ԱՀ փաստաբանների պալատը կոչ է անում զերծ մնալ Նորայր Հայրիյանի և Ռոման Երիցյանի հասցեին զրպարտող մեկնաբանություններից

Հարգելի՛ քաղաքացիներ, վերջերս ֆեյսբուքյան հարթակում լուրեր են շրջանառվում փաստաբան Ռոման Երիցյանի և իրավապահ մարմինների, մասնավորապես, գլխավոր դատախազի և դատավորների բարեկամական, ընկերական հարաբերությունների և դրա հետ կապված դատական որոշումներ կայացնելու հարցով:
Եթե կարծում եք, թե փաստաբանը խախտել է փաստաբանի վարքագծի կանոնագրքի որևէ կետ, առաջարկում ենք Ձեզ դիմել ԱՀ փաստաբանների պալատ:
Ֆեյսբուքյան հարթակում տարածված հայտարարությունների թվին են դասվում փաստաբան Երիցյանի՝ դատավորի հետ համագործակցությունը, գլխավոր դատախազի և վերաքննիչ դատարանի դատավորների հետ հանցավոր համագործակցության մեջ մտնելը, քրեորեն պատժելի արարքները, պատերազմական օրերին ԱՀ տարածքից փախուստի դիմելը, մարդկանց անձնական կյանքից տվյալներ հավաքագրելը, փաստաբանի լիազորություններից դուրս գործողություններ ձեռնարկելը և այլն:
Սահմանադրությամբ ամրագրված է ազատ արտահայտվելու իրավունքը: Որևէ մեկը զրկված չէ ազատ արտահայտվելու իրավունքից, սակայն խնդրում և կոչ ենք անում զերծ մնալ անհարկի հայտարարություններ տարածելուց և գործել բացառապես օրինականության դաշտում:
Միաժամանակ հայտնում ենք ձեզ, որ նման գրառումները զրպարտում և վիրավորում են փաստաբան Ռոման Երիցյանին, ինչպես նաև ոտնձգություն է ոչ միայն փաստաբանի նկատմամբ, այլ փաստաբանների մասնագիտության, արդարադատության և փաստաբանների պալատի նկատմամբ: Հորդորում եմ լինել կոռեկտ: Դուք զրկված չեք Ձեր՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքներից:
ԱՀ փաստաբանների պալատը պատրաստակամություն է հայտնում հանդիպել գրառում կատարած անձանց, Նորայր Հայրիյանի և Ռոման Երիցյանի հետ՝ քննարկելու ստեղծված իրավիճակը:
ԱՀ փաստաբանների պալատը գործում է արդար և բացառապես օրենքի շրջանակներում: Վստահեցնում ենք Ձեզ, որ կողմնակալ վերաբերմունքը Պալատի կողմից բացառվում է: