Ահավոր դժվար է, բայց պետք է տոկալ, ապրել ու ապրեցնել մեր երեխաներին
… 1993֊ի օգոստոսի 23֊ից հետո իմ կյանքը վերածվել էր լուռ տառապանքի… Ոչ միայն ապրում ու պայքարում էի լուռ, նաև տառապում էի լուռ ,- գրել է հրամանատար Մերուժան Մոսիյանի այրին՝ Գենյա Գալստյանը։
«2020թ. սեպտեմբերի 27֊ից իմ տառապանքը բազմահազար անգամ խտացավ, սեղմվեց, կուչ եկավ սրտիս մի անկյունում ու էլ ավելի լռեցրեց ինձ։ Ես տառապեցի ոչ միայն Արցախյան առաջին պատերազմում զոհվածների համար, ովքեր հաղթանակ էին բերել ազգին, այլ, որ առավել ցավալի է, սեպտեմբերի 27֊ից հետո մեր բոլոր զոհերի, անհայտ կորածների ու գերիների համար… Սա մեկ այլ, ավելի դաժան արհավիրք էր…
… Չեմ ուզում խոսել շատ ու շատ հարցերից, որոնց մասին շատերդ խոսել եք, ես ուղղակի լուռ տառապել եմ կամ մտածել պայքարի և հարցի լուծման հնարավոր տարբերակների մասին։
… Այսօր ուզում եմ դիմել բոլորին, ովքեր ունեցան կորուստներ Արցախյան բոլոր պատերազմներին… ես խորապես զգում եմ բոլորիդ ցավը և բոլորիդ հետ տառապում (ինքս գիտեմ դրա ծանրությունը)… ուզում եմ, որ բոլորս հոգատար լինենք իրար հանդեպ, սիրենք միմյանց, մեր հոգում միայն բարություն սերմանենք, որ կարողանանք օգնել մեղմելու միմյանց ցավը… Ահավոր դժվար է, բայց պետք է տոկալ, ապրել ու ապրեցնել մեր երեխաներին, օգնել մեղմելու մեր ծնողների վիշտը… Սիրում եմ բոլորիդ… Ամուր եղեք…»։