ԱՀ երրորդ և չորորդ նախագահները շնորհավորել են Սամվել Շահրամանյան՝ ԱՀ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

Սամվել Շահրամանյանին Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ երրորդ նախագահ Բակո Սահակյանը:
«Մեծարգո Սամվել Սերգեյի,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Վստահ եմ, որ մեր պետության համար այս ծանր ու վճռորոշ ժամանակաշրջանում ստանձնելով երկրի ղեկավարի բարձր ու պատասխանատու պաշտոնը, Դուք Ձեր հարուստ փորձն ու գիտելիքները, ունակություններն ու կարողություններն անմնացորդ կծառայեցնեք մեր հայրենիքի ու ժողովրդի առջև ծառացած խնդիրների արդյունավետ լուծմանը:
Մաղթում եմ Ձեզ մեծագույն հաջողություններ՝ Ձեր հայրենանվեր առաքելության իրականացման բարդ ու դժվարին ճանապարհին»:
ԱՀ չորրորդնախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձում ասված է.
« Հարգարժա՛ն պարոն Շահրամանյան,
Ուրախ եմ, որ երեկ, ԱՀ Սահմանադրությանն ու օրենսդրությանն ամբողջապես համապատասխանող ընթացակարգերով, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել եք Հանրապետության նախագահի պաշտոնում, իսկ այսօր՝ երդմնակալությամբ ստանձնել լիազորությունները: Հաջողություն եմ մաղթում Ձեզ՝ Արցախի համար այս ճակատագրական փուլում ստանձնած դժվարագույն լիազորությունների իրականացման հարցում:
Գնահատելի է Ձեր վճռականությունն ու պատրաստակամությունը այսպիսի պայմաններում վերցնելու ծանր պատասխանատվություն և առաջնորդելու Արցախի ժողովրդին դեպի մեր ազգային իղձերն ու սահմանադրական նպատակները:
Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Ես իմ անվերապահ սատարումն եմ հայտնում Ձեզ և պատրաստ եմ առավելագույնս նպաստելու Ձեր նախագահական լիազորությունների արդյունավետ իրագործմանը:
Ընդունե՛ք հարգանացս հավաստիքը և լավագույն բարեմաղթանքներս՝ հանուն Արցախի ժողովրդի անվտանգ ու արժանապատիվ հարատևման և Արցախի Հանրապետության ամրացման»: