Ակնկալում ենք, որ համայն հայության միահամուռ ջանքերի շնորհիվ կկարողանանք հասնել մեր նպատակին. Ջիվան Ավետիսյան

Արցախի մասին պատմող ֆիլմերով հայտնի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանն այժմ աշխատում է «Վերածնվածը» կինոնախագծի վրա: Ֆիլմի բյուջեի գոյացման համար, ինչպես և «Դրախտի դարպասը» ֆիլմի դեպքում իրականացվում է crowdfunding: Նոր նախագծի մասին է «Ապառաժ»-ի զրույցը ռեժիսորի հետ:
—«Վերածնվածը» ֆիլմի մասին խոսում էիք մինչ պատերազմը, սակայն հիմա այլ իրողություններ են, սցենարում արդյո՞ք փոփոխություններ է արվել նոր պատերազմով պայմանավորված:
-Ի սկզբանե այս կինոնախագծի հիմքում ունեցել ենք 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի գիծը: Բայց 2020 թվականի վերահաս պատերազմը փոփոխություն մտցրեց այդ գծի մեջ. երբ Արցախում էի, այդ ողջ դաժանություները, այդ սարսափելի իրականությունը տեսնելով պայքարի մեջ էի մտքերիս հետ, չգիտեի յուրաքանչյուր հաջորդ օրը կամ րոպեն ու վայրկյանը ինչ կբերի իր հետ, բայց մտածում էի, որ պետք է փոփոխենք 2016-ի իրադարձությունները 2020-ով։ Երբ վերադարձա, սկսեցինք արդեն աշխատանքներ տանել համապատասխան փոփոխությունների ուղղությամբ։ Արցախում ես տեսանկարահանել, նկարել եմ շատ կադրեր, որոնց մի մասը տեղ կգտնի ֆիլմում։
—Ե՞րբ եք պլանավորում սկսել նկարահանումները, արդյո՞ք արտասահմանցի դերասաններ եք հրավիրելու:
-Ֆիլմի արտադրությունը նախատեսում ենք սկսել 2022թ․-ի աշնանը, եթե մինչ այդ արտառոց որևէ դեպք, իրադարձություն ի հայտ չգա, ապա կանենք ըստ ծրագրվածի։ Նկարահանումները նախատեսում ենք իրականացնել մի քանի երկրներում: Դերասանական կազմն արդեն որոշակիորեն ուրվագծված է, սակայն անուններ դեռ չեմ բարձրաձայնի: Նշեմ միայն, որ ֆիլմում ներգրավված կլինեն ինչպես հայ, սփյուռքահայ դերասաններ, այնպես էլ օտարազգի: Իսկ ֆիլմի գլխավոր հերոսին մարմնավորելու է սփյուռքահայ մի երիտասարդ, ում շատերը դեռ չգիտեն, բայց վստահ եմ, որ շատ կսիրվի դիտողների կողմից:
—Ինչպե՞ս է կազմակերպվելու crowdfunding-ը:
-«Վերածնվածը» կինոնախագծի crowdfunding-ի արշավի մեկնարկը տրվել է մարտի 30-ին՝ kickstarter հարթակում: Յուրաքանչյուր ոք կարող է մուտք գործել կայք և կատարել նվիրաբերում https://www.kickstarter.com/projects/revivalfilm/revival-a-film-by-jivan-avetisyan։ Որպես շնորհակալություն, նվիրաբերումների դիմաց մենք ունենք շատ հետաքրքիր պարգևներ, որոնք ավելի մանրամասն ներկայացված են kickstarter-ի մեր էջում։

Ֆիլմի զարգացման փուլի բյուջեն ամբողջացված է, crowdfundingn-ն իրականացվում է արտադրության փուլի հայկական բյուջեի մի մասի՝ 100.000 ԱՄՆ դոլարի համալրման համար, որն ունենալուց հետո կկարողանանք դիմել հայկական և միջազգային ֆոնդերի, կազմակերպությունների՝ բյուջեի մյուս մասն ամբողջացնելու համար։
Ակնկալում ենք, որ համայն հայության միահամուռ ջանքերի շնորհիվ կկարողանանք հաջողությամբ հասնել մեր նպատակին։ Եվ, քանի որ «Վերածնվածը» միջազգային համագործակցությամբ ստեղծվող ֆիլմ է, թեման՝ համամարդկային, kickstarter-ում նվիրատվության կատարելու հնարավորությունները լայն, ուստի, մարդիկ աշխրահի տարբեր մասերից, կարող են միանալ մեզ, աջակցել՝ միասին իրականություն դարձնելու համար այս կինոնախագիծը։
—«Դրախտի դարպասը» crowdfunding-ի միջոցով է նկարահանվել, արդյո՞ք այդ փորձը հաջողված էր:
-«Դրախտի դարպասը» ֆիլմի համար իրականացված crowdfunding-ն, այո, բավականին հաջողված էր։ Իհարկե, շատ ավելի լավ է լինում խոշոր ներդրումների միջոցով գոյացնել ֆիլմի անհրաժեշտ բյուջեն, բայց աշխարհում ստեղծված իրավիճակը դրդեց գնալ այդ քայլին, և մեր նախորդ հաջողակ փորձն էլ ավելի հաստատակամություն տվեց մեր այդ որոշմանը։ Հուսով եմ, որ իրենց ներդրումով մեզ կմիանան անհատներ, ընկերություններ, կազմակերպություններ, որպեսզի միասին իրականություն դարձնենք «Վերածնվածը» կինոնախագիծը, որն ինչ-որ տեղ մեր բոլորի վերածննդի խորհուրդն է կրում իր մեջ։