Ադրբեջանի զինված ուժերի կողմից Մարաղայում իրագործված պատերազմական հանցագործությունների արդյունքում 50 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 30 կին, դաժանաբար սպանվեց

Այսօր լրանում է Մարաղայի ոճրագործության 33–րդ տարելիցը:
Ուղիղ 33 տարի առաջ այս օրը՝ 1992 թ. ապրիլի 10-ին, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներն Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում իրականացրեցին հայ բնակչության կոտորած։ Ապրիլի 10-ի լուսադեմին ադրբեջանական ստորաբաժանումները հարձակվեցին Մարաղա գյուղի վրա՝ առանձնակի դաժանությամբ կոտորելով խաղաղ բնակիչներին և ավերելով գյուղը։
Ըստ տարբեր տվյալների, այդ թվում՝ Human Rights Watch և Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցների, Ադրբեջանի զինված ուժերի կողմից Մարաղայում իրագործված պատերազմական հանցագործությունների արդյունքում 50 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 30 կին, դաժանաբար սպանվեց, ևս 50 հոգի, այդ թվում՝ 29 կին և 9 երեխա պատանդ վերցվեց, որոնցից 19 հոգու ճակատագիրն առ այսօր անհայտ է։
Ինչպես վկայում է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և նախկին փոխխոսնակ, իրավապաշտպան բարոնուհի Քերոլայն Քոքսը, ով ողբերգությունից անմիջապես հետո «Christian Solidarity Worldwide» կազմակերպության մի խումբ ներկայացուցիչների հետ այցելել էր ավան, Մարաղայի գազանաբար սպանված բնակիչների մարմիններն անդամահատված էին, այլանդակված և հրկիզված։ Լեդի Քոքսը Մարաղան անվանեց «ժամանակակից Գողգոթա, միայն թե՝ շատ ավելի սարսափելի»։
Հայերի դեմ Ադրբեջանի կողմից իրագործված հանցագործությունների անպատժելիությունը և դրանց նկատմամբ միջազգային հանրության կողմից համարժեք քաղաքական և իրավական գնահատականի բացակայությունը բարենպաստ հող ստեղծեցին ադրբեջանցիների կողմից պետական մակարդակով հայերի ու ողջ հայկականի նկատմամբ էթնիկ զտման և ցեղասպանական քաղաքականությանը: Որի արդյունքն այսօրվա ստեղծված իրավիճակն է:
Պատմական գիտությունների թեկնածու Տարոն Հակոբյան