Ակնհայտ էր, թե միջազգային հանրություն ասվածի տակ վարչապետն ինչ նկատի ուներ․ Վարդան Պողոսյան

-Անցյալ տարի ապրիլի 13-ին այս ամբիոնից ՀՀ վարչապետը արեց հետևյալ հայտարարությունը. «Այսօր միջազգային հանրությունն ասում է՝ մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի նշաձողը, և մենք միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովենք Հայաստանի և Արցախի շուրջ», հակառակ դեպքում նա ասում էր, որ միջազգային հանրությունը պատրաստ չէ մեզ օգնելու։ Այս մասին Ազգային Ժողովում տեղի ունեցող լսումների ժամանակ հայտարարեց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։
-Այս հայտարարությունը շրջադարձային էր Արցախի նկատմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքականության առումով։ Հիշեցնեմ, որ միջազգային հանրություն ասելով՝ վարչապետն այդպես էլ չպարզաբանեց, թե ում մասին է խոսքը։ Բայց ակնհայտ էր, թե միջազգային հանրություն ասվածի տակ վարչապետն ինչ նկատի ուներ։ Չմոռանանք, որ հայտարարությունից մեկ շաբաթ առաջ տեղի էր ունեցել եռակողմ հանդիպումը Ադրբեջան-Հայաստան-ԵՄ, և այդ հանդիպումից հետո՝ մեկ շաբաթ անց, ՀՀ վարչապետը խոսում է Արցախի հարցով նշաձողը իջեցնելու մասին»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ մենք պետք է հասկանանք, թե այնուամենայնիվ այդ հայտարարությամբ կառավարությունն իր ծրագրի որ մասն էր ապահովում, չէ որ դրանից առաջ՝ ընտրություններից հետո կառավարության ծրագրով իրենք պարտավորվել էին, որ իր հիմնական խնդիրը լինելու է Արցախի հիմնախնդրի լուծումը՝ ինքնորոշման իրավունքի վրա։