ԱՀ ԱԳ նախարարը հանդիպել է ՀՀ ԱԽ քարտուղարի հետ

Հունվարի 16-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը Երևանում հանդիպել է Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Այս մասին հաղորդում են Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
ԱԽ քարտուղարը շնորհավորել է Սերգեյ Ղազարյանին ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ:
Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի համար՝ Սերգեյ Ղազարյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով Արցախում տիրող իրավիճակը և առաջացած խնդիրները:
Այնուհետև զրուցակիցները մտքեր են փոխանակել Արցախի և Հայաստանի անվտանգային հարցերի վերաբերյալ՝ մասնավորապես Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար խնդիրերի վերաբերյալ: Այս համատեքստում երկուստեք կարևորվել են ճգնաժամը հաղթահարելուն ուղղված համատեղ ջանքերը: