Աղավնոյում մեծ շուքով նշել են Ծաղկազարդի տոնը
Գլխավոր » Լրահոս » Աղավնոյում մեծ շուքով նշել են Ծաղկազարդի տոնը

Աղավնոյում մեծ շուքով նշել են Ծաղկազարդի տոնը

Հայաստանից Արցախ ժամանողներին առաջինը դիմավորում է Աղավնո գյուղը՝ Արիավանը։

Աղավնոն Արցախի այն հերոսական գյուղերից է, որի բնակիչները պատերազմի օրերին հերոսաբար դիմադրել ու պաշտպանել են գյուղը և առ այսօր կառչած են իրենց հողից, չնայած չորսբոլորը թշնամիներ են, իսկ ժամանակ առ ժամանակ ստիպված են լինում հանդուրժելու նաև թշնամու հերթափոխը։

Այսօր՝ ապրիլի 10-ին, երբ Հայ Առաքելական սուրբ եկեղեցին նշում է Ծաղկազարդի տոն օրը, Աղավնոյում կրկին մարդաշատ էր։ Ամեն տեղից հյուրեր էին եկել՝ Ծաղկազարդի տոնը Աղավնոյում նշելու, որի առիթով գեղեցիկ և հետաքրքիր միջոցառում էին կազմակերպել «Մշակութամետ» անհատական նախաձեռնության կամավորները։

Աղավնոյի դպրոցի բակում բնակիչները համեղ հյուրասիրություն էին կազմակերպել հյուրերի համար, որտեղ ներկայացրել ն ազգային տարատեսակ ուտեստները։

Միջոցառումը մեկնարկել է Աղավնո գետի ափին, որտեղ դպրոցի աշակերտներից Նիկոլայը ներկաներին պատմեց գյուղի ազատագրման և վերաբնակեցման պատմությունը, այնուհետև շրջելով գյուղի տարածքում՝ ներկաներին ծանոթացրեց գյուղի թաղամասերին, որոնք կրում են հերոսների անունները։

Խորհրդանշական էր Մարաղայի ջարդերի օրը գտնվել Աղավնոյում, քանի որ Աղավնոյի ազատագրումից հետո Մարաղայի ջարդերից փրկված հայերը հաստատվել են հենց Աղավնոյում։

Ներկաներին ուռենու ճյուղերով պսակներ բաժանելուց հետո դպրոցի բակում կազմակերպվել էր մշակութային միջոցառում՝ համեմված ազգային երգ ու պարով, խաղերով ու մրցույթներով։

«Մշակութամետ» նախաձեռնության անդամ Միրաբ Բաբայանը «Ապառաժ»-ի հետ զրույցում նշեց, որ միջոցառման անցկացման միտքը նոր չէ, որ ծագել է, քանի որ մի տարուց ավելի է, ինչ իրենք այցելում են սահմանային գյուղեր։

««Մշակութամետ» նախաձեռնության շրջանակում մեր կամավորներն ամեն շաբաթ այցելում են ամենահեռու գյուղեր, որտեղ մշակույթի դասավանդման հնարավորություն չկա և դասավանդում ենք, քանի որ մեր նպատակը սահմանամերձ գյուղերը սահմանապահ գյուղեր դարձնելն է։ Հիմա արդեն նաև Արցախում ենք, Աղավնո գյուղում, և մեր երեք ուսուցիչները կամավոր տեղափոխվել են, ու մեկ ամսից ավելի է, ինչ այստեղ են»,-ասել է Միրաբ Բաբայանը։

Միրաբ Բաբայանն ընգծեց, որ նպատակ ունեն մեր ազգային տոներն ու ծեսերը վերականգնելու։

«Սրանից առաջ նաև Բարեկենդանն ենք նշել Տավուշում, այսօր Ծաղկազարդն ենք նշում Աղավնոյում և կշարունակենք, սակայն այս ամենի հիմքում հայկական մշակույթի վերածննդի ապահովումն է մատաղ սերնդի մեջ», — նշում է նա։

Ապագայում Արցախում սպասվում են նաև ուրիշ ծրագրեր, սակայն Միրաբ Բաբայանը կարծում է, որ լավ կլիներ, եթե կառավարության հետ համատեղ իրականացվեին ծրագրերը, քանի որ այս պահին բոլոր ծրագրերն իրականացվում են կամավորների միջոցներով։ Այս պահին նախաձեռնությանը անդամակցում են 100-ից ավելի կամավորներ։

Թշնամու աչքի առջև հայկական մշակույթի տարածումն Արցախում, մեր ազգային, եկեղեցական տոների նշումը փաստում է, որ Արցախում կյանքը շարունակվում է, և արցախցին հավատարիմ է իր սկսած պայքարին, պատրաստակամ՝ հայկական պահելու սրբագործված իր հողը և պայքարելով վաստակել այնտեղ ազատ ապրելու իր բնական իրավունքը։

1