ԱՀ ՊԲ-ն իր գործառույթներն իրականացնում է սահմանված շրջանակներում
Նոյեմբերի 14-ին «Ապառաժ»-ը այս բովանդակությամբ հարցում է ուղղել ԱՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանին․
«Սույն թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արցախի կողմից հնչեցրած առաջարկին՝ ԱՀ Պաշտպանության բանակի կազմալուծման խնդրին՝ նշելով՝ «Հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հանդիպման ժամանակ ես ներկայացրել եմ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների առաջարկը. այն է՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ միջազգային երաշխիքներով ստեղծել ապառազմականացված գոտի, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղը կարող է և նման մասշտաբի Պաշտպանության բանակ ունենալու կարիք չունենա»:
Իսկ սույն թվականի նոյեմբերի 11-ին Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հաղորդավարը, անդրադառնալով Ն. Փաշինյանի ելույթին, հավելել է. «Արցախից էլ ասում են, որ եթե շփման գծի ամբողջ երկայնքով տեղակայվեն ռուս խաղաղապահներ, Պաշտպանության բանակի փոխարեն գուցե լինեն պաշտպանական ստորաբաժանումներ»:
Հարցազրույցում Ն. Փաշինյանը խուսափել է հարցին ուղղակի պատասխանելուց և նշել է, որ այդ հարցը քննարկման առարկա է:
- Արդյո՞ք դուք տեղյակ եք Արցախի կողմից Պաշտպանության բանակի կազմալուծման և պաշտպանական ստորաբաժանումների կյանքի կոչելու մասին առաջարկին:
- Արցախի կողմից ո՞ր մարմինն է հնչեցրել այս առաջարկը»:
Մեր հարցմանն ի պատասխան ԱՀ ՊԲ տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժնից նշել են․
«Ի պատասխան՝ ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Կ․ Վարդանյանին հասցեագրված Ձեր գրության հարցադրումների՝ տեղեկացնում եմ, որ Պաշտպանության Բանակն ապաքաղաքական կառույց է, որն իր առօրյա գործունեությունն ու ԱՀ անվտանգության ապահովմանն ուղղված գործառույթներն իրականացնում է օրենսդրական կարգավորումներով սահմանված շրջանակներում: Բանակի հրամանատարությունը չունի քաղաքական ղեկավարության հայտարարությունները մեկնաբանելու լիազորություն, հետևաբար Արցախի պաշտպանության նախարարը, ցավոք, չի կարող պատասխանել Ձեր հարցադրումներին»։
Հարկ ենք համարում նշել, որ ԱՀ սահամանդրության 14-րդ հոդվածով անդրադարձ է կատարվում Զինված ուժերին և պաշտպանությանը՝ սահմանելով զինված ուժերի գործառույթներն ու պարտականությունները․
1. Արցախի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Արցախի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը:
2. Արցախի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և քաղաքացիական վերահսկողության ներքո են:
3. Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Արցախի Հանրապետության պաշտպանությանը:
Հավելենք, որ «Ապառաժ»-ը նույն բովանդակությամբ հարցում էր ուղարկել ԱՀ մի շարք պաշտոնատար անձանց, հարցմանը մինչ այժմ պատասխանել են ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը։