Ադրբեջանին տրամադրված ամերիկյան ռազմական օժանդակության վերահսկման բանաձևին միացել են ավելի քան 25 կազմակերպություններ
Գլխավոր » Լրահոս » Ադրբեջանին տրամադրված ամերիկյան ռազմական օժանդակության վերահսկման բանաձևին միացել են ավելի քան 25 կազմակերպություններ

Ադրբեջանին տրամադրված ամերիկյան ռազմական օժանդակության վերահսկման բանաձևին միացել են ավելի քան 25 կազմակերպություններ

Ամերիկյան սենատորներ Էդ Մարքին և Բիլ Քեսիդին ներկայացրել են երկկուսակցական բանաձև՝ ԱՄՆ պետդեպարտամենտից պահանջելով զեկույց ներկայացնել Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ՝ համաձայն «Արտաքին աջակցության ակտի» 502B(c) բաժնի պահանջների: Պետքարտուղարությունից հայցվող տեղեկատվությունը վերաբերելու է ինչպես Ադրբեջանի ներսում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների ոտնահարումներին, որոնց արդյունքում Արցախում արձանագրվեց էթնիկ զտում։ Որպես համահեղինակներ՝ բանաձևի այս նախագծին են միացել նաև սենատորներ Մարկո Ռուբիոն, Գարի Փիթերսը, Էլիզաբեթ Ուորենը, Շելդոն Ուայթհաուսը, Ռոբերտ Մենենդեսը և Փիթեր Ուելչը։

Այս առիթով, բանաձևի նախագծին ավելի շատ սենատորների միացումն ապահովելու համար՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը սկսել է համագաղութային արշավ՝ ամերիկահայությանը մղելով, Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի էլեկտրոնային համակարգերի միջոցով, իրենց շրջաններից ընտրված սենատորների վրա բանեցնելու համայնքային ճնշում։

Անդրադառնալով ներկայացված բանաձևին՝ սենատոր Քեսիդին նկատել է․ «Ռազմական գործողությունները երբեք չեն եղել Լեռնային Ղարաբաղում խաղաղության և կայունության լուծումը։ Այս բանաձևը ճնշում է գործադրում Ադրբեջանի կառավարության վրա՝ պաշտպանելու մարդու իրավունքները և դադարեցնելու տարածաշրջանում էթնիկ հայերի դեմ հանցագործությունները: Մենք պետք է պաշտպանենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքը, իրավունքները և հիմնաքարային ազատությունները»։ Իր հերթին սենատոր Մարքին ընդգծել է Ադրբեջանի կողմից Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության դեմ իրականացվող հանցագործությունների կանխման ու դրանում ամերիկյան ներգրավման անհրաժեշտությունը։

Համանման բանաձև էլ ներկայումս օրենսդրական ընթացակարգի մեջ է գտնվում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում՝ ներկայացված Ադամ Շիֆի կողմից, դեռևս անցած տարվանից։

Սենատում ներկայացված բանաձևի առթիվ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Անցյալ տարի Ադրբեջանի կողմից Արցախի ողջ բնակչության էթնիկ զտումը ժամանակակից ցեղասպանություն էր, որը կանխելու համար ԱՄՆ-ն ուներ բոլոր հնարավորությունները, բայց փոխարենը, արդյունավետ և անվերապահ ռազմական աջակցությամբ, Բաքվի ավտորիտար ռեժիմին հնարավորություն տվեց դա անելու։ Հայ դատի հանձնախումբը միանում է կոալիցիոն գործընկերներին՝ ողջունելով սենատորներ Մարքիի և Քեսիդիի առաջնորդությունը, ինչը միտված է վերականգնելու Կոնգրեսի խիստ անհրաժեշտ վերահսկողությունը ԱՄՆ ռազմական օժանդակության վրա՝ վերահաստատելով մարդու իրավունքների արժանի տեղը ԱՄՆ արտաքին քաղաքականության համատեքստում»։

«Արտաքին աջակցության ակտի» 502B(c) բաժինը երկար ժամանակ գոյություն ունեցող, սակայն չօգտագործված ակտ է, որն արգելում է ԱՄՆ-ի անվտանգային աջակցությունը «ցանկացած երկրի, որի կառավարությունն իրականացնում է միջազգայնորեն ճանաչված՝ մարդու իրավունքների կոպիտ խախտումներ: Եթե ներկայացված բանաձևն ընդունվի, դա կլինի առաջին դեպքը, երբ Կոնգրեսը 1976 թվականից ի վեր զեկույց է պահանջում համաձայն 502B(c) բաժնի համաձայն:

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աշխատանքների արդյունքում` հիշյալ բանաձևի նախագծին են միացել ավելի քան 25 ամերիկյան հասարակական կազմակերպություններ, որոնք ներկայացնում են ինչպես ամերիկյան իրավապաշտպան և քրիստոնեական հանրույթները, այնպես էլ ամերիկայում բնակվող տարբեր ժողովուրդների համայնքային կազմակերպություններ են։

Հայկական հետաքրքրության հարցերի շուրջ նման կազմակերպությունների համախմբումը Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործունեության վերջին տարիների ընթացքում բազմիցս հանդիպող երևույթ է և աշխատանքները այդպիսի կազմակերպությունների ցանկն ընդլայնելու ուղղությամբ նույնպես շարունակվելու են։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ

02․02․2024թ․

1