Ադրբեջանի սադրանքները պարտավորեցնում են գործնական քայլերի դիմել
Գլխավոր » Լրահոս » Ադրբեջանի սադրանքները պարտավորեցնում են գործնական քայլերի դիմել

Ադրբեջանի սադրանքները պարտավորեցնում են գործնական քայլերի դիմել

Ադրբեջանական կողմի ձեռագիրը մեզ համար նորություն չէ, Արցախի Հանրապետությունում և նախկին ԼՂԻՄ-ում ապրած մեր հայրենակիցները քաջածանոթ են նրանց գործելաոճին: Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է ԱՀ Ազգային ժողովի «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության պատգամավոր, ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը՝ անդրադառնալով հունվարի 10-ին Արցախի տարբեր շրջաններում ադրբեջանցիների ձեռնարկած սադրանքների մասին հարցին:

«Նրանց նպատակն է այս գործելաոճով վախի մթնոլորտ ձևավորել, որպեսզի Արցախում ապրող մեր հայրենակիցները ստիպված հեռանան իրենց հայրենի երկրից: Պլանավորված այդպիսի դեպքեր են արձանագրվում, մշտապես փորձ է կատարվում լարված վիճակում պահել ազգաբնակչությանը: Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ Ադրբեջանը աշխարհաքաղաքական զարգացումների խորապատկերի վրա փորձում է հարվածել ռուս խաղաղապահներին: Այսօր Ռուսաստանի ուշադրությունը ինչ-որ չափով շեղված է այս տարածաշրջանից: Այդ երկրի ղեկավարությունը ավելի շատ մտահոգված է Ղազախստանում տեղի ունեցած իրադարձություններով: Ադրբեջանը նմանօրինակ քայլերով փորձ է կատարում աշխարհին ցույց տալ, որ ռուս խաղաղապահնեը  չեն կարողանում տարածաշրջանում լիարժեք կատարել իրենց պարտականությունները: Դրանով իսկ ջուր են լցնում արևմտյան այն քարոզչամեքենաների ջրաղացներին, որոնք Ռուսաստանին մեղադրում են այս կամ այն հատվածում զինական ներկայություն ունենալու մեջ»,- նշել է պատգամավորը:

Վահրամ Բալայանի խոսքով՝ Ադրբեջանի այդ ծրագրերը կձախողվեն, որովհետև Արցախը դարեր շարունակ ապացուցել է, որ ինքը պատրաստ է և ի վիճակի է հաղթահարելու ամեն մի դժվարություն: Նա հույս է հայտնել, որ այս անգամ էլ համաժողովրդական ջանքերով կչեզոքացվեն այդ սադրանքները, և ուշադրությունը առավելապես կսևեռվի երկրի ներսում անվտանգային համակարգ ստեղծելու վրա: «Սա պարտավորեցնում է իշխանություններին ավելի գործնական քայլերի դիմել, մանավանդ սահմանամերձ բնակավայրերում անվտանգային համակարգն ամրապնդելու և մեր բանակը բարեփոխելու, տվյալ ժամանակաշրջանի ոգուն համապատասխան դարձնելու համար, որպեսզի ապահովվի ժողովրդի անվտանգությունը»,- կարծում է Վահրամ Բալայանը:

Նա նաև ռուս խաղաղապահների միջոցով դիրքային որոշակի փոփոխություններ կատարելու հնարավորություն է տեսնում, որպեսզի բնակչությունը հեռու լինի ադրբեջանական զինված ուժերի ուղիղ նշանառությունից: Իսկ այս ասպարեզում նույնպես, ըստ Վահրամ Բալայանի, իշխանությունները անելիքներ ունեն. պետք է փորձել նաև վերոհիշյալ գաղափարը բանակցությունների նյութ դարձնել, մանավանդ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների շրջանակներում քննարկումներ կազմակերպել և համապատասխան լուծումներ գտնել:

1