Ամանորը՝ սահմանամերձ գյուղերում
Ինչպե՞ս են Նոր տարին նշելու թշնամու դիրքերից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող գյուղերում, ինչպիսի՞ն է կրակոցների ձայների տակ դաս անող աշակերտների տրամադրվածությունը, ի՞նչ ակնկալիքներ կան գալիք տարուց: Այս հարցերի մասին «Ապառաժ»-ը զրուցել է մի շարք գյուղերի տնօրենների, ուսուցիչների, գյուղապետերի հետ:
Կարմիր շուկայի միջանկարգ դպրոցի տնօրեն Զավեն Բադասյան
Դպրոցը221 աշակերտ ունի, որից 13 հոգի տեղահանված են Թաղավարդից, Հադրութի շրջանի Ակնաղբյուր, Խծաբերդ գյուղերից:
Այս տարին տարբերվում է նախորդներից: Նոր տարվա հետ կապված՝ մանուկների մոտ նույն ուրախությունը, ոգևորությունը կա, ուսուցչական կոլեկտիվի մոտ բացակայում է: Եթե խնդիրներ են ի հայտ գալիս, ուսուցիչների, աշակերտների հետ հատուկ հոգեբաններ են աշխատում: Տարբեր կազմակերպությունների այցերը, նվերները նպաստում են, որ նախատոնական տրամադրություն հաղորդվի աշակերտներին:
Հույս, հավատ ունեմ, որ լավ է լինելու. այլ տարբերակ չկա: Եթե այսքան զոհեր ենք տվել, հիմա այստեղ ենք, ուրեմն ուրիշ տարբերակ չկա: Պետք լինի՝ էլի անցած սխալներն ուղղելով պիտի պայքարենք: Այս անգամ պիտի այս թերությունները վերացնենք, գործին ավելի խելոք մոտենանք, որ արդյունքն այսպես չլինի: Միանշանակ է, որ հողին պիտի կառչած մնանք, մեր ապագան կերտենք: Եթե այդպես չլինի այս դպրոցը, աշխատելը անիմաստ է դառնում: Հիմա միայն այդ նպատակի համար պիտի պայքարենք:
Հիմա կարելի է ասել՝ նվազագույնն է արվում: Մեր ուղեղներում պետք է փոփոխություն մտցնենք, ամեն մարդ իր գործը պետք է նորմալ կատարի: Ղեկավարությունից սկսած՝ մինչև շարքային քաղաքացի, եթե իր պարտականությունները նորմալ կատարի, կհասնենք մեր նպատակին: Ազգային գաղափարախոսության վրա պետք է ուշադրություն դարձվի, որ մարդկանց մոտ հուսահատություն, պառակտում չլինի: Եթե սա ուշադրության կենտրոնում պահեն, ապահովեն միասնականությունը, մնացածը խելոք ղեկավարի հարց է:
Արցախցիներին, հայ ժողովրդին խաղաղություն եմ ցանկանում, թող բոլորի օջախներում տոն լինի: Կցանկանայի, որ այս վատ օրերը չկրկնվեն: Պիտի պատրաստ լինենք, ուժեղ լինենք, որպեսզի կարողանանք մեր խաղաղությունն ապահովել:
Կիչանի և Ղազանչիի Կարեն Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Զորայր Աբրահամյան
Այն Նոր տարին ամեն տարվա նման չի լինելու: 2020 թվականից հետո ամեն ինչ փոխվել է: Ո՛չ աշակերտների, ո՛չ ծնողների շրջանում չկա նախկին խանդավառությունը: Մենք ամեն կերպ փորձում ենք ներգործել այդ խնդրին, փոխել երեխաների տրամադրությունը, ուրախություն հաղորդել: Դպրոցում հայտարարված էր ամանորյա կահավորանքի մրցույթ. որոշ դասարաններում արդեն աշխատանքներն սկսված են, որոշներում ավարտին են հասցվել:
Չեմ կարող ասել գյուղի կամ առանձին ընտանիքների մասին, բայց, ելնելով իրավիճակից, բոլորի տրամադրությունն էլ նույնն է: Այնուամենայնիվ, պարտավոր ենք ինչ-որ ոչ ձևով գոնե երեխաներին ուրախացնելու, նրանց ոգին չկոտրելու համար տոն ու ուրախություն փոխանցելու:
Մաճկալաշեն համայնքի ղեկավար Լեռնիկ Ավանեսյան
Մինչև պատերազմը նորմալ ենք նշել տոնական օրերը, երկու տարի է՝ չենք նշում: Երեխաները մեղավոր չեն, նրանք չպիտի զրկվեն իրենց ուրախություններից: Նախատեսել ենք թեթև միջոցառում կազմակերպել երեխաների համար, մուլտհերոսներ հրավիրել:
Իհարկե, առաջվա նման չէ, բայց ժամանակը վերքը բուժում է, մարդիկ կամաց-կամաց հունի մեջ են մտնում: Կրակոցներ պարբերաբար լսվում են: Խաղաղապահների ներկայությամբ ենք գյուղատնտեսական աշխատանքներ կատարում:
Մաղթանքս է, որ խաղաղություն լինի, մեր ժողովուրդը խաղաղ պայմաններում արարի, ստեղծի, ապրի:
Նախիջևանիկի միջնակարգ դպրոցի տնօրեն Գալինա Մեժլումյան
Իրավիճակով պայմանավորված՝ տրամադրությունների փոփոխություն կա: Ինչքան էլ ցանկանանք սրտանց ուրախանալ, այդ տրտմությունը, թախիծը մեր հոգու մեջ է: Մենք ցանկության դեպքում էլ չենք կարող սրտանց ուրախանալ, բայց որպեսզի հուսալքության տրամադրությունը երեխաների մեջ չաճի, որպեսզի զգան, որ կյանքը շարունակվում է, որպեսզի զգան, որ մենք ապրելով պիտի հաղթենք թշնամուն, նրանց համար այդ տրամադրությունը կաշխատենք ստեղծել: Ամեն ինչ կանենք, բայց՝ զուսպ:
Երեխաները պետք է զգան, որ պիտի ապրեն ոչ միայն իրենց, այլ նաև նրանց փոխարեն, ովքեր չապրեցին: Գիտակցեն, որ իրենց հայրերը, եղբայրները զոհվեցին նրա համար, որ իրենք կյանքը լիարժեք ապրեն: Դրա համար կաշխատենք այս Նոր տարին էլի տոնածառ զարդարել, բոլոր միջոցառումներին դաստիարակչական ասելիքը տեղ հասցնել, որպեսզի միջոցառումն իր նպատակին հասնի:
Ամենամեծ մաղթանքս այն է, որ մեր Արցախը հարատևի, խաղաղություն լինի ու երբեք չստեղծվի այնպիսի իրավիճակ, որ մտածենք Արցախը լքելու մասին: Ես ուզում եմ, որ հայի մտքից Արցախը լքելու մտայնությունը դուրս գա: Մենք իրավունք չունենք այս հողը լքելու, որովհետև բառիս ուղղակի իմաստով այս թզաչափ հողը ողողված է արյունով: Չկա մի տարածք, որտեղ արյուն թափված չլինի: Մենք պետք է հիշենք, թե ինչքան թանկ գնով է այս կյանքը տրվել մեզ:
Մաղավուզի Մհեր Դանիելյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Վաչագան Ավանեսյան
Տրամադրությունն այն չէ, բայց երեխաներին մի քիչ ուրախացնելու, տրամադրությունները բարձրացնելու համար թեթև տոնական միջոցառում կկազմակերպենք: Որոշ հոգեբանական ճնշում կա համայնքի, երեխաների վրա: Բայց հուսով ենք, որ սա ժամանակավոր բնույթ է կրելու: Հուսանք, որ նախկին սահմանագիծը կհաստատվի ու առաջնագիծը նորից կանցնի Թալիշի բարձունքներով:
Իսկ դրա համար յուրաքանչյուրս պետք է պայքարենք, չմտածենք, որ առանց մեզ այդ հարցը կլուծվի: Պիտի մտածենք, որ մեզանից յուրաքանչյուրից է կախված ապագան. պայքարենք, պահանջենք, որ հարցի լուծումը լինի հօգուտ մեզ:
Թաղավարդի հիմնական դպրոցի տնօրեն Մարգարիտա Սահակյան
Տրամադրությունը միշտ էլ մարտական էր: Բայց երբ դասարանները կահավորելու առաջարկ արեցինք, աշակերտների մի մասն ասաց, որ տրամադրություն չունի տոնածառ զարդարելու: Հիմա ավելի մեծ ուշադրության կենտրոնում ենք: Երեխաները տարբեր կազմակերպություններից, անհատներից, պետական կառույցներից նվերներ են ստանում: Բայց կնախընտրեի՝ նախկին նվերները ու նախկին իրավիճակը լիներ:
Խաղաղություն եմ մաղթում բոլորին. պատերազմ չլինի, զոհեր չտանք, մեր մայրերի, քույրերի աչքերը արցունք չտեսնեն:
Ճանկաթաղի միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Վրեժ Խաչատրյան
Գյուղի որոշ տներից 300-500 մետր հեռավորության վրա է գտնվում թշնամու դիրքը: Ժամանակ առ ժամանակ օդ են կրակում: Բայց դա էլ հոգեբանորեն ազդում է: Հիմա պետք է հարմարվենք նոր իրավիճակին: Հույս ենք պահում, որ լավ կլինի: Ուրիշ գնալու տեղ չունենք: Եթե մենք այստեղ չբնակվենք, թուրքն է բնակվելու:
Իսկ Նոր տարին ամեն տարվա նման ճոխ չենք նշելու, գյուղից վեց զոհ ենք ունեցել վերջին պատերազմի ժամանակ:
Զրուցեց Տաթևիկ Աղաջանյանը