Ցուցարարները պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը
Գլխավոր » Երիտասարդական » Ցուցարարները պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը

Ցուցարարները պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը

ՀՅԴ ՀԵՄ Ցույց

Ցանկացած հանրային կամ հասարակական հնչեղություն ունեցող հարցի վերաբերյալ, ցանկացած ուղղությամբ վարվող պետական քաղաքականության վերաբերյալ կարծիք ձևավորելուց և այն բարձրաձայնելուց առաջ նախ պետք է հասկանալ ովքե՞ր ենք մենք՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության նախագահ Արգիշտի Գևորգյանը «Հանուն ազգային և առաջադեմ կրթության» կարգախոսով երթի մեկնարկին՝ Մատենադարանի հարթակում։

Նա նշեց, որ մենք հայեր ենք, Հայաստանի բնակիչներ ենք, մարդիկ, ովքեր Հայաստանն են ընտրել որպես գործունեության և կյանքի միջավայր և Հայաստանով են պայմանավորում ներկան, ապագան։

Արգիշտի Գևորգյանի համոզմամբ՝ բոլոր հիմնական և կարևորագույն փոփոխությունները պետք է սկիզբ առնեին մեր կրթական համակարգից, քանի որ կրթության, գիտության, մշակույթի բնագավառում մենք, արդեն այսօր, պետք է նշմարեինք մեր լուսավոր ապագայի հստակ պատկերը։

«Սակայն ի՞նչ ունենք մենք դրա փոխարեն մեր կրթության գիտության, սպորտի և մշակույթի ոլորտներում։ Մենք չունենք այս ոլորտների պետական ռազմավարություն։ ՈՒնենք քաոս և կառավարման ճգնաժամ ոլորտներում։ Չունենք որևէ համակարգային բարեփոխման հույս անգամ։ ՈՒնենք ոչինչ անել չկարողացող, փոխարենը՝ անգրագետ, հակագիտական, անպատասխանատու հայտարարություններ անող, ազգայինն ու առաջադիմականը հակադրող Արայիկ Հարությունյան»,-նշեց նա։

Նա նշեց, որ երկու տարվա ընթացքում նույն կարմիր թելը մենք տեսնում ենք ԿԳՄՍ ոլորտներում վարվող քաղաքականությունում՝ որևէ կերպ հայագիտության զարգացմանը չնպաստելը, ավելին՝ ամեն հարմար առիթին այս ոլորտին հարվածելը, հայագիտությունը և առաջադիմությունը կեղծ հակադրության մեջ դնելը, հայկական ժառանգության պահպանմանը ուղղված քայլերի բացակայությունը, դրա գոհարները աշխարհին և նոր սերնդին ներկայացնելու կամքի բացակայությունը, Հայ Առաքելական եկեղեցու դերի նվազեցմանն ուղղված հետևողական քաղաքականությունը, հայոց պատմության վերախմբագրման փորձերը վարվող ապազգային և հայկական շահերին սպառնալիք հանդիսացող քաղաքականության լավագույն վկայությունն են։

«Փաստացի այժմ նախարարի պաշտոն է զբաղեցնում մեկը, ով ոչ միայն անկարող է լուծել որևէ խնդիր, այլև անընդհատ ստեղծում է նոր ճգնաժամեր, ով չունի տեսլական, ում կողմից իրականացված քաղաքականությունը հակասում են հայկական պետությունների շահերին»,-նշեց նա։

Արգիշտի Գևորգյանը նշեց, որ 2 տարվա արդյունքում մենք ունենք ապազգային և ապաշնորհ, ոչ թափանցիկ գործունեությամբ զբաղվող պաշտոնյա, որի կողմից համակարգված նախարարությունը իր ենթակայության տակ գտնվող ոլորտներում քաոս ստեղծելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հարկերից ստացել է 1 մլն դոլարի պարգևավճար։

«Ընդհանրապես անհնար է պատկերացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ ավելի վտանգավոր ոտնձգություն, քան կրթության, գիտության, սպորտի և մշակույթի ոլորտներով այսպես զբաղվելը։ Այս կարևորագույն ոլորտների ճգնաժամերն արդեն ակնհայտ են։ Այս մասին խոսում են բոլորը, անգամ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները։ Այս մասին են խոսում ամենատարբեր քաղաքական և հասարակական կազմակերպություններ, այս մասին են խոսում մշակույթի և սպորտի տարբեր գործիչներ, գիտության ոլորտի ականավոր ներկայացուցիչներ։ Եվ որ ամենակարևորն է, այս մասին են բարձրաձայնում Հայաստանի Հանրապետության տասնյակ հազարավոր քաղաքացիներ»,-նշեց նա։

Արայիկ Հարությունյանին պաշտպանելը վերածվել է նեղ թիմային մտածելակերպի արտացոլման, որը պետք է մերժվի և դատապարտվի՝ արձանագրեց Արգիշտի Գևորգյանը։

yerkir.am

https://www.facebook.com/arfdofficial/videos/3262123637175305
1