ԱՀ ԱԺ նախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Հունիսի 21-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է օրերս Ֆրանսիա կատարած այցի արդյունքները։
Այցի շրջանակներում ԱԺ նախագահը հանդիպումներ է ունեցել հայ համայնքի համանախագահների, ֆրանսիական քաղաքական գործիչների և տեղական 9 մարմինների ներկայացուցիչների, Արցախ-Ֆրանսիա բարեկամական շրջանակի նախագահ Ֆրանսուա Պուպպոնիի և Ատլետիկայի Հայաստանի ֆեդերացիայի նախագահի հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են համատեղ նոր ծրագրեր, նախանշվել դրանց իրագործման ուղիները։
Խորհրդակցությանը Լիբանան և Կիպրոս կատարած այցի մասին հակիրճ հաշվետվությամբ հանդես է եկել «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը։

Նա շեշտել է, որ հագեցած հանդիպումների ընթացքում քննարկվել են ծրագրեր՝ հետագա համագործակցության համար։ Այս առումով Ա․ Մոսիյանը հատկապես կարևորել է օտարերկրյա քաղաքական գործիչների հետ հանդիպումները։