ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարները Մարտունիում

Ապրիլի 21-ին Մարտունու շրջվարչակազմի նիստերի դահլիճում ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարները հանդիպել են Մարտունու շրջվարչակազմի, աշխատակազմի, շրջանի ուժային կառույցների, հիմնարկ-ձեռնարկությունների, համայնքների, ուսումնական հաստատությունների ղեկավարների հետ:
Մինչ հանդիպումը՝ շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանի և շրջվարչակազմի պատասխանատուների հետ ծաղիկներ են խոնարհել Գարեգին Նժդեհի և Մոնթե Մելքոնյանի արձանների պատվանդաններին՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց անմար հիշատակին: Հանդիպումն ունեցել է բավականին ակտիվ ու բաց ընթացակարգ: Հիմնական քննարկման թեման ստեղծված աշխարհաքաղաքական լարված իրավիճակում Արցախի վիճակի ու ապագայի հարցն էր:
Ապրիլի 14-ին ԱՀ Ազգային ժողովը հրավիրել է արտահերթ նիստ, որտեղ բոլոր խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: ԱՀ հասարակական կազմակերպությունները և միավորումները նույնպես միացել են և սատարել հայտարարությանը: Արցախի ներկայիս իրավաքաղաքական կարգավիճակը ձևավորվել է համաժողովրդական կամքի արտահայտությամբ՝ հայության բոլոր հատվածների միջև հաստատված համազգային համաձայնության ճանապարհով։ Սերունդների պարտքն է չշեղվել այդ ճանապարհից: Արցախահայությունը քաջ գիտակցում է խաղաղության շատ թանկ գինը, որը հենց ինքը վճարեց՝ սեփական զավակների կյանքով: Արցախի պետականությունը և պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը բացարձակ արժեքներ են, և անգամ պատերազմի սպառնալիքը չի կարող դրանցից հետ պահել: 44-օրյա պատերազմից հետո Արցախի ժողովրդի հայրենիքում մնալն ու հայրենի հողին նորից ամուր կառչելն այդ մասին է խոսում:

Աշխարհասփյուռ հայությանը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գործընկերներին, Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին ուղղված մեսիջները խոսում են արցախցու կամարտահայտության, իրավունքների և արժանապատվության պաշտպանության, ապագան հայրենիքում կառուցելու պարտադիր պահանջի մասին: Հայի բոլոր հաղթանակները միասնության ու համատեղ պայքարի արդյունքում են ձեռք բերվել: Ու այսօրվա հրամայականն էլ է դա՝ լինել միասնական՝ անկախ քաղաքական և այլ կողմնորոշումներից, անկախ տարիքից ու զբաղվածությունից, անկախ բնակության վայրից:

Մենք ունենք մեկ հայրենիք, ու այն հիմա վտանգված է, որի պաշտպանության համար յուրաքանչյուրն իր անելիքն ունի: Այս մասին իրենց ելույթներում խոսեցին ԱԺ խմբակցությունների ղեկավարները, միաժամանակ պատրաստակամություն հայտնեցին՝ լսել ներկաների նկատառումները, առաջարկությունները, պատասխանել հուզող և հետաքրքրող հարցերին: Հանդիպման ընթացքում խմբակցության ղեկավարներին ներկաներն ուղղեցին իրենց հարցերը, հանդես եկան տարբեր խնդիրների առնչությամբ առաջարկներով՝ իրենց համաձայնությունն ու գոհունակությունը հայտնելով հայտարարության վերաբերյալ:

Հանդիպումը սպասված ու մի քիչ էլ ուշացած էր՝ նշեցին մասնակիցները: Մշտապես մեր հաջողությունն ապահովված էր, երբ երկրի իշխանությունն ու ժողովուրդը միասին էին գործում՝ մեկ նպատակի ծառայելով: Կազմակերպիչները խոստացան նման հանդիպումները դարձնել պարբերաբար, այդ թվում՝ գյուղական համայնքներում:
Ամարաս թերթ