Ամբարե՛ք գիտելիք ու կարողություններ, փոխե՛ք ձեր շրջապատն ու աշխարհը՝ դարձնելով ավելի լավը
Նոյեմբերի 17-ը Ուսանողների միջազգային օրն է։
Այդ առթիվ շնորհավորական խոսք է հղել ԱՀ ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը.
«Կիրթ, գիտելիքով զինված, համամարդկային ու ազգային արժեքներ կրող ուսանողությունը յուրաքանչյուր հասարակության առաջընթացի գրավականն է։ Մեր ուսանողները, վստահ եմ, գիտակցում են իրենց դերակատարությունն ու անելիքները, տեր են իրենց իրավունքներին և նախանձախնդիր՝ ցանկացած պարագայում հաջողելու հարցում։ Նրանք լայն մտահորիզոնով, առավել շրջահայաց ու սկզբունքային են, նոր գաղափարներ կրող ու դրանք իրագործող։ Նրանք այսօր էլ, ինչպես նախկինում, պատրաստ են անհրաժեշտության դեպքում ստանձնել դրոշակակիրի, առաջամարտիկի դեր և պատվով կատարել այն։
Շնորհավորում եմ ձեր տոնը, սիրելի՛ ուսանողներ, մաղթում հաջողություններ, նոր գաղափարներով վառվելու ցանկություն և դրանք իրագործելու հնարավորություն։ Մեր երկրի այսօրը և վաղը մեծապես կախված է հենց ձեզնից։
Ամբարե՛ք գիտելիք ու կարողություններ, փոխե՛ք ձեր շրջապատն ու աշխարհը՝ դարձնելով ավելի լավը։ Ամենայն բարիք ձեզ։»