Ամանորյա նվերներ` զոհված հերոսների երեխաներին
Գլխավոր » Լրահոս » Ամանորյա նվերներ` զոհված հերոսների երեխաներին

Ամանորյա նվերներ` զոհված հերոսների երեխաներին

Արցախցիների բարեկամ Սամվել Մովսիսյանի նախաձեռնությամբ օրերս Ամանորյա միջոցառում կազմակերպվեց Արցախյան պատերազմներում, սեպտեմբերի 25-ի պայթյունից զոհված և ծնողազուրկ այն բալիկների համար, ովքեր ցանկություն ունեին մասնակցելու միջոցառմանը։ Նախ երեխաների համար Մոսկվա կինոթատրոնում կազմակերպվեց ֆիլմի դիտում, ապա Ամանորյա միջոցառումը շարունակվեց Մարիոթ հյուրանոցում, որտեղ երեխաներին մեծ սիրով սպասում էին Ձմեռ պապիկն ու Ձյունանուշիկը։ Հրաշալի ու տոնական տրամադրություն էր տիրում բոլորի մոտ․ արցախցի երեխաները հավատում էին Ամանորյա հրաշքներին և սպասում, որ Նոր տարում կիրականանան իրենց բոլոր ցանկությունները։ Փոքրիկների ուրախությանը չափ չկար։

Փոքրերից ոչ պակաս ուրախանում էին նրանց ծնողներն ու տատիկները, ովքեր, փորձում էին հանուն երեխաների ժպտալ՝ խեղդելով հոգու ցավն իրենց մեջ։

Սամվել Մովսիսյանը, շնորհավորելով բոլորին գալիք տոների առթիվ՝ մաղթեց խաղաղ ու բարեբեր տարի․

-Սա մեր ամենափոքրիկ շնորհակալությունն էր՝ փոխանցելու մեր հարգանքը Արցախի զոհված մեր եղբայրների ու քույրերի երեխաներին։ Դժվար է նկարագրել այն, ինչ այսօր այս հրաշք երեխաներն ու պատանիները փոխանցեցին մեզ։ Ինչպես նաև առանձնահատուկ շնորհակալություն այս հրաշք երեխաների հարազատներին։ Մաղթում ենք Ձեզ ուժ ու հավատ՝ այս երեխաներին կրթելու և մեր նահատակների հիշատակին արժանի սերունդ մեծացնելու ճանապարհին։

Զոհվածների հարազատները շնորհակալություն հայտնեցին միջոցառման նախաձեռնողներին ու բարերարներին՝ նշելով, որ ցանկացած ուշադրություն անչափ կարևոր է իրենց երեխաների համար․․․

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

1