ԱՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին
Գլխավոր » Լրահոս » ԱՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

ԱՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

Դեկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Արցախի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը։ Այս համատեքստում Մասիս Մայիլյանն անդրադարձ է կատարել ս.թ. նոյեմբերի 29-ին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման դեպքին, որի արդյունքում ծանր վիրավորում է ստացել պաշտպանության բանակի զինծառայող Ռաֆայել Ազիզյանը: ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ նման միջադեպերը ևս մեկ անգամ վկայում են, որ անհրաժեշտ է կյանքի կոչել հրադադարի ռեժիմի միջազգային վերահսկման մեխանիզմների ներդրման ուղղությամբ ստանձնած պարտավորությունները։

Զրուցակիցները նաև քննարկել են նոյեմբերի 17-21-ը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ կազմակերպված Արցախի Հանրապետությունից, Հայաստանի Հանրապետությունից և Ադրբեջանից լրագրողների փոխայցերի արդյունքները։ Մասիս Մայիլյանը կարևորել է այն հանգամանքը, որ նմանատիպ նախաձեռնությունները չպետք է ինքնանպատակ բնույթ կրեն, այլ՝ առավելագույնս նպաստեն կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորմանը, ինչն առանցքային նշանակություն ունի խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման համար։ Այս համատեքստում ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմի գործողությունները, մասնավորապես՝ ս. թ. դեկտեմբերի 3-ին Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ-ում տարածված հուշագիրը հակասում են վստահության մթնոլորտի ստեղծմանն ուղղված նախաձեռնությունների տրամաբանությանը։

ԱՀ ԱԳՆ

1