Ադրբեջանի կեղծիքներին հակադարձող չկա. Գագիկ Գյուրջյան
Գլխավոր » Լրահոս » Ադրբեջանի կեղծիքներին հակադարձող չկա. Գագիկ Գյուրջյան

Ադրբեջանի կեղծիքներին հակադարձող չկա. Գագիկ Գյուրջյան

Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել իր կողմից ամբողջովին օկուպացված Արցախի Հանրապետության պատմամշակութային հուշարձանները։ Արցախն օկուպացնելուց հետո Ադրբեջանը սկսեց հայկական հուշարձանները ներկայացնել՝ որպես աղվանական կամ ալբանական։

Վերջերս Վատիկանի «L’Osservatore Romano» լրատվամիջոցը, հետևելով ադրբեջանական քարոզչությանը, հոդված էր հրապարակել, որտեղ նշվում է, որ Վատիկանը կոչ է արել ճանաչել Ադրբեջանը՝ որպես ալբանական եկեղեցու ծննդավայր:

Հոդվածը վերնագրված է «Դեպի քրիստոնեության աղբյուրները՝ Ադրբեջանի Ալբանական առաքելական եկեղեցու հետքերով։ Ճամփորդություն Կովկասի հին Ալբանիայում»։

168.am-ի հետ զրույցում ԻԿՕՄՈՍ-Հայաստանի (Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային կոմիտեի) գործադիր տնօրեն Գագիկ Գյուրջյանն ասաց, որ այս թեմայի վերաբերյալ վերջերս քննարկում են անցկացրել և մեկ անգամ ևս համոզվել են, որ այդ ամենն Ադրբեջանի ակտիվ աշխատանքի արդյունքն է։

«Այսինքն՝ կարելի է այսօրվա աշխարհում ակտիվորեն կեղծ նյութեր հրատարակել, ամեն ինչ անել, հատկապես, երբ տեսնում են, որ իրենց ընդդիմացող ու հակադարձող չկա։

Ինքս բազմիցս ասել եմ, այժմ էլ կրկնում եմ, որ Հայաստանը պատմամշակութային ժառանգության ոլորտում չունի պետական արդյունավետ կառավարման մարմին։ Սա ԿԳՄՍ նախարարության համակարգում է, և այս կառուցվածքով նա ուղղակի չի կարող գործել։ Անհրաժեշտ է ունենալ անկախ մարմին՝ ոչ միայն հուշարձանների պարագայում, այլև նյութական և ոչ նյութական ժառանգության ոլորտի պահպանության համար։ Այդ մարմինը պետք է օժտված լինի համապատասխան լծակներով, կահավորված լինի համապատասխան սարքավորումներով, նաև համապատասխան մասնագետներով»,- նշեց Գագիկ Գյուրջյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ այսօր այս ոլորտում Հայաստանն ունի նաև մասնագետների պատրաստման խնդիր։ Հետևաբար՝ անհրաժեշտ է պատրաստել մասնագետներ, այդ թվում՝ տեսաբաններ, որոնք կկարողանան ընդդիմանալ, հակադարձել կեղծ հրապարակումներին ու պնդումներին։

Իհարկե, կան հասարակական կազմակերպություններ, որոնք այսօր միմյանցից անկախ գործում են, սակայն, Գագիկ Գյուրջյանի կարծիքով՝ այդ կազմակերպությունները մեկ թիրախի համար չեն աշխատում։

«Տվյալ ոլորտի հասարակական կազմակերպությունները պետք է խփեին մեկ թիրախի, որպեսզի արդյունքը տեսանելի լիներ, ոչ թե աշխատեին տարբեր թիրախների ուղղությամբ։ Ուստի, եթե վերը նշած մարմինը ստեղծվի, ապա այս աշխատանքները կկարողանա կոորդինացնել։

Մենք դրսում էլ ունենք հասարակական կազմակերպություններ, որոնք նկարահանումներ են անում տիեզերքից, նյութեր ձեռք բերում, հակադարձումներ անում, հոդվածներ տպագրում, բայց դրանք չեն կոորդինացվում, ինչի անհրաժեշտությունը կա՝ հատկապես հիմա։

Եվ այդ ամենը պետք է արվի պաշտոնական կառավարման համակարգով, պետք է լինի մարմին, որը նաև Կառավարությանը կստիպի, որպեսզի համապատասխան արձագանքներ տա։ Հիմա, քանի որ այդ հակադարձումները չկան, ով ինչ ցանկանում՝ այն էլ անում է։ Ցավով եմ ասում, որ ոլորտում համակարգված աշխատանքը բացակայում է»,- եզրափակեց Գագիկ Գյուրջյանը։

1