստեղծել է հայագիտական կենտրոն: Նրա մոտ համակցված էր արցախցի մտավորականի եւ արցախցի շինական հողվորի հոգու գույների բոլոր նրբերանգները: Նրա մեջ խոսում էր թե’ մտավորականը, թե’ ազգային գործիչը: Եւ պատահական չէր, որ նա իր ունեցած գիտելիքները ի սպաս դրեց Արցախի պետականության ձեւավորմանը:

Մարդուն գնահատում են ոչ թե ապրած տարիներով, այլ կատարած գործերով ու թողած հետքով: Այդ առումով Վ. Հակոբյանը, լինելով Գերագույն Խորհուրդի քարտուղարի պաշտոնում, արել է իրենից կախված ամեն ինչ: Նա մեծ եւ անգնահատելի գործունեություն է ծավալել Արցախի պետականության կայացման օրենսդրական փաստաթղթերի կազմման եւ ընդունման գործում:

Գնահատելով եւ արժեւորելով Վլադիկ Հակոբյանի նման ազգային ու պետական գործիչներին, պետք է հավատարիմ մնալ նրանց թողած արժեհամակարգին:

Ափսոս, որ Վլադիկ Հակոբյանի նման  արժանապատիվ մարդու կյանքը շատ կարճ տեւեց…

1