ԱՀ փաստաբանների պալատը կարգապահական վարույթ է հարուցել

Օգոստոսի 17-ին ԱՀ փաստաբանների պալատի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել, որում նշվում է, որ փաստաբանների պալատի նախագահի թիվ 07 առ 15.08.2022թ. որոշման համաձայն, ԱՀ քաղաքացի Սոնյա Հայրիյանի դիմումի հիման վրա հարուցվել է կարգապահական վարույթ ԱՀ փաստաբանների պալատի փաստաբան Ռոման Արթուրի Երիցյանի նկատմամբ։
«Ապառաժ»-ի հետ զրույցում Ռոման Երիցյանը նշել է, որ ԱՀ Փաստաբանների պալատի նախագահի որոշմամբ իր նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ այն բանի համար, որ ինքն առանց Դատարան դիմելու վերացրել է իր վստահորդ ընկերության սեփականության իրավունքի խախտումները։ «Նույն վարույթի հարուցման առիթ է հանդիսացել նաև այն, որ ես ԴԱՀԿ ծառայության աշխատակիցներին աջակցել եմ իմ վստահորդ ընկերության օգտին կայացված դատական ակտի կատարմանը։
Ամեն դեպքում վարույթ հարուցելը դեռևս չի վկայում փաստաբանի կողմից վարքագծի կանոնների խախտում թույլ տալու մասին, ուստի անհասկանալի է, թե ինչ տրամաբանությամբ է պալատը հրապարակավ, այն էլ՝ ֆեյսբուքյան եղանակով տարածում նման որոշման գոյության լուրը»,- նշել է փաստաբանը։
Նրա խոսքով՝ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի ի սպառ բացակայության պայմաններում իր նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ, որպիսի շարժառիթներն իր համար պարզ են ու հասկանալի։
Ավելացնենք, որ փաստաբան Ռոման Երիցյանը մի շարք աղմկահարույց դատական գործընթացների մասնակից է և անօրինական պատճառաբանություններով աշխատանքից ազատված նրա պաշտպանյալներից շատերը դատարանի որոշմամբ վերականգնվել են նախկին աշխատանքում: Վերջերս էլ սոցիալական ցանցերում սկսել է քննարկվել Պյատաչոկի մոտ տեղադրված կրպակի և Չառլի սրճարանի սեփականատերերի վեճը։ Սրճարանի սեփականատերերի շահերը պաշտպանում է Ռոման Երիցյանը: Հանրային քննարկման առարկա դարձած դեպքին անդրադարձել է նաև ԱՀ դատախազությունը՝ կոչ անելով զերծ մնալ անհարկի հայտարարություններ տարածելուց և գործել բացառապես օրինականության դաշտում:
Հուլիսի 30-ին վեճի մասին մասին գրառում է հրապարակվել նաև ԱՀ փաստաբանների պալատի ֆեյսբուքյան էջով: