Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը պատրաստ չէ խաղաղության. ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը
Գլխավոր » Լրահոս » Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը պատրաստ չէ խաղաղության. ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը

Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը պատրաստ չէ խաղաղության. ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը

ՀՀ արտաքին գերատեսչությունն արձագանքել է վերջին շրջանում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության և տարբեր գերատեսչությունների կողմից արվող հայտարարություններին` նշելով, որ դրանք բովանդակային կառուցվածքից զուրկ, հիստերիա հիշեցնող հակահայկական մրցակցային հայտարարություններ են: «Տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է գերազանցել իր նախկին հակահայկական հայտարարությունները, ինչը տասնամյակների ընթացքում հետևողական հակահայկական դիսկուրսի պայմաններում հեշտ գործ չէ»,–ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Հայկական կողմն ընդգծում է յան փաստը, որ սեփական ժողովրդի առջև ատելություն քարոզող և պատերազմի սպառնալիքներով հանդես եկող Ադրբեջանի ավտորիտար իշխանություններն  օգտագործում են կորոնավիրուսի դեմ պայքարն իրենց երկրում մարդու իրավունքների լայնածավալ խախտումներ իրականացնելու համար. իրողություն, որը բարձրաձայնվել է մի շարք հեղինակավոր միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների կողմից:

«Այնուհանդերձ, ինչքան էլ որ հայերի դեմ ատելության քարոզը և պատերազմի սպառնալիքները միտված լինեն ներքին լսարանին, նման հայտարարությունները լրջորեն վնասում են խաղաղ գործընթացին և մատնանշում, որ ոչ թե Ադրբեջանի ժողովուրդը, այլ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը պատրաստ չէ խաղաղության»,–ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ Ադրբեջանի ղեկավարության հակահայկական գործողություններն արդեն ստացել են իրենց իրավական գնահատականը միջազգային ատյանների կողմից: Այսպես,  ՄԻԵԴ-ի «Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով դատավճիռը դատապարտեց ադրբեջանական պետության  ռասիստական քաղաքականությունը, որն արտահայտվել էր մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներելու, ազատ արձակելու և պարգևատրելու գործողություններով:

«Հայատյացությունը որպես ներքին համախմբման և իշխանության լեգիտիմության հիմնական աղբյուր դիտարկող Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար»,–ասված է ԱԳՆ հայտարարության մեջ: 

Արցախի և Հայաստանի անվտանգային համակարգը բավարար համալիր և կայուն է՝  արդյունավետորեն հասցեագրելու և հակադարձելու նման սպառնալիքները:

Նշենք, հունիսի 3-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել էր Ադրբեջանի Թարթառի շրջանի բնակիչների հետ։  Ալիևը իր խոսքում նա ասել էր, որ Ադրբեջանը 2016-ի պատերազմում «փայլուն հաղթանակ է տարել հայերի նկատմամբ» և կարող է կրկնել այդ «հաղթանակը»։

armeniasputnik.am

1