Ադրբեջանը որեւէ կերպ չի համաձայնի, որ արցախցիների վերադարձի մասին որեւէ բառ անգամ նշված լինի ստորագրվելիք հնարավոր փաստաթղթում
Հանգստյան օրերին սոցցանցերում տեսանյութ տարածվեց, թե ինչպես են ադրբեջանցիներն օկուպացված Ստեփանակերտում ոչնչացնում արցախցիների ունեցվածքը։ Հայերի իրերը, անկողնային պարագաները, ուղղակի դուրս են նետվում պատուհանից։ Այս սարսափելի տեսարանը, եթե համադրենք պաշտոնական Բաքվի քայլերի ու հայտարարությունների հետ, պարզ կդառնա, որ Ադրդբեջանը մտադիր է օր առաջ նաեւ դեմոգրաֆիական տեսանկյունից փակել Արցախի հարցն ու բացառել արցախցիների՝ որպես միավոր վերադարձի հնարավորությունը, հատկապես այն պայմաններում, երբ Հայաստանի ամուլ իշխանություններն այդ ուղղությամբ ոչ մի քայլ չեն անում։
Ադրբեջանի կառավարությունն արդեն 17,7 մլրդ մանաթ կամ 10,4, մլրդ դոլար է հատկացրել «Լեռնային Ղարաբաղի վերակառուցման և վերականգնման ծրագրերին»։ Արդեն իսկ հայտարարվել է հայկական Շուշիում 105, իսկ Արցախի այլ շրջաններում 1727 ընտանիքի բնակեցման մասին։ Դեռ 2022-ի նոյեմբերին Բաքուն հայտարարել էր, որ «Մեծ վերադարձ» ծրագրի շրջանակում մինչեւ 2026-ը ավելի քան 34,000 ընտանիք, շուրջ 140,000 «տեղահանվածներ կվերաբնակեցվեն Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում»։ Իսկ այս տարվա հունիսին Ալիեւը խոսեց սեպտեմբերին Ստեփանակերտի բնակեցման մասին, հայտարարեց Աղդամ-Ստեփանակերտ երկաթուղու վերակառուցման ու «Ղարաբաղի համալսարան» բացելու մասին։
Բաքվի այս գործնական քայլերին պաշտոնական Երեւանը ոչինչ չի հակադրում՝ չնայած նրան, որ հասարակական-քաղաքական մակարդակում արցախահայերի վերադարձի խնդիրն առաջնային օրակարգի հարց է եւ այդ խնդրով հատուկ հանձնախումբ է ստեղծվել նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գլխավորությամբ։ Ու մինչեւ Նիկոլ Փաշինյանը վայելում է հեծանվասպորտը, իշխանության հանդեպ լոյալ ու պրոարեւմտյան դիրքավորվող ուժերը տարածում են թեզեր, համաձայն որոնց, եթե «խաղաղության պայմանագիրը ստորագրվի այս տարեվերջին, ապա արցախցիների վերադարձի խնդիրը 2025-ի հայկական օրակարգի առաջին հարցերից մեկն է լինելու եւ եթե ՀՀ իշխանություններն ու քաղաքական համայնքը կարողանան ճիշտ դիրքավորվել այս հարցում, ապա արցախցիների վերադարձը կարող է իրականանալ գալիք տարի»։ Այս միտքը Պահպանողկան կուսակցության քարտուղար Թաթուլ Մկրտչյանն է արտահայտել՝ հղում անելով Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի վերջին հայտարարությանը, որտեղ նա անդրադարձել էր խնդրին ու նշել, թե` «ԵՄ-ն ակնկալում է, որ Ղարաբաղի հայերը Բաքվի հետ ուղիղ կբանակցեն անվտանգ և արժանապատիվ վերադարձի շուրջ»։
«Հրապարակ»-ի հետ զրույցում բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը, կարծիք է հայտնում՝ Ադրբեջանը որեւէ կերպ չի համաձայնի, որ արցախցիների վերադարձի մասին որեւէ բառ անգամ նշված լինի ստորագրվելիք հնարավոր փաստաթղթում, քանի որ նրա նպատակը հարցը փակելն ու վերջակետ դնելն է, իսկ այն, ինչ հիմա տեղի է ունենում Ստեփանակերտում, դրա վկայությունն է։
Մասնագետն անհեթեթություն է համարում պրոարեւմտյան շրջանակների կողմից օրակարգ նետված նարատիվը։ «Փաստն այն է, որ մեր իշխանությունները հարցը չեն դնում: Արեւմուտքը, որի համար սեփականությունը սրբություն է, ձայն չի հանում։ Եթե Արեւմուտքը հիմա է լուռ, պետք է 2025 թվականի՞ն ինչ-որ բան խոսի։ Դա ուղղակի քարոզչական թեզ է, որը առաջ են տանում՝ մարդկանց մտքերը շեղելու համար, ասելու, թե ամեն ինչ լավ է լինելու, դեպի հարցի լուծում ենք գնում։ Սա նույն ձեռագիրն է, ինչ Հադրութ վերադարձի վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններն էին՝ 2021 թվականի ընտրություններից առաջ, եւ այն հայտարարությունները, թե մեր գերիները մի երկու ամիս կհամբերեն։ Սա նույն ցինիկ, մանիպուլյատիվ մոտեցումն է»-ասում է Մարտիրոսյանը ու հիշում Մագնիտսկու դեպքը, որին արեւմտյան արձագանքը չուշացավ;
«Մի փաստաբան կար՝ Մագնիտսկի ազգանունով, իհարկե, շատ վատ բան է, որ Ռուսաստանում՝ բանտում, նա մահացավ, բայց ԱՄՆ-ը անմիջապես խիստ սանկցիաներ մտցրեց։ Տեսեք՝ մեկ մարդ մահացավ, ենթադրաբար, նրա իրավունքները խախտվել էին, բայց ո՛չ քննություն էր եղել, ո՛չ մի բան, ԱՄՆ-ը սանկցիաներ մտցրեց, իսկ այս դեպքում 125 հազար մարդու ամենակարեւոր իրավունքը՝ կյանքի իրավունքից հետո, խախտվում է, ասում են՝ դրան կանդրադառնան, երբ պայմանագիր կնքվի»- շեշտում մեր զրուցակիցը՝ անլուրջ համարելով նման պնդումները։
Ինչ վերաբերում է Տոյվո Կլաարի հայտարարությանը, այն եւս բանակցային գործի մասնագետը թյուրիմացություն է համարում, որովհետեւ բանակցելու համար, նախ մյուս կողմը պետք է ընդունի դիմացի կողմին, բացի այդ, եթե ըստ Կլաարի, ԵՄ-ն միջնորդ է հանդիսանում, ապա կրկին, պետք է ճանաչի այդ բանակցային թիմը։ Եվս մի կարեւոր հանգամանք, որ շեշտում է Արթուր Մարտիրոսյանը՝ տեղահանված արցախցիների անունից ով էլ լինի բանակցողը, նրա համար բարդ է լինելու բանակցել մի կողմի հետ, որը Արցախի առաջնորդներին պատանդ է պահում։ Արմեն Մարտիրոսյանի խոսքով, Տոյվո Կլաարը նման է օլիմպիական խաղերի էստոնացի մարզիկին, որը թռիչք բարձրություն սպորտաձեւում բարձր նշաձող դրեց ու վայր ընկավ։
«Տոյվո Կլաարը հասկանում է, որ ոչ մի բանակցություն չի լինելու, ոչ թե նրա համար, որ հայկական կողմը չի ուզում, այլ նրա համար, որ որպես միջնորդ, ԵՄ-ն ոչինչ չի արել, որ լինի այդպիսի բանակցություն, ոչինչ չի արել՝ ստիպելու Ադրբեջանին։ Դա ընդամենը ցինիկ հայտարարություն է, որովհետեւ իրավունքները դրանց մասին խոսելով չեն պաշտպանում, այլ դրանց պաշտպանությանն ուղղված քայլերով: Եթե Տոյվո Կլաարի հայտարարությունը լուրջ լիներ, նա կասեր, թե ինչ է լինելու, եթե ադրբեջանական կողմը ապահով պայմաններ չստեղծի, իսկ թե ինչ է այդ մասին մտածում եւ ասում Ադրբեջանը, մենք լավ գիտենք` Կլաարին տրված Բաքվի պատասխանից»-շեշտում է մեր զրուցակիցը։
Արթուր Մարտիրոսյանը բացատրում է՝ եթե Արեւմուտքն ասի, որ արցախցիները փախստական են, ապա պետք է նշի, թե ինչու են փախստական, իսկ դա կնշանակի արձանագրել, որ Արցախում էթնիկ զտում է տեղի ունեցել, հետեւաբար, հարց կառաջանա՝ այդ դեպքում, ինչո՞ւ չկա պատասխանատվություն եւ պատժամիջոց։
Նմանատիպ հայտարարություններով, ըստ Մարտիրոսյանի, մարդկանց զբաղեցնում են։ Գլխավոր խնդիրն այն է, որ Տոյվո Կլաարն ու մյուսները շատ լավ գիտեն՝ Ադրբեջանը չի կատարել միջազգային դատարանի որոշումները, բայց դա ապահովելու համար Արեւմուտքը ոչ մի միջոց չի ձեռնարկել։ Եվ ամենակարեւորը՝ որպես գաղափար, սեփականությունն Արեւմուտքի համար արժեք է, ուստի նա հենց այսօր պետք է արձագանքեր՝ շեշտելով, որ Ադրբեջանն իրավունք չունի ձեռք տալ մարդկանց սեփականությանը, որովհետեւ նրանք վերադառնալու են։