Ամեն հայ այդ գաղափարով պետք է ապրի
Գլխավոր » Լրահոս » Ամեն հայ այդ գաղափարով պետք է ապրի

Ամեն հայ այդ գաղափարով պետք է ապրի

«Մենք հասել ենք մի կետի, երբ այդ ամբողջական վերադարձի հնարավորությունը ստեղծվել է․ ի դեպ, ես դրան հավատում եմ։  Այսպես թե այնպես, վերադարձը լինելու է, որովհետև, կարծում եմ, դա պատմական օրինաչափություն է, մենք հազարամյակներով ապրել ենք այդ հատվածում և ստեղծված աշխարհաքաղաքական զարգացումների, ներքաղաքական հարցերի հետևանքով կորցրեցինք, բայց համոզված եմ, որ դա ժամանակավոր է և մենք պետք է վերադառնանք, դա կատարվելու է, ամեն հայ այդ գաղափարով պետք է ապրի»,-Yerkir.am-ի տաղավարում ասաց Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր,  պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Արցախի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ Վահրամ Բալայանը։

Հարցին, թե՝ տեղահանված արցախցին իր ամբողջական խնդիրների մեջ այսօր ի՞նչ լրջագույն խնդիր ունի, որին բախվում է, մեր զրուցակիցն ասաց․

«Խնդիրները բազմաթիվ են, սկսած՝ սոցիալ-հոգեբանականից միչնև՝ քաղաքական․․․ Բայց՝ որպես արցախցու, որպես մարդու ինձ առավել մտահոգում է այն, որ մենք չենք կարողանում բնակարանային  ծրագրում այնպիսի մի կետ ավելացնել, որով հնարավոր լինի կոմպակտ բնակեցված տարածքներ ստեղծել, որտեղ ապրեն արցախցիները։ Պարտադիր չէ Երևանին մոտ լինի, կարող է լինել Լոռիում կամ Սյունիքում, ինչու եմ Սյունիքը շեշտում, քանի որ մենք մի աշխարհ ենք՝ բարբառի, սովորույթների  հետ կապված և այլն։ Այսինքն՝ ստեղծվեն բնակավայրեր, որտեղ մարդիկ իրար մոտ ապրեն, որպեսզի ամբողջական վերադարձի համար պայմաններ ստեղծվեն»,-ասաց Վահրամ Բալայանը։

«Արցախը միայն արցախցիներինը չէ, Արցախը համայն հայությանն է, այդ պատասխանատվությունը յուրաքանչյուրս պետք է զգանք։ Այդ պատասխանավությունն ունենալու պարագայում կարող ենք ամբողջական վերադարձը  իրականություն դարձնել»,-ասաց Վահրամ Բալայանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

1