Ադրբեջանի հայատյաց պետական քաղաքականությունը պատերազմից հետո չի նվազել․ ՀՀ ՄԻՊ
Գլխավոր » Լրահոս » Ադրբեջանի հայատյաց պետական քաղաքականությունը պատերազմից հետո չի նվազել․ ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանի հայատյաց պետական քաղաքականությունը պատերազմից հետո չի նվազել․ ՀՀ ՄԻՊ

Երեկ՝ փետրվարի 15-ին, Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցի կոնֆերենս սրահում տեղի է ունեցել ՀՀ և ԱՀ Մարդու իրավունքների պաշտպաններ Արման Թաթոյանի և Գեղամ Ստեփանյանի համատեղ մամուլի ասուլիսը։

ՀՀ ՄԻՊ Արման Ստեփանյանը նշեց, որ իր համար մեծ պատիվ է հերթական անգամ Արցախում գտնվելը։ Այցը նաև խորհրդանշական բնույթ ուներ, քանի որ կապված էր Արցախյան շարժման 34-րդ ամյակի հետ։ Խորհրդանշական էր այն առոմով, որ 34 տարի առաջ այս օրերին էին դրվում մարդու իրավունքների պաշտպանության հիմքերն Արցախում։

Այցի ընթացքում պաշտպաններն իրականացրել են այցեր Աղավնո, Կարմիր շուկա, Թաղավարդ համայնքներ, ինչպես նաև այցելել այն քաղաքացիներին, ովքեր Ադրբեջանի պատերազմական հանցանքների հետևանքով տեղահանվել են, որպեսզի նրանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ ևս աշխատանքներ տարվեն։

Արման Թաթոյանն ընգծեց, որ ԱՀ ՄԻՊ գրասենյակի հետ ունեն սերտ հարաբերություններ, որին ականատես է լինում հասարակությունը։

«Մեր ուսումնասիրություններն ակնհայտ ցույց են տալիս, որ ադրբեջանական զինված ծառայողների կողմից կատարվող խախտումները, հարձակումները իրենց բնույթով թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում նույնն են։ Սա նշանակում է, որ հարցը վերաբերում է Արբեջանի իշխանությունների կողմից պետական մակարդակով հովանավորվող թշնամանքի և ատելության քարոզի քաղաքականությանը»,- նշել է պաշտպանը։  Նրա խոսքով՝ գործ ունենք ցեղասպան քաղաքականության հետ, որն ունի 2 գլխավոր հենասյուն՝ էթնիկ պատկանելիություն և կրոնական պատկանելիություն։

Պաշտպաններն արձանագրում են, որ Հայաստանի համեմատ Արցախում իրավիճակը մի փոքր այլ է մի շարք գործոններով պայմանավորված. ադրբեջանական զինված ծառայողների կողմից արարքներն ավելի ագրեսիվ են, որոնց մասին վկայում են քաղաքացիական անձանց սպանությունները ՝Ճարտարում, Շուշիում:  «Խախտումներ կան, որ բնույթով բացարձակ նույնն են․ խաղաղ բնակիչների համար խոչընդոտների ստեղծում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, կրակոցներ, զենքով սպառնալիքներ և այլն։ Կարևորն այն է, որ այս հանցանքները թույլ են տալիս ադրբեջանական այն զինված ծառայողները, որոնք հայտնվել են մեր գյուղերի հարևանությամբ»:, — ասել է Արման Թաթոյանը:

Պաշտպանն ուշադրություն հրավիրեց նաև այն հարցի վրա, որ ադրբեջանական իշխանությունները տարիներ շարունակ տարել են Արցախն արտաքին աշխարհից մեկուսացնելու քաղաքականություն, և այդ քաղաքականությունն է ընկած նաև այն խախտումներ հիմքում, որոնք այս ընթացքում տեղի են ունեցել։ «Մեր դիտարկումներն ու փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանի իշխանությունները պատերազմից հետո ավելի են սաստկացրել իրենց մեկուսացման քաղաքականությունը։ Սա մարդու իրավունքների կոպիտ խախտումների շարքում է դասվում»,-ընդգծել է ՀՀ ՄԻՊ-ը։

Արման Թաթոյանը այս այցով ցույց է տալիս, նաև, թե որքան կարևոր են այցերը, այդ թվում նաև միջազգային կազմակերպությունների այցերն Արցախ։ Օգտագործելով առիթը՝ նա դիմեց միջազգային գործընկերներին՝ նշելով, որ պետք է հավատարիմ լինել այն միջազգային սկզբունքներին, որ ՄԱԿ-ը, ԵԱՀկ-ն և այլ կազմակերպություններ քարոզում են, ըստ որոնց՝ իրավունքների պաշտպանությունը չի կարող քաղաքական սահմանափակումներ ունենալ։ «Որևէ  պետության չճանաչված լինելը չի նշանակում իրավունքների պաշտպանության առումով մեկուսացում աշխարհից, և չպետք է թույլ տալ քաղաքական նկատառումներից ելնելով մարդկանց համար սահմանափակել արտաքին աշխարհի հասանելիությունը»,- նշել  է նա։

ՀՀ ՄԻՊ-ն ընգծեց, որ տարիներ շարունակ նրանք աշխատել են, որպեսզի միջազգային կազմակերպություններն այցեր իրականացնեն Արցախ,որովհետև ի վերջո այս հարցը կապված է նրա հետ, ինչի համար որ ստեղծվել են այդ կազմակերպությունները։

«Պատերազմից հետո խաղաղ բնակչության իրավունքների կոպիտ խախտումները շարունակվում են։ Մեր փաստերը ցույց են տալիս, որ ադրբջնական զինված ծառայողների ներկայությունը մեր բնակավայրերի և ճանապարհների մոտ ինքնին խաղաղ բնակիչների կյանքի իրավունքի խախտում է: Ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում և հատկապես Գեղարքունիքում և Սյունիքում, սահմանային բնակավայրերի բնակիչները զրկված են իրենց սեփականության իրավունքից։ Ադրբեջանի զինված ծառայողները հայտնվում են այն հողամասերի, տների մեջ, որոնք կադաստրային վկայականով, սեփականության իրավունքով պատկանում են մեր քաղաքացիներին։ Այդ ծառայողները զբաղվում են  մարդկանց ահաբեկելով, առևանգելով,անասուններ գողանալով»,-ասել է Ա. Թաթոյանը։

ՀՀ և ԱՀ պաշտպաններն  եկել են են այն համոզմանը, որ գյուղերի հարևանությամբ Ադրբեջանի զինված ծառայողներ չպետք է լիեն, որովհետև նրանք են, որ խաթարում են մարդկանց բնականոն կյանքը։

ՀՀ ՄԻՊ-ը նշեց, որ  մարդկանց անվտանգությունը և կյանքի իրավունքը անմիջապես սպառնալիքի ներքո են , իսկ անվտանգության հարցերից զատ մեր քաղաքացիների համար նրանք ստեղծում են լրջագույն սոցիալական խնդիրենր:  

«ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և միջազգային այլ կառույցների կանոնները հստակ ամրագրում են, որ այդ բոլոր արարքները անթույլատրելի են. դրանք ամբողջությամբ խաթարում են միջազգային սկզբունքները, պահանջներն ու կանոնները, որոնք ստեղծվել են տարիների ընթացքում»,-նշել է Ա. Թաթոյանը։

ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանին ուղղված այն հարցին, թե արդյո՞ք կա նախադեպ, երբ Ադրբեջանը պատասխանատվության է ենթարկել իր իսկ իրավախախտներն, պաշտպանը պատասխանել է, որ առ այսօր ԱՀ իրավապահ մարմինների կողմից հարուցվել է 63 քրեական գործ (որից՝ 10 զինվորական և 3 քաղաքացիական սպանություն) և փորձ է արվել Ադրբեջանի իրավապահ մարմինների հետ կառուցողական դաշտում միջադեպերի քննման մեխանիզմ ստեղծել, սակայն Արբեջանը չի ընդունել առաջարկը: «Ադրբեջանը ոչ մի իրավախախտ զինծառայողի կամ պաշտոնյայի պատասխանատվության չի ենթարկել, հակառակը՝ արժանացրել է խրախուսման։ Որևէ հույս, որ ադրբեջանական կողմը խախտումների վերաբերյալ արդար և անաչառ քննություն կիրականացնի, չունենք, և ապագայում էլ չի լինելու»,-ասել է Գ. Ստեփանյանը։

«Ապառաժ»-ի թղթակցի այն հարցին, թե ի՞նչ է անում ՀՀ ՄԻՊ-ն այն պարագայում, երբ ՀՀ-ն փաստորեն չի կատարում 1992 թվականի հուլիսի 8-ին ՀՀ Գերագույն խորհրդի ընդունած որոշմամբ  ստանձնած այն պարտավորությունը, ըստ որի  պարտավորվում է «հետևողականորեն սատար կանգնել ԼՂՀ և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը», Արման Թաթոյանը ամբողջական պատասխան չտվեց, այլ միայն նշեց, որ իր համար հստակ է մեկ բան․ «Ադրբեջանի իշխանությունների ատելության ու թշնամանքի քարոզի պետական քաղաքականությունն ուղղված է առհասարակ հայ ժողովրդի ու հայկականության դեմ։ Խոսքը հայատյացության մասին է: Պատերազմական հանցանքները, դրա հետևանքները առաջանում են ոչ միայն Արցախի, այլև հայաստանի համար, բայց դրանք բնույթով միանսական քաղքականության տարրեր են։ Մենք երբեք չպետք է սա անտեսենք ու մոռանանք, հետևաբար Արցախի մեր հայրենակիցների, մեր հայրենիքի նկատմամբ այս իրավունքների խախտումները պետք է ներկայացվեն հենց այդ համատեքստում,որովհետև այդես էլ կա»։

Պաշտպանը նաև նշեց, որ  մենք պետք է նկատի ունենանք և մեր պայքարի մեթոդները մեր իրավունքների պաշտպանության և անվտանգության նկատառումով նույնպես լինեն միասնական։ «Դրա համար  մենք ԱՀ ՄԻՊ-ի հետ համատեղ ենք աշխատում և ունենք համատեղ զեկույցներ, որովհետև նույնն են բոլոր խնդիրները, պարզապես մենք արձանագրում ենք Արցախի փաստերը, Հայաստանի փաստերը, հետո միավորում և այդ կերպ աշխարհին ենք ներկայացնում, որ այստեղ խոսքը ոչ թե մեկ, երկու խնդրի մասին է, այլ համակարգված պետական քաղաքականության, որը պատերազմից հետո մի նշույլ անգամ չի նվազել»,-ասել է Ա. Թաթոյանը:

Վերջում ՀՀ ՄԻ պաշտպանը շնորհակալություն հայտնեց լրագրողներին իրենց կատարած աշխատանքի համար, որովհետև այնտեղ, որտեղ չեն հասցնում լինել պաշտպանները, օգնության են հասնում լրագրողները։ Սա հատկապես նկատելի էր պատերազմի օրերին, երբ ծանրաբեռնվածության պատճառով պաշտպանի գրասենյակը չէր հասցնում փաստահավաք աշխատանքներ իրականացնել ամեն տեղ, ուստի լրագրողների շնորհիվ հետագայում հնարավոր է  եղել տեղեկանալ կատարված միջաջադեպերի մասին:

1