Ակնարկում են չասել «Արցախ», վաղն էլ կասեն, որ չասենք ղարաբաղցի ենք. Համլետ Պետրոսյան
Գլխավոր » Լրահոս » Ակնարկում են չասել «Արցախ», վաղն էլ կասեն, որ չասենք ղարաբաղցի ենք. Համլետ Պետրոսյան

Ակնարկում են չասել «Արցախ», վաղն էլ կասեն, որ չասենք ղարաբաղցի ենք. Համլետ Պետրոսյան

Կարծում եմ՝ հաշտության, խաղաղության գնալու մոտեցումներն արտաքնապես երևացող բաներ են, իրականում հակառակորդը նույնն է, նրա մտադրությունները չեն փոխվել. ասել է ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, հնագետ Համլետ Պետրոսյանը՝ անդրադառնալով պետական աջակցությամբ Բաքվի կողմից փաստերի խեղաթյուրման դրսևորումներով հերթական միջոցառմանը՝ Երևանը «Իրևան» ներկայացնող գրքի և irevan-etnomap.com կայքի շնորհանդեսին։

«Ադրբեջանը շարունակելու է նույն քաղաքականությունը՝ կա՛մ հայերը չպիտի լինեն, կա՛մ պիտի լինեն այնպիսին, ինչպիսին իրենք են ուզում՝ ունեզրկված, կամազուրկ, ամեն ինչին զիջող մի հանրույթ։ Այս քաղաքականությունը մանրամասն մշակվում է․ այսօր սա են ասում, վաղը՝ մի ուրիշ բան, ու այդպես շարունակ»,- ասաց նա։

Պետրոսյանի խոսքով՝ հայկական մշակութային ժառանգությունը նպատակային կերպով ոչնչացվում է. «Այն ամենը, ինչ իրենց դեմ է ուղղված, վերացնում են, մնացածի մասին ասում են՝ իբր, նույնիսկ ձերն էլ չէ։ Դադիվանքը, ասում են, իբր, հայկական չէ, աղվանական է, մյուսը՝ ուդիական։ Եվ դա աշխատում է, որովհետև նրանք վարում են հստակ քաղաքականություն և գիտեն իրենց նպատակը։ Մեր նպատակը դարձել է լռելն ու անտեսանելի լինելը։ Ես որպես անհատ ու հետազոտող խիստ հիասթափված եմ և, կարծում եմ՝ հազարներն այս վիճակում են»։

Ավելին, ըստ հնագետի, արդեն իսկ տարբեր տեղերից ակնարկում են, որ «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի շրջանակում գործող monumentwatch.org կայքում չօգտագործեն «Արցախ» բառը։

«Ակնարկում են, որ չասենք «Արցախի մշակութային ժառանգություն», մի քիչ հետո էլ կասեն, որ չասենք՝ ղարաբաղցի ենք, չասենք էլ, որ հայ ենք, որովհետև այդ ամենը խանգարում է գլոբալ խաղաղությանը»,- նշեց նա՝ հավելելով, որ ի տարբերություն նման ակնարկների՝ Հայաստանի իշխանությունների կողմից պաշտոնապես նման պահանջ չի ներկայացվել։

«Բայց Ադրբեջանին չզայրացնելու քաղաքականության շրջանակում ինչու ոչ՝ մի օր էլ, գուցե, մեր իշխանություններն այդ պահանջը մեր առջև դնեն․ դրա բոլոր հիմքերը կան։ Ես ասել եմ՝ այդ դեպքում կա՛մ ինձ մի դաշույն տվեք, կա՛մ մի քիչ թույն, որ հարկ եղած դեպքում կարողանամ անպատիվ չմնալ»,- ասաց Պետրոսյանը։

Հնագետը նշեց, որ առաջիկայում միջազգային գիտաժողովի մասնակցելու նպատակով մեկնելու է Իտալիա․«Եվ, իհարկե, ներկայացնելու եմ Տիգրանակերտը՝ անկախ նրանից՝ ով է գալու, ինչ են անելու։ Հիմա քաղաքականությունը, ի վերջո, դարձրել են մեր կենցաղը, ինքնությունն ուրանալու գործընթաց։ Բայց սա քաղաքականություն չէ, սա խաղաղություն չէ։ Մարդը, ի վերջո, արժանապատվություն ունի՞, թե՞ չունի։ Սա արդեն անձնական արժանապատվության հարց է դառնում հազարների համար։ Ինչ է նշանակում՝ էս մի ասա, էն մի ասա, էս բառը մի օգտագործիր։ Մեր երկրում ո՞վ պիտի մեզ թելադրի, թե մենք մեզ ինչպես պահենք։ Պարտվողն էլ պետք է թեկուզ նվազագույն արժանապատվություն ունենա․ սա անարժանապատիվ պարտվողների մոտեցում է։ Ի՞նչ է, ասենք՝ ուժեղ են եղել, հաղթել են, մենք հո ստրո՞ւկ չենք»։

Անդրադառնալով վերադարձի հնարավորությանը՝ Պետրոսյանը նշեց, որ այդ մասին չի էլ մտածում. «Եթե աշխարհը լինի խաղաղ, ժողովուրդները հակված լինեն խաղաղության, ի՞նչ տարբերություն։ Եթե ես կարողանամ գնալ Արցախ, ապրել ու իմ քեֆին չկպնեն՝ ինչո՞ւ չգնամ։ Նույնը վերաբերում է Ադրբեջանի տարածքներին։ Բայց արդյոք սա իրականությո՞ւն է, թե՞ խաբկանք»։

Այնուամենայնիվ, Պետրոսյանը շեշտեց, որ ձեռքերը ծալած չեն նստելու։ «Երկու ամիս առաջ հրատարակեցինք «Տիգրանակերտը», մեկ ամիս առաջ՝ Արցախի թանգարաններին նվիրված մեր անգլերեն գիրքը։ Շարունակելու ենք մեր աշխատանքը monumentwatch.org կայքում, շարունակելու ենք հետազոտությունները։ Գիտնականն ազատ է․ ո՞վ կարող է ինձ ասել՝ ինչ գրեմ կամ ինչ անեմ։ Ոչ ոք իրավունք չունի, և չենք էլ ենթարկվելու։ Խնդիրն անձնական չէ, սա ամբողջ հասարակությանը խեղճացնելու գործընթաց է»,- ընդգծեց նա։

Ֆինանսավորման խնդիրներ, ըստ նրա, կան, սակայն դա երբեք խոչընդոտ չի եղել։ «Տիգրանակերտի մասին գիրքը հո իշխանություննե՞րը չեն ֆինանսավորել։ Մենք շարունակելու ենք մեր հնարավորությունների սահմաններում։ Մեր պոտենցիալը մեծ է, մենք լավ գիտնականներ ենք, մեզ միջազգային մակարդակում ճանաչում են։ Մենք չենք կարող ու չենք պատրաստվում խեղճուկրակ դառնալ և հանուն ինչ-որ հարաբերությունների գրել այն, ինչ մեզ ասում են»,- եզրափակեց Համլետ Պետրոսյանը։

1