ԱՀ ԱԺ-ում կայացել է հանդիպում «Ապրելու ձայնը» խորագրով գրական- մշակութային օրերի մասնակիցների հետ
Գլխավոր » Լրահոս » ԱՀ ԱԺ-ում կայացել է հանդիպում «Ապրելու ձայնը» խորագրով գրական- մշակութային օրերի մասնակիցների հետ

ԱՀ ԱԺ-ում կայացել է հանդիպում «Ապրելու ձայնը» խորագրով գրական- մշակութային օրերի մասնակիցների հետ

Հուլիսի 1-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ընդունել է «Ապրելու ձայնը» խորագրով գրական — մշակութային օրերի մասնակիցներին: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Ողջունելով հյուրերին՝ Արթուր Թովմասյանը կարևորել է ստեղծագործող մարդկանց դերը հանրության մեջ առողջ մտածելակերպ ձևավորելու, մարդու գեղագիտական ճաշակի վրա ներազդելու, նաև՝ պատմությունը վավերականացնելու տեսանկյունից: Նա գրողների աշխատանքը համեմատել է մեղուների ու շինարարների ստեղծող տեսակի հետ:

Ազգային ժողովի նախագահը խոսել է արցախցու դիմադրողական ուժը հզորացնելու անհրաժեշտության մասին՝ այդ տեսանկյունից ընդգծելով Արցախ-Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման, գրական-մշակութային կամուրջների ստեղծման կարևորությունը: Համազգային հայ կրթական և մշակութային միության արցախյան գրասենյակի պատասխանատու Հերմինե Ավագյանը, ով «Ապրելու ձայնը» գրական–մշակութային օրերի կազմակերպիչներից է, շնորհակալություն է հայտնել հանդիպման համար ու նշել նման միջոցառումների շարունակականության կարևորությունը:

Հանդիպումն ընթացել է ազատ ընթացակարգով, Հայաստանից ժամանած գրողներն ու գրականագետները հարցեր են ուղղել խորհրդարանի ղեկավարին ու խոսել Արցախը համազգային մշակութային կենտրոն դարձնելու հնարավորության մասին: Հանդիպմանը ներկա էին խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները:

1