Ադրբեջանը շարունակում է տեղեկատվական ահաբեկչությամբ հոգեբանական ճնշում գործադրել Արցախում ապրող մարդկանց վրա
Գլխավոր » Լրահոս » Ադրբեջանը շարունակում է տեղեկատվական ահաբեկչությամբ հոգեբանական ճնշում գործադրել Արցախում ապրող մարդկանց վրա

Ադրբեջանը շարունակում է տեղեկատվական ահաբեկչությամբ հոգեբանական ճնշում գործադրել Արցախում ապրող մարդկանց վրա

Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդի դեմ ագրեսիան՝ տեղեկատվական ահաբեկչությամբ հոգեբանական ճնշում գործադրելով Արցախում ապրող մարդկանց վրա։ Այս մասին ահազանգում է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

Ֆեյսբուքյան իր էջում նա մասնավորապես գրել է.

«Նպատակը մեկն է՝ հայաթափել Արցախը՝ տարբեր մեթոդներով վախ, հուսահատություն և հոգեբանական ճնշվածություն տարածելով Արցախում ապրող մարդկանց շրջանում։ Եթե մինչ այդ զանգում էին մեր բնակիչներին ու առաջարկում գնել խանութներն ու բնակարանները, այժմ Ֆեյսբուք սոցիալական ցանցում ակտիվացել է «Խանքենդի/Ստեփանակերտ» էջը, որը հստակորեն իրականացնում է ադրբեջանական քարոզչամեքենայի պատվերները։ Վերջին գրառմամբ էլ Ստեփակերտի ինքնահռչակ պատգամավորը ներկայացնում է իր գոյություն չունեցող գրասենյակի կոնտակտները՝ իբր ակնկալելով, թե Արցախի բնակիչները կդիմեն իրեն։ Սա ադրբեջանական իշխանությունների հերթական մանիպուլյացիան ու երկակի խաղն է՝ միջազգային հանրության առջև հանդես գալ խաղաղասերի դիմակով, իսկ երկրի ներսում սեփական հասարակությանը սնել հայատյացությամբ։

Էջի բովանդակային ուսումնասիրությունը հստակ ցույց է տալիս, որ այն համակարգվում է Ադրբեջանի պետական մարմինների կողմից և նպատակ է հետապնդում տեղեկատվական տեռորի միջոցով հոգեբանական ճնշում գործադրել Արցախի բնակիչների վրա, իսկ էջի գրառումների տակ մեկնաբանությունները լցված են հայատյացության, հայերի նկատմամբ ատելության խոսքի մեծ ծավալով»։

1