ԱՀ 2021թ. պետական բյուջեի ծախսերը նախատեսվում է ավելացնել 115,051.4 մլն դրամով
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » ԱՀ 2021թ. պետական բյուջեի ծախսերը նախատեսվում է ավելացնել 115,051.4 մլն դրամով

ԱՀ 2021թ. պետական բյուջեի ծախսերը նախատեսվում է ավելացնել 115,051.4 մլն դրամով

Մայիսի 26-ին ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը  Արթուր Հարությանյանի գլխավորությամբ  նիստ է հրավիրել: Այս մասին հաղորդում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Նիստին ներկա էին հանձնաժողովի 6 անդամներից 5-ը:

ԱՀ պետնախարար- ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է «Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները և լրացումները:

Նախագծով առաջարկվում է սեփական եկամուտները ավելացնել 6,100.0 մլն դրամով, պաշտոնական դրամաշնորհները՝ 1,667.4 մլն դրամով:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված, ինչպես նաև նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու համար  նախատեսվում է նոր ծրագիր`  77,000.0 մլն դրամի չափով:

 Անօթևան մնացած և (կամ) սոցիալական սուղ պայմաններում հայտնված անձանց համար ժամանակավոր կեցության, կացարանների վարձակալության նպատակով «Բնակարան վարձելու կամ ժամանակավոր կացարանով ապահովման նպատակով իրականացվող միջոցառումներ» ծախսային ծրագիրը նախատեսվում է ավելացնել 3,674.5 մլն դրամով:

«Ջրամբարների, ջրանցքների, ջրատարների վերանորոգում, վերականգնում և պահպանում» ծախսային ծրագիրը նախատեսվում է ավելացնել 3,000.0 մլն դրամով, «Գյուղատնտեսական միջոցառումների իրականացման ծրագրեր» ծախսային ծրագիրը՝ 1,000.0 մլն դրամով, «Ընթացիկ նորոգման, բարեկարգման և կոմունալ տնտեսության գծով ԱՀ շրջանների կարողությունների զարգացման ծախսեր» ծախսային ծրագիրը՝ 1,300.0 մլն դրամով,  «Կապիտալ ներդրումներ» ծախսային ծրագիրը ավելացնել 10,000.0 մլն դրամով:

Արցախի ներդրումային հիմնադրամին ու Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին տրամադրվող գումարները ավելացնել համապատասխանաբար  4,000.0 և 3,000.0 մլն դրամով:

Հայաստանի Հանրապետության տարածքում Արցախի Հանրապետության տեղահանված քաղաքացիների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման նպատակով ստեղծված ԱՀ Նախագահի աշխատակազմի  «ՀՀ-ում Արցախի Հանրապետության  կառավարության օպերատիվ շտաբ»  առանձնացված ստորաբաժանման պահպանման ծախսերի ապահովման նպատակով նախատեսվում է 75 484.6 հազ. դրամ. :

Պետական բյուջեի դեֆիցիտի համալրման նպատակով Արցախի Հանրապետության կողմից թողարկվող պարտատոմսերի սպասարկման համար նախատեսվում է «Ներգրավված փոխառու միջոցների  սպասարկման ծախսեր (տոկոսավճարներ)»  ծրագիրը ավելացնել 10,100.0 մլն դրամով:

«Այսպիսով՝ ԱՀ 2021 թվականի պետական բյուջեի ծախսերը նախատեսվում է ավելացնել 115,051.4 մլն դրամով, իսկ պետական բյուջեի եկամուտները` 7,767.4 մլն դրամով:

Փոփոխությունների արդյունքով 2021 թվականի պետական բյուջեի դեֆիցիտը կավելանա 107,284.0 մլն դրամի չափով, որի ֆինանսավորումն կիրականացվի ստացվելիք փոխառու միջոցների  ու արժեթղթերի  թողարկումից և տեղաբաշխումից ստացվող մուտքերի հաշվին»,- իր խոսքն ընդհանրացրել է պետնախարար- ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Պետնախարար- ֆինանսների նախարարը  և կառավարության անդամները պարզաբանումներ են տվել պատգամավորների բարձրացրած հարցերին առաջարկություններին:

3 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ օրինագիծը դրական եզրակացությամբ  ներկայացվել է առաջիկա լիագումար նիստի քննարկմանը:

Նիստին ներկա էին Կառավարության անդամներ և պատգամավորներ:

1