Առաջին ընթերցմամբ ընդունվել է Սահմանադրության փոփոխության մասին հարցը
Գլխավոր » Լրահոս » Առաջին ընթերցմամբ ընդունվել է Սահմանադրության փոփոխության մասին հարցը

Առաջին ընթերցմամբ ընդունվել է Սահմանադրության փոփոխության մասին հարցը

Մարտի 15-ին գումարված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստում քննարկման էր դրվել առաջին ընթերցմամբ ներկայացված Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության մասին նախագիծը:

Հանրապետության նախագահի աշխատակազմի առաջին տեղակալ Ժիրայր Միրզոյանի ներկայացմամբ՝ նախագիծը նպատակ ունի ռազմական դրության ժամանակ ստեղծել հնարավոր ճգնաժամերից խուսափելու իրավական հիմքեր և ապահովել կառավարման համակարգի կայունությունն ու անընդհատությունը:

«Գործող սահմանադրության դրույթներից հատկապես վտանգավոր է այն, որ հանրապետության նախագահի պաշտոնն օրենքով սահմանված որևէ հիմքով թափուր մնալու դեպքում նախատեսված է նախագահի և Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ նշանակելու պահանջ: Նույն մեխանիզմն աշխատում է նաև Ազգային ժողովի արձակման դեպքում: Նշված իրավիճակում համապետական ընտրություններ նշանակելու հնարավորություն չլինելու դեպքում առաջ է գալիս իրավաքաղաքական ճգնաժամի վտանգ: Նման դեպքում դադարում է գործել Ազգային ժողովը և կառավարությունը, ինչը մեր պայմաններում հնարավոր է՝ հասցնի իրավաքաղաքական ճգնաժամի: Հաշվի առնելով Արցախի հանրապետության անվտանգության ապահովման հրամայականը, Արցախի հանրապետության առջև ծառացած մարտահրավերները, աշխարհաքաղաքական, տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև ռազմական դրության պայմաններում պետական կառավարման համակարգի ճկունությունն ապահովելու անհրաժեշտությունը, առաջարկվում է ռազմական դրության ժամանակ նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում նախագահ ընտրելու իրավունքը վերապահել Ազգային ժողովին»,- իր խոսքում նշել է Ժիրայր Միրզոյանը:

Ներկայացվող նախագծով առաջարկվում է լրացում կատարել Սահմանադրության «Եզրափակիչ և անցումային դրույթներ» վերտառությամբ 12-րդ գլխում, որում փոփոխություններ կատարելու իրավունքը գործող Սահմանադրությամբ վերապահված է Ազգային ժողովին: Նախագծով ռազմական դրության ժամանակ մինչև գործող նախագահի լիազորությունների ավարտը նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ագային ժողովի խմբակցություններին վերապահվում է իրավունք առաջադրելու և ընտրելու նախագահ, որը կպաշտոնավարի մինչև գործող նախագահի իրազորությունների ժամկետի ավարտը: Տվյալ եղանակով ընտրված նախագահի պաշտոնավարման ընթացում արգելվում է արձակել Ազգային ժողովը:

Մտքերի փոխանակության բաժնում ԱՀ ԱԺ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն», Արցախի «Արդարություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունների տեսակետը ներկայացրել է պատգամավոր Գեղամ Ստեփանյանը.

«Հետպատերազմյան Արցախում սահմանադրական փոփոխությունների թեման պարբերաբար ամենահրատապ քննարկվող նյութերից մեկն էր դարձել՝ կապված նրանից, թե որքան սրություն են ունեցել ներքին քաղաքական հարցերն ու երկրի կառավարման համակարգն ամրապնդելու կամ կատարելագործելու հրամայականը: Մեզ համար հենց այդ՝ պետականությունը պահպանելու և այն ցնցումներից հեռու պահելու մղումն է եղել գլխավոր տեղում և հենց դրանով էր պայմանավորված մեր համաձայնությունը 2022թ. հունվարից սահմանադրական բարեփոխումների սկզբից քաղաքական, ապա և մասնագիտական հանձնաժողովներին անդամակցելու և լիարժեք մասնակցելու իմաստով: Այդ աշխատանքի ամբողջ ընթացքում մենք նկատի ենք ունեցել սահմանադրական բարեփոխումների ամբողջ փաթեթը՝ կամ փոփոխությունների լրիվ ծավալով կամ էլ նոր սահմանդրության նախագծի տեսքով: Ինչ որ տեղի է ունեցել հաջորդ ամիսներին. սահմանադրական բարեփոխումների կոնցեպտի փոփոխություն, ապա և այդ նույն կոնցեպտով խորհրդարան բերված կարճ տարբերակի հետ վերադարձ, այդ ամենը կատարվել է առանց մեր մասնակցության և ոչ մեր նախաձեռնությամբ՝ կոնկրետ հանրապետության նախագահի կողմից:

Այս փուլում ներկայացված տարբերակի վերաբերյալ մեր համատեղ տեսակետը հանգում է միայն քաղաքական կողմին: Իրավական տեսանկյունից այս երևույթի մասին, ինչպես և նախատեսված է օրենսդրությամբ, գնահատական տալու իրավասությունը վերապահված է Գերագույն դատարանին: Հաշվի առնելով այս հանգամանքը և այն ելակետը, որի մասին նշեցի ելույթի սկզբում, պետական համակարգը բոլոր հնարավոր միջոցներով ամուր պահելու և այն ցանկացած այդ թվում ճգնաժամային իրավիճակում ցնցումներից զերծ պահելու գերակայությունները, մենք՝ Ազգային ժողովի երեք ընդդիմադիր խմբակցությունները, որոշել ենք կողմ քվեարկել ներկայացվող նախագծին»:

Նախագծի վերաբերյալ կարծիք է հայտնել նաև Արթուր Թովմասյանը, նշելով, որ ցանկացած Սահմանադրություն առաջին հայացքից լավ է երևում, գործադրելուց հետո երևում են թերությունները: «Առաջին հայացքից լավ էր թվում, որ մեզ նման փոքր երկրներում միաժամանակ անցկացնենք և նախագահական, և խորհրդարանական ընտրությունները, որովհետև յուրաքանչյուր համապետական ընտրություն ահռելի գումար է: Բայց չենք նկատել, որ Արցախում կարող է ֆորսմաժորային իրավիճակ ստեղծվել, չենք էլ մտածել, որ հնարավոր է մեր սուբյեկտայնությունը կորցնելու վտանգի առջև կանգնենք»,- ասել է ԱՀ ԱԺ նախագահը:

Այնուհետև նախագիծը քվեարկության է դրվել և միաձայն ընդունվել առաջին ընթերցմամբ:

Հիշեցնենք, որԱրցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 22-ին դիմել է Ազգային ժողովի նախագահին՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծը վերադարձնելու նպատակով՝ այն հանելով շրջանառությունից:

Արցախի նախագահի աշխատակազմից նշել են, որ նման որոշման համար պատճառ են հանդիսացել սահմանադրական փոփոխության իրացման ընթացքում հնչած տարաբնույթ քաղաքական գնահատականները, ինչպես նաև նախագծի վերաբերյալ հանրության շրջանում առաջացած բացասական արձագանքները, «ինչը կարող էր ներքին պառակտման ու լարվածության հերթական պատճառ դառնալ»։

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծում ասվում էր, որ Արցախում խորհրդարանական և նախագահական ընտրություններն անցկացվելու են առանձին՝ համապատասխանաբար 2023 և 2024 թվականներին: Սահմանադրության փոփոխությամբ՝ նախատեսվում էր նախագահական համակարգից անցում կատարվելու կառավարման կիսանախագահական համակարգի:

1