ԱՀ 2021թ. պետական բյուջեի ծախսերը նախատեսվում է ավելացնել 115,051.4 մլն դրամով
Մայիսի 26-ին ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Արթուր Հարությանյանի գլխավորությամբ նիստ է հրավիրել: Այս մասին հաղորդում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:
Նիստին ներկա էին հանձնաժողովի 6 անդամներից 5-ը:
ԱՀ պետնախարար- ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է «Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները և լրացումները:
Նախագծով առաջարկվում է սեփական եկամուտները ավելացնել 6,100.0 մլն դրամով, պաշտոնական դրամաշնորհները՝ 1,667.4 մլն դրամով:
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված, ինչպես նաև նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու համար նախատեսվում է նոր ծրագիր` 77,000.0 մլն դրամի չափով:
Անօթևան մնացած և (կամ) սոցիալական սուղ պայմաններում հայտնված անձանց համար ժամանակավոր կեցության, կացարանների վարձակալության նպատակով «Բնակարան վարձելու կամ ժամանակավոր կացարանով ապահովման նպատակով իրականացվող միջոցառումներ» ծախսային ծրագիրը նախատեսվում է ավելացնել 3,674.5 մլն դրամով:
«Ջրամբարների, ջրանցքների, ջրատարների վերանորոգում, վերականգնում և պահպանում» ծախսային ծրագիրը նախատեսվում է ավելացնել 3,000.0 մլն դրամով, «Գյուղատնտեսական միջոցառումների իրականացման ծրագրեր» ծախսային ծրագիրը՝ 1,000.0 մլն դրամով, «Ընթացիկ նորոգման, բարեկարգման և կոմունալ տնտեսության գծով ԱՀ շրջանների կարողությունների զարգացման ծախսեր» ծախսային ծրագիրը՝ 1,300.0 մլն դրամով, «Կապիտալ ներդրումներ» ծախսային ծրագիրը ավելացնել 10,000.0 մլն դրամով:
Արցախի ներդրումային հիմնադրամին ու Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին տրամադրվող գումարները ավելացնել համապատասխանաբար 4,000.0 և 3,000.0 մլն դրամով:
Հայաստանի Հանրապետության տարածքում Արցախի Հանրապետության տեղահանված քաղաքացիների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման նպատակով ստեղծված ԱՀ Նախագահի աշխատակազմի «ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ» առանձնացված ստորաբաժանման պահպանման ծախսերի ապահովման նպատակով նախատեսվում է 75 484.6 հազ. դրամ. :
Պետական բյուջեի դեֆիցիտի համալրման նպատակով Արցախի Հանրապետության կողմից թողարկվող պարտատոմսերի սպասարկման համար նախատեսվում է «Ներգրավված փոխառու միջոցների սպասարկման ծախսեր (տոկոսավճարներ)» ծրագիրը ավելացնել 10,100.0 մլն դրամով:
«Այսպիսով՝ ԱՀ 2021 թվականի պետական բյուջեի ծախսերը նախատեսվում է ավելացնել 115,051.4 մլն դրամով, իսկ պետական բյուջեի եկամուտները` 7,767.4 մլն դրամով:
Փոփոխությունների արդյունքով 2021 թվականի պետական բյուջեի դեֆիցիտը կավելանա 107,284.0 մլն դրամի չափով, որի ֆինանսավորումն կիրականացվի ստացվելիք փոխառու միջոցների ու արժեթղթերի թողարկումից և տեղաբաշխումից ստացվող մուտքերի հաշվին»,- իր խոսքն ընդհանրացրել է պետնախարար- ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
Պետնախարար- ֆինանսների նախարարը և կառավարության անդամները պարզաբանումներ են տվել պատգամավորների բարձրացրած հարցերին առաջարկություններին:
3 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ օրինագիծը դրական եզրակացությամբ ներկայացվել է առաջիկա լիագումար նիստի քննարկմանը:
Նիստին ներկա էին Կառավարության անդամներ և պատգամավորներ: